65 հազար անգամ սխալների մասին լսելուց հետո նորից նույն սխալներն են անում

65 հազար անգամ սխալների մասին լսելուց հետո նորից նույն սխալներն են անում

«Հրապարակի» զրուցակիցը «Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանն է:

- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մեկուկես ամիս պայքարում էր Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, սակայն նա շարունակում է պաշտոնավարել, իսկ շարժումն այժմ ակտիվ փուլում չէ: Կարո՞ղ եք արձանագրել, որ շարժումն ավարտվեց, առանց էական հաջողություններ արձանագրելու:

- Խոշոր հաշվով, այն ժամկետները, պլանները, որոնք նախանշված են եղել, ո՛չ արդյունքների, ո՛չ էլ ժամկետների տեսանկյունից չենք կարող ասել, որ իրականացված են: Որքանով ես եմ հետեւել պրոցեսների կազմակերպիչների հայտարարություններին, տպավորություն է, որ իրենք նախատեսել են մնալ դաշտում` որպես երկար խաղացողներ` նոր առիթներով, նոր թեմաներով: Եթե պրակտիկ նայենք, այս փուլը, այո, ավարտված է, անկախ նրանից, թե ով ինչ գնահատական կհնչեցնի, առանց հաջողությունների: Եթե սրբազան հայրը կամ շարժման մյուս մասնակիցներն ու առաջնորդները նախատեսել են դաշտի երկարաժամկետ սուբյեկտ, քաղաքական գործոն մնալ, ապա դա արդեն այլ խոսակցության թեմա է, եւ այդտեղ հաջողությունները կարող են փոփոխական լինել կամ առհասարակ չլինել:

- Կան տեսակետներ, որ, ամեն դեպքում, այս շարժումն իր դրական դերը խաղաց: Ըստ Ձեզ, ո՞րն էր դրականը:

- Այո, իրականում կան մի քանի շատ կարեւոր հաջողություններ: Պրոցեսի սկզբնական ձեւավորման փուլում մենք տեսանք, որ իռացիոնալ «ալերգիաների» մթնոլորտն էապես մեղմվել է: Մարդիկ իրար հետ գործ չանելու հիմնական պատճառ չդիտարկեցին այն, որ ինչ-որ մեկը պուճուր ժամանակ ինչ-որ մի բան է արել, ինչը դուր չի եկել ինչ-որ մեկին: Բոլորը բոլորի հետ ինչ-որ կերպ շփվում եւ մտածում էին, թե ինչ կարելի է անել: Այլ հարց է, որ հետո դիրքեր, խրամատներ ձեւավորվեցին, հայացքներ, մոտեցումներ, առաջարկներ, որոնք ընդդիմադիր դաշտը նորից խմբերի բաժանեց, բայց դա բնական երեւույթ է, 100 տոկոսանոց ոչինչ չի լինում: Բայց այն, որ նոր սաղմնավորման շրջանում բոլորը բոլորի հետ պատրաստ էին միասնական լինել, գործ բռնել, կարծում եմ` կարեւոր արդյունք է, հետագայի համար՝ նաեւ պիտանի: Այն լեվլը, որ դուք պուճուր ժամանակ մի բան եք արել, որի հետ ես համաձայն չեմ, ուստի ձեզ հետ չեմ, կարող ենք համարել հաղթահարված:

- «Պուճուր ժամանակվա» գործողություններ ասելով` 2018-ի դեպքերը, հավանաբար, նկատի ունեք, այն, որ երբեմն ընդդիմադիրներն իրար երեսով են տալիս, «Դու մասնակցել ես հեղափոխությանը, դու չես մասնակցել» եւ այլն:

- Չեմ կարծում, թե թոփ մեկ մեղքը հեղափոխությանը մասնակցելն է եղել: Մարդիկ շատ տարբեր բաների մեջ են իրար մեղադրում՝ թե՛ 2018-ից առաջ եւ թե՛ հետո: Ամեն դեպքում, այս շարժման ընթացքում բոլորի մտքերը կենտրոնացել էին նույն ուղղությամբ, եւ փորձում էին այնպես անել, որ անվտանգության սպառնալիք հանդիսացող կառավարության խնդիրը լուծեն: Մյուս դրական արդյունքը, որը կարող ենք արձանագրել, անկախ բոլոր, երբեմն բարկացնող ու վիրավորական սխալներից, վերջին 5 տարվա ընթացքում ոչ մի այլ պրոցես Նիկոլ Փաշինյանի ու իր քաղաքական թիմի ներուժն այսչափ չի մաշեցրել: Ես լիքը խոր անհամաձայնություններ եմ ունեցել այս պրոցեսների հետ եւ ինձ դուրս եմ մղել շարժման գործընթացներից: Տեսանելի քարոզչական աջակցություն նույնպես չեմ ցուցաբերել, մի քանի անգամ ուղղակի գրառում եմ արել: Անկախ նրանից` համաձայն ենք շարժման պրոցեդուրաների հետ, թե համաձայն չենք, պետք է արձանագրել, որ ոչ մի այլ պրոցես` 2018-ից հետո, այս աստիճան չի մաշեցրել Նիկոլ Փաշինյանի քարոզչական ինֆրաստրուկտուրան եւ հեղինակությունը, որքան այս շարժումը: Ուղղակի ցանկացած բան կարելի է ավելի գրագետ ձեւով անել ու ավարտին հասցնել, որպեսզի ստեղծված արդյունքները քո սեփական ձեռքերով չքանդես:

- Ասում եք, որ շարժումը Ձեզ համար վիրավորական, բարկացնող կողմեր է ունեցել: Որո՞նք են դրանք, ինչպե՞ս էին արտահայտվում:

- Ինձ համար` 65 հազար անգամ սխալների մասին լսելուց հետո նորից նույն սխալները տեսնելը վիրավորական է:

- Ո՞ր սխալները:

- Հազար հատ սխալ կա: Այս տարիների ընթացքում միշտ ասել եմ ընդդիմադիրներին` չի կարելի պատը պատին դեմ տալ, չի կարելի ժողովրդին դեմ տալ ոստիկանական պատին: Այդ իրավիճակից հաղթող դուրս եկած ընդդիմադիրներ դեռեւս չեն եղել` 30 տարվա մեջ: Ոչ մի ընդդիմադիր այդ պայքարում հաղթող չի եղել, բայց ամեն մեկն իր սրբազան պարտքն է համարում ժողովրդին դեմ տալ ոստիկանական պատին՝ հայտնվելով մի իրավիճակում, որ «զադնի դնելով»` պարտվում ես, առաջ գնալով` անիմաստ կորուստներ տալիս: Ամենաոգեշնչված զանգվածն այդ պարագայում կա՛մ գնում է բանտ, կա՛մ հիվանդանոց…. չի կարելի մտնել նման գործընթացի մեջ, դա հիմարություն է, բայց ամեն անգամ մարդիկ նման բան են անում, հետո սպասում հաջորդ շանսին, որ նորից նույն սխալն անեն: Տեխնոլոգիական այնքան սխալներ կարող եմ ասել, որ արդեն տեսություն են դարձել՝ 60 հազար եւ ավելի անգամներ արձանագրվելով: Նորից գնում ու նույն սխալներն անում են, իսկ դա ինձ համար վիրավորական է, քանի որ ես մարդ եմ, ով ուզում է փոփոխություն, ժամանակ, էներգիա, ուղեղ է ներդնում….

- Պատճառը դա՞ է, որ Փաշինյանը չհեռացավ: Իսկ ի՞նչ եք կարծում` առաջիկայում կլինե՞ն նոր պրոցեսներ:

- Բոլոր պարամետրերը նույնը թողնելու դեպքում` ոչ, չի կարող նոր պրոցես լինել, բայց քաղաքական դաշտը, ամեն դեպքում, նոր խմորումների մեջ է` կծնվեն նոր գաղափարներ, կամ հինը կվերաձեւակերպվի, կյանքը չի ավարտվում` շանը սատկել չկա: Որ այսքան տարի, տարբեր պրոցեսների դեմ լինելով, կարողացել ենք դիմանալ, ձգել, հաջողություններ ունենալ, նորից կարողանալու ենք: Այն հայտարարությունները, որ սա մեր վերջին շանսն էր, սխալ է, լուրջ խոսակցության թեմա ու ասելու բան չէ: Եթե ճիշտ մոտեցումներով ու ճիշտ կառուցվածքով մարմին կպնի պրոցեսին, կարող է հաջողություն լինել, բայց եթե նույն մտքերով ու կազմակերպչական որակներով նույն բանն ենք անելու, ինչ անում ենք հինգերորդ անգամ, ունենալու ենք նույն արդյունքները, գուցե՝ մի բան էլ ավելի վատ: Ինչո՞ւ մարեց շարժումը․ նախ՝ որովհետեւ չարվեցին տնային աշխատանքներ, սա տեսության, փորձի ուսումնասիրության եւ կազմակերպչական որակներ ձեւավորելու գործ է: Եթե չես կարդում կամ առնվազն քո աչքի առաջ եղածը չես կարողանում տեսության վերածել՝ հասկանալու համար, թե ինչն ինչի համար է աշխատում, չես հաջողելու: Շարժումն այս առումով տոտալ բացեր է ունեցել: Շարժումը, որպես սոցիալական բազա, հենվել է նույն այն հասարակական հատվածի վրա, որի վրա հենվել են 2018-ին հաջորդած բոլոր շարժումները, մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ սոցիալական բազան լավ բազա է, բայց բավարար չէ, պետք է լիբերալ-դեմոկրատական հայացքներով քաղաքացիներին էլ ներգրավել պրոցեսների մեջ:

- Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ հասարակության բոլոր շերտերն անխտիր կարող են միանալ շարժմանը:

- Ընդդիմադիր շարժումը քաղաքացիներին «ադալժենի» չպետք է անի մի բանի, որի պատճառով նա կարող է կյանքն ու ազատությունը վտանգի տակ դնել: Հասարակությունն ինքն է «ադալժենի» անում ընդդիմադիր շարժումներին` միանալով դրանց: Եթե ուզում ես հանրության տարբեր շերտերից աջակցություն ստանալ, ապա չես կարող թքել դրանց վրա: Երբ սկսում ես թքել կարեւոր օրակարգերի վրա ու ասում ես, որ բոլոր հայերով պետք է միասնական լինել, ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, ժողովուրդն էլ հեռվից ասում է` «էս ինչ գեղեցիկ ժպիտ ունեք»:

- Իսկ որտե՞ղ է արտահայտվել այդ ամենը:

- Ամենայն հարգանքով սրբազանի հանդեպ, ես նրան շատ եմ սիրում ու գնահատում ու սիրելու եմ միշտ, եթե կյանքը նրան այլ ճանապարհով տարած լիներ, նրա խարիզման ու մարդկային որակները լավ քաղաքական գործչի որակներ են, բայց մարդն անցել է հոգեւորականի ուղիով: Երբ հոգեւորականին դնում ես պրոցեսի մեջտեղում` որպես վարչապետի թեկնածո, ոչ թե ուղղակի առաջնորդ, երբ ուղերձ ես տալիս, որ մեզ պետք չէ քաղաքացիական հասարակություն, մեզ պետք է բարոյական հասարակություն, երբ քեզ հազար անգամ ասում են, որ իշխանությունը չպետք է սակրալ բնույթ ունենա, որովհետեւ դեմոկրատական հասարակության համար իշխանությանը քննադատելը ճիշտ է, բայց դու անում ես հակառակը, ստանում ես նման պատկեր: Այսքանը բացատրելուց հետո մարդիկ ընտրում են կարգախոս․ «Սրբազան՝ վարչապետ»։ Երեւույթ, ինչը հակասում է դեմոկրատական հասարակություններին, ստացվում է, որ չի կարելի վարչապետին քննադատել:

- Բայց սրբազանն ասաց, որ այլեւս հանդես չի գա որպես հոգեւորական, եթե հաջողության հասնի:

- Օքեյ, որպես հոգեւորական հանդես չի գալու, բայց նրա աշխարհընկալումը ձեւավորվել է որպես հոգեւորականի, ճգնավորականի: Երբ այդ պրոցեսների արդյունքում կարգախոս է դառնում «Սրբազան՝ վարչապետ»-ը, իրեն մոտիկից չճանաչող, իր ներքին արժեքները չիմացող մարդը, զանգվածն իր համար դարձնում է կարմիր դրոշակ այդ հանգամանքները: Մարդիկ մտածում են, որ զոռով հասել են մի կետի` կարողանում են նաեւ վարչապետին քֆուր տալ, հիմա ուզում են այնպես անել, որ նորից հետ գնանք: Կարող ենք այդ մարդուն ասել «նիկոլական ժեխ, քեզ համար վարչապետին քննադատելը թուրքական վիլայեթ դառնալուց կարեւոր է», բայց դրանից բան չի փոխվում:

- Նիկոլ Փաշինյանն էլ ուներ լիբերալ, ազատական հայացքներ, բայց այսօր իրեն քննադատելու համար մարդկանց է դատում:

- Այո, այդպես է միանշանակ: «Սրբազան՝ վարչապետ» կարգախոսն ամեն դեպքում սիգնալ է, որ գալիք իշխանությունը լինելու է սակրալ: