Անվտանգության ապահովո՞ւմ, թե՞ սպառնալիքներ

Անվտանգության ապահովո՞ւմ, թե՞ սպառնալիքներ

Մեկ-մեկ զարմանում եմ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշ բաներ չի հասկանում: Նա խոստանում է Հայաստանին հակաօդային պաշտպանության համակարգեր (ռադարներ) տրամադրել: Ֆրանսիայի ու Հայաստանի պաշտպանության նախարարները նույնիսկ պայմանագիր են ստորագրում: Ու Ֆրանսիայի նախագահին թվում է, թե դրանով ապահովվելու է Հայաստանի անվտանգությունը: Երեւի ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը չի կարողացել նրան հստակ բացատրել, որ իրեն անհրաժեշտ է ոչ թե ֆրանսիական սպառազինություն, այլ այդ սպառազինությամբ ֆրանսիական զինվոր Հայաստանում: Քանի որ, նախ, ֆրանսիականից ոչ պակաս արդյունավետ սպառազինություն ինքն ուներ երկրում, բայց անընդհատ պարտություն է կրում թշնամուց: Եվ երկրորդ․ ինքն արդեն չի կարող հույս դնել ՀՀ սահմանները պաշտպանող ռուսական զինվորի վրա: Իհարկե, լռության կմատնի այն հանգամանքը, որ դրա պատճառն իր վարչապետության հինգ տարում Ռուսաստանի հետ հարաբերությունները ք....ջ անելն էր: Հատկապես, որ վարչապետ էր կարգվել հենց այդ նպատակով՝ հույս ունենալով, ասենք, ֆրանսիացի զինվորով փոխարինել ռուսին: Դա հենց չի հասկանում պարոն Մակրոնը:

Շարունակենք: Վերջինս Բաքվին իրավացիորեն մեղադրում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգ ստեղծելու մեջ: Բայց նա չի հասկանում, որ իր արածը հակառակ արդյունք է առաջացնում: Հայաստանին ՀՕՊ համակարգեր վաճառելն է հենց առաջացնում անվտանգային սպառնալիքներ Հայաստանի համար: Ինչն արտահայտվում է մեզ թշնամի պետության պաշտոնական հաղորդագրություններում: Խնդրեմ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարություններից մեկը. «Ֆրանսիան պետք է դադարեցնի իր նենգ քաղաքականությունը՝ ուղղված ագրեսիվ Հայաստանին աջակցելուն եւ զինելուն, որը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»: Չեմ քննարկում, թե որքան է ճշմարիտ այն դատողությունը, թե Հայաստանին զինելը խոչընդոտում է խաղաղության հաստատմանը: Ընդամենը արձանագրենք, որ «ագրեսիվ Հայաստանին զինելը», Իլհամի ասելով, ստեղծում է անվտանգային սպառնալիքներ: Իսկ նման կարգի հայտարարություն բազմիցս է հնչել Բաքվում: Եվ այն, ինչ հնչում է Բաքվում, սովորաբար կյանքի է կոչվում, համենայնդեպս՝ այնքան ժամանակ, որքան վարչապետ է մնում Նիկոլը:

Դա նշանակում է, որ մի օր Բաքուն կփորձի կյանքի կոչել ագրեսիվ Հայաստանին պատժելու իր մտադրությունը: Իսկ եթե դա պատահի, ապա ի՞նչ է անելու ֆրանսիական սպառազինությունը: Լուրջ հարց եմ տալիս՝ այն ինքն իրե՞ն է կրակելու եւ խոցելու ադրբեջանական տեխնիկան ու զինուժը: Իհարկե, ոչ, ու դա չի խանգարելու ադրբեջանական զինուժին՝ գրավելու հերթական հայկական «անբնակ տարածքներն ու սեւլճերը»: Իսկ եթե դա տեղի է ունեցել մի քանի անգամ, ապա ինչո՞ւ չի կարող կրկնվել նաեւ ֆրանսիական սպառազինություն ունենալու դեպքում: Չէ՞ որ ի պաշտոնե ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարը դեռեւս այն անձն է, ով մինչեւ այժմ առաջնորդվել է սեփական «փիլիսոփայական» դատողությանը համապատասխան վարքագծով: Ըստ որի՝ մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպան լինելու մեջ է: Ընդ որում՝ դա ես չեմ հնարել, դա 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո նրա ողջ գործունեության լեյտմոտիվն է (լեյտմոտիվ՝ անընդհատ կրկնվող ու ընդգծվող հիմնական սկզբունք): 

Վերջաբանի փոխարեն. եթե պատկերացնենք, որ այդ լեյտմոտիվի առկայության պարագայում ֆրանսիական սպառազինության մատակարարումն ավելի է գրգռում Հայաստանից տարածքներ զավթելու Իլհամի ախորժակը, ապա պարզ չէ՞, որ դրանով ոչ թե մեր անվտանգությունն է ապահովվում, այլ անվտանգային լրացուցիչ սպառնալիքներ են ստեղծվում: Կա նաեւ մեկ այլ խնդիր. 45 միլիոն դոլարանոց ֆրանսիական երեք ռադարներն օգտագործվելո՞ւ են տեղը տեղին, եթե առաջանա դրանց անհրաժեշտությունը, թե՞ այնպես, ինչպես «օգտագործվեցին» 4-րդ սերնդի ռուսական լավագույն ՍՈՒ-30ՍՄ կործանիչները: Որոնք գնվել էին 44-օրյա պատերազմի նախօրեին՝ 100 միլիոն (թե՞ 120 միլիոն) դոլարով: Իսկ որպեսզի վերն ասվածը կյանքի չկոչվի, անհրաժեշտ է լուծել միաժամանակ հստակ եւ բարդագույն խնդիր՝ ազատել կապանքներից ՀՀ վարչապետի աթոռից կապված անձին: