Եթե մարդը 1-2 հոգու չի կառավարել, չի կարող լինել նախարար

Եթե մարդը 1-2 հոգու չի կառավարել, չի կարող լինել նախարար
Վարդան Մարաշլյան

«Հրապարակ»-ի հարցազրույցը ՀԽ անդամ, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի նախագահ Վարդան Մարաշլյանի հետ

- Պարոն Մարաշլյան, սփյուռքի նախարարությունը վերածվեց հանձնակատարի գրասենյակի, որը, ըստ տարբեր գնահատականների, բավականին ուռճացված կառույց է։

- Իմ կարծիքով՝ օպտիմալ կառույց չէ, որն աշխատելու է սփյուռքի հետ։ Նախ՝ սա վարչապետին ենթարկվող կառույց է, եւ ստացվում է, որ այս պահին սա միակողմանի ճանապարհ է։ Այս կառույցը վարչապետին ներկայացնում է առաջարկություններ քաղաքականության վերաբերյալ, եւ դրա հիման վրա պետք է ձեւավորվի Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր օրակարգ։ Ես մի քիչ այլ կերպ էի պատկերացնում` ենթադրում էի, որ այդ օրակարգը պիտի ձեւավորվի երկկողմանի․ երբ նոր թիմի կողմից Հայաստան-Սփյուռք հարաբերությունների  նախնական կոնցեպտն արդեն ձեւավորված լիներ, թիմի կողմից բանակցություններ կվարվեին սփյուռքյան խոշոր կազմակերպությունների եւ network-ների ցանցերի հետ, դրանից հետո նոր կառաջարկվեին ինստիտուցիոնալ լուծումներ։ Բայց տեղի ունեցավ հակառակը՝ տեղի ունեցան ինստիտուցիոնալ փոփոխություններ, որոնք ինձ համար էդքան էլ հիմնավորված չեն։ Սակայն այն փաստը, որ նշանակել են Զարեհ Սինանյանին, եւ իր թիմի անդամներից մի քանիսին ճանաչում եմ պրոֆեսիոնալ տեսանկյունից, հույս է ներշնչում, որ կլինի այն կառույցը, որը կկարողանա պրոֆեսիոնալ ձեւավորել օրակարգ։ Ժամանակը խիստ կարեւոր է, եւ եթե այս ժամանակը բաց թողնենք նոր օրակարգ ձեւավորելու առումով, շատ լուրջ խնդիրների առաջ կկանգնենք։

- Զարեհ Սինանյանի նշանակումը սփյուռքի գործերի հանձնակատարի պաշտոնում դրական եք գնահատում, մինչդեռ սփյուռքից դժգոհություններ կան։ Դժգոհ են նաեւ նրանից, որ Սինանյանը դաշնակցական է։ Եվ որ այս պաշտոնյան ԱՄՆ-ում ավարտել է իր կարիերան ու այդ պատճառով վերադարձել։

- Կարող եմ խոսել միայն նրա մասին, ինչ հաստատ գիտեմ, չեմ անելու ենթադրություններ, որովհետեւ դա համարում եմ մեր ազգի կարեւորագույն պրոբլեմներից մեկը։ Իր քաղաքական պատկանելության մասին, ճիշտն ասած, չեմ լսել։ Ինչ վերաբերում է, որ դեմ են․ որ շրջանակներից էլ լիներ հանձնակատարը, ինչ-որ շրջանակներ դեմ էին լինելու, եթե Հայաստանից լիներ, ասելու էին՝ ինչո՞ւ դասական սփյուռքից չէ։ Եթե Ռուսաստանից լիներ՝ ինչո՞ւ այլ համայնքներից չէ։

- Իսկ տպավորություն չունե՞ք, որ սփյուռքից նոր Հայաստան են գալիս  նաեւ ոչ պատրաստված մարդիկ, պարզապես՝ «սփյուռքի քվոտայով»։ Մասնավորապես, մի «սիրուն աղջիկ» Տաթեւիկ Ռեւազյանը, որի նշանակման հետ չգիտես թե ինչ հույսեր էին կապում՝ բաց երկնքի քաղաքականություն, բյուջետային ավիաուղիներ։ Սրանից եւ ոչ մեկը տեղի չունեցավ։

- Ես կընդհանրացնեմ խնդիրը, որովհետեւ այն ընդհանրապես կառավարման ոլորտում մասնագետների որակն է։ Եվ չէի էլ բաժանի նոր եկածներին եւ տեղի պաշտոնյաներին, որովհետեւ մենք դարեր շարունակ չենք ունեցել համակարգ, երբ լավագույններն են ընտրվում աշխատելու եւ ծառայելու պետական համակարգում։ Այդ խնդիրը լուրջ է, որովհետեւ հեղափոխությունը կամ իշխանափոխությունն ունի իր սպեցիֆիկան։ Եվ այդ յուրահատկությունն այն է, որ առաջին շրջանում, ամեն դեպքում, նոր իշխանությունը փորձում է ձեւավորել կադրերը՝ լոյալ մարդկանց ներառելով։ Եվ չունենալով մասնագետների լուրջ ռեզերվ, շեշտադրումը դնում է լոյալության վրա։ Որոշ ոլորտներում տեսնում եմ շատ լավ նշանակումներ, սակայն, հիմնականում, եթե մարդկային առումով լավն են, թույլ են պրոֆեսիոնալ կամ կառավարման տեսանկյունից։ Եվ, անկեղծ, ես չեմ հավատում, որ եթե մարդը 1-2 հոգու չի կառավարել, ոչ մի կորպորատիվ կարիերա չի անցել, կարող է, ենթադրենք, լինել նախարար, փոխնախարար կամ վարչության պետ։ Ես տեսնում եմ դրական փոփոխություններ, բայց ոչ այն տեմպերով։

- Իրենք ասում են՝ «բայց մենք մաքուր ձեռքեր ունենք»։

- Մաքուր ձեռքերի առումով մի քիչ քաղաքական թեմաների մեջ պետք է մտնենք, ինչը չէի ուզենա անել, որովհետեւ ՀԿ-ի ղեկավար եմ։ Բայց, ինչեւէ, 90-ականներին էլ էին այդ բանն ասում՝ մաքուր մարդիկ, ինտելեկտուալներ, բայց մենք տեսանք, որ համակարգն էնպիսին է, որ եթե մարդը փորձառու չէ, գայթակղությանը դիմանալ շատ դժվար է։ Ես չեմ ասում, որ այդպես կլինի, հույս ունեմ, որ այդպես չի լինի, բայց, որպեսզի նման խնդիրներ չլինեն, արդեն հիմա պետք է լուրջ, պրոֆեսիոնալ կադրային քաղաքականություն իրականացնել եւ պրոֆեսիոնալ մարդկանց աշխատանքի ընդունել։

- Սփյուռքից սկսել են ավելի բարձր ձայնով պահանջել ընտրելու եւ ընտրվելու իրավունք՝ երկքաղաքացիների համար։ Ծանոթ եք, երեւի, բոլոր փաստարկներին ու հակափաստարկներին։

- Մենք դեռեւս նախորդ կառավարությանը 2016-ից ներկայացրել ենք առաջարկներ հայրենադարձության քաղաքականության վերաբերյալ։ Եվ կետերից մեկը եղել է այն, որ մեր հայրենակիցներին տրվի նման հնարավորություն։ Այստեղ մի քանի նրբություն կա, եւ առաջինն այն է, որ, ամեն դեպքում, Հայաստանից դուրս ապրողների թիվը բավականին մեծ է, եւ իրենք, ապրելով այդ երկրում, այդ երկրների քաղաքականության, մշակութային ազդեցությունների տակ ընկնում են։ Սա կա, չեմ հերքում, բայց, մյուս կողմից, պետք է հասկանալ, որ եթե ուզում եք սփյուռքի հետ հարաբերություններ ձեւավորել, եթե 2 միլիարդ դոլարից ավելի տրանսֆերտ եք ստանում, ուրեմն իրենց որոշակի արտոնություններ ու լծակներ տաք՝ ազդելու ներքին քաղաքականության վրա։ Չի կարելի մենակ օգտվել գումարներից, բայց երբ հարցը հասնում է իրավունքներին, ասել՝ չի կարելի։

- Եթե իրենք դրսում են ապրում եւ տեղյակ չեն Հայաստանի իրական կյանքի նրբություններին՝ որպես ապրող, ոչ թե զբոսաշրջիկ, հիմա նոր Հայաստանին նայում են վարդագույն ակնոցներով, ուրեմն ինչո՞ւ պետք է ազդեն Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա, որոշիչ ձայն ունենան երկրում, որտեղ չեն ապրում։

- 80-ից ավելի երկիր տալիս է այդ՝ քվեարկության իրավունքը, բայց շատ երկրներ կիրառում են տարբեր տեսակի սահմանափակումներ։ Օրինակ՝ կարելի է սահմանել, որ այն մարդը, որ ՀՀ-ում չի գտնվել 5 տարի՝ մշտապես, չի կարող քվեարկել։ Մինչեւ 5 տարի իրավունք ունի քվեարկելու։ Եվ այն ունենում է միայն այն դեպքում, եթե գալիս է Հայաստան ու քվեարկում Հայաստանում։ Եվ երկրորդ․ կարելի է հասկանալ՝ ինչ եղանակով են մարդիկ քվեարկելու, որովհետեւ այդտեղ էլ տարբերակներ կան միջազգային պրակտիկայում․ մարդը կարող է քվեարկել փոստով, կարող է գնալ հյուպատոսարաններ, դեսպանատներ ու այնտեղ քվեարկել եւ կարող է մասնակցել էլեկտրոնային քվեարկությանը։ Ես կարծում եմ, որ այս պահին ամենաընդունելի տարբերակը դեսպանատներում քվեարկության կազմակերպումն է, որով մի կողմից  հնարավորություն կտանք մեր հայրենակիցներին՝ մասնակցելու ընտրություններին, մյուս կողմից էլ իրոք կսահմանենք այն մարդկանց թիվը, որոնք վաղուց ինտեգրվել են այլ հասարակությունների եւ Հայաստանի հետ ֆորմալ իմաստով կապը չեն պահպանում։ Միշտ յուրաքանչյուր լուծում ունի դրական եւ բացասական կողմեր։

- Հեղափոխությունից հետո «Վերադարձ Հայաստան»-ով ի՞նչ միտումներ եք արձանագրում։ Ավելացե՞լ է Հայաստան եկողների թիվը։

- Նախորդ տարի մեզ դիմողների թիվը եղել է 800, դրանից առաջ՝ 500- 600։ Սրանք այն դիմողներն են, որոնք ֆիզիկապես եկել են մեր գրասենյակ եւ ասել են, որ նոր են տեղափոխվել կամ պլանավորում են տեղափոխվել։ Այսինքն, մեր գնահատմամբ՝ մոտ 1500 հոգի տարեկան գալիս է Հայաստան՝ մշտական ապրելու համար։ Ասեմ, որ աշխարհագրությունն էլ է փոխվել, որովհետեւ առաջին տարիների մեր աշխատանքը համընկավ Սիրիայում ճգնաժամի հետ։ Հիմա այդպես չէ։

- Ի դեպ, ՔՊ-ն ուներ ներգաղթի ծրագիր դեռ ընդդիմադիր ժամանակներից։

- ՔՊ-ն չունի ներգաղթի ծրագիր։ Վարչապետն անցած տարվա մայիսին հանդես է եկել կոչով, որ հայրենադարձությունը պետք է դառնա նոր ազգային գաղափարախոսություն։ Դրանից հետո հունվար ամսին մենք տեսանք ծրագիրը, որտեղ հայրենադարձության մասին շատ թռուցիկ նշվում է, որ պետք է աջակցել։ Սա բավարար չէ։ Դրանից հետո վարչապետը ելույթ ունեցել է, ասել է՝ մենք ընդհանրապես պետք է կրկնապատկենք Հայաստանի բնակչությունը 20 տարվա ընթացքում։ Այսինքն՝ կարող եմ արձանագրել, որ հայտարարելը շատ քիչ է, եւ դա շատ բարդ գործընթաց է ու ենթադրում է ոչ միայն ֆինանսական ռեսուրսներ, այլեւ ինստիտուցիոնալ պատրաստակամություն։