Երկիր, որտեղ ամենանշանակալի իրադարձությունը պարեկային ծառայության մեկնարկն է

Երկիր, որտեղ ամենանշանակալի իրադարձությունը պարեկային ծառայության մեկնարկն է

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արմավիրի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում ոստիկանության պարեկային ծառայությունների աշխատանքի մեկնարկին: Իսկ ուրիշ ի՞նչ միջոցառման կարող է մասնակցել Նիկոլ Փաշինյանը. Հայաստանում միակ կարեւոր եւ նշանակալի իրադարձությունը՝ առնվազն վերջին տարիների նրա պաշտոնավարման ընթացքում, պարեկային ծառայության գործունեության մեկնարկն է: Փաշինյանն իշխանության սկզբնական շրջանում մասնակցում էր ինչ-որ գործարանների բացումների, հետո պարզվեց, որ դրանք ֆեյք գործարաններ են` Հայաստանում ո՛չ մեքենա արտադրվեց, ո՛չ սառնարան ու հեռուստացույց: Հիմա մասնակցում է որոշ ճանապարհների ասֆալտապատման մեկնարկին, ինչը եւս կապված է պարեկային ծառայության աշխատանքի հետ, այդ ճանապարհները կառուցվում են պարեկների անարգել երթեւեկը կազմակերպելու համար, որ նրանք կարողանան տուգանել փաշինյանական իշխանության զոհերին:

Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանում չեն կառուցվել եւ չեն կառուցվի արդյունաբերական ձեռնարկություններ, էներգետիկ ենթակառուցվածքներ, գիտական, կրթական կամ մշակութային կենտրոններ: Նման բան Հայաստանին պետք չէ, պետությունը դրա վրա փող չի ծախսի, որովհետեւ արդյունաբերության, կրթության կամ գիտության զարգացումը վտանգում է Փաշինյանի իշխանությանը, ընդհանրապես՝ երկրի զարգացումը վտանգում է այս իշխանության գոյությանը, դրա համար Փաշինյանը Հայաստանը գլորում է հետ, միջնադարյան խավար, որտեղ միայն ինքն իշխանություն պահելու հնարավորություն կունենա: Հայաստանը չի կարող դառնալ գիտական եւ արդյունաբերական երկիր, այն դառնում է ոստիկանական երկիր, ոստիկանապետություն, դրա համար էլ Փաշինյանը կարեւորում է ոստիկանական հերթական ստորաբաժանումների գործարկումը: Հայաստանի բյուջեն 20 միլիարդ է հատկացրել այս ծրագրի իրականացմանը, եւս 6 միլիարդ՝ Միացյալ Նահանգները, 3 միլիարդ էլ Եվրամիությունն են տվել: Այս համամասնությունը ցույց է տալիս, թե ով որքանով է շահագրգռված Հայաստանում ոստիկանապետության ստեղծման գործում: Առաջին շահառուն, իհարկե, Փաշինյանն է, հետո` ԱՄՆ-ն, ապա` ԵՄ-ն: Փաշինյանի ոստիկանապետությունն արտաքին շահառուներ էլ ունի․ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն ԵՄ անունից իր ամուր աջակցությունն է հայտնել «վերջին տարիների ընթացքում օրենքի գերակայությանն ուղղված բարեփոխումներին»` նշելով, որ դրանցից մեկն էլ պարեկային ծառայության ստեղծումն է: Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի բռնապետություն, ԵՄ-ն ամուր աջակցություն է հայտնում բռնապետին, քանի որ բռնապետն իրենց դրածոն է: Փաշինյանն ասում է, որ հաջորդ խոշոր առաջընթացը կլինի առաջիկայում եւս 300 պարեկի աշխատանքի ընդունումը:

Սա իսկապես առաջընթաց կլինի, բայց ոչ թե Հայաստանի, այլ՝ Փաշինյանի իշխանության համար: Օրինակ, եթե մինչեւ սեպտեմբերի 17-ի Երեւանի ավագանու ընտրությունները Երեւանում մի 1000 պարեկ ավելի ընդունած լինեին աշխատանքի, չէին մնա «Հանրային ձայն» կուսակցության հույսին, որակյալ մեծամասնություն կունենային եւ կկարողանային ասել, որ ունեն Երեւանի բոլոր պարեկների եւ քրեական տարրերի աջակցությունը: 
Նայում ես, թե ինչով են զբաղված ուրիշ երկրների առաջնորդները, ինչ ծրագրեր են իրականացնում, մտովի համեմատում ես սրանց վարքագծի հետ ու հասկանում ես, որ Հայաստանն ուղղակի դատապարտված է: Վերջերս հայտարարվեց, որ Միացյալ Նահանգները Հայաստանում կարող է մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցել, որ թուլացնի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: Ռուսաստանը եւս հետաքրքրություն դրսեւորեց այդ ոլորտում Հայաստանի հետ համագործակցություն զարգացնելու հարցում: Օրերս «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հայտարարեց, որ իրենք նման փոքր հզորության միջուկային ռեակտորներ կառուցելու մասին բանակցություններ են սկսել Ղրղզստանի հետ: Ռուսաստանն իր տարածքում արդեն սկսել է նման փոքր հզորության ռեակտորի կառուցումը, այն կոչվում է РИТМ-200 М: Այս ռեակտորները նախապես նախագծվել եւ կառուցվել են սառցահատների համար, հետո որոշվել է կառուցել նաեւ ցամաքում, առաջին նման ռեակտորը կգործարկվի 2028 թվականին՝ Յակուտիայում: Ըստ Լիխաչովի՝ իրենք արդեն ունեն 20 նման ռեակտորի պատվեր Հնդկաստանից, Մյանմայից, Ուզբեկստանից, Մոնղոլիայից, աֆրիկյան մայրցամաքի երկրներից: Հայաստանի անունը նա այդ ցանկում չնշեց:

Հնարավոր է, որ Հայաստանը հետաքրքրված չէ ռուսական ռեակտորով, որի հզորությունը 55 մեգավատ է, եւ ուզում է համագործակցել ամերիկյան կողմի հետ: Բայց ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Չինաստանը դեռեւս աշխատում են նման փոքր հզորության ռեակտորների նախագծման ուղղությամբ եւ դեռեւս չունեն պատրաստի լուծումներ: Ռուսաստանը սկսել է առաջին նման ռեակտորի կառուցման աշխատանքները:

Թվում է` այս պայմաններում, երբ կանգնած է Հայաստանի լինել-չլինելու հարցը, այնքան էլ հրատապ չէ էներգետիկ խնդիրների մասին խոսելը: Բայց ցանկացած օրգանիզմ՝ բիոլոգիական, թե պետական, կենսունակ է, եթե ունի էներգիայի կայուն եւ հուսալի աղբյուր: Ջրային ռեսուրսների նվազման արդյունքում էապես կրճատվել է հիդրոէլեկտրակայանների կողմից գեներացիան, այդ նվազումը շարունակական է,  ատոմակայանի ռեսուրսը հավերժ չէ, այն արդեն գրեթե 50 տարի է՝ ինչ աշխատում է, իսկ դա արդեն պատկառելի տարիք է ատոմակայանի համար, ջերմային էլեկտրակայանները կախված են դրսից մատակարարվող գազից, որի գներն անկանխատեսելի են: Ատոմային էլեկտրակայանը նույնիսկ ԵՄ-ի կողմից ճանաչվել է որպես մաքուր էներգիայի աղբյուր, քանի որ մթնոլորտ արտանետումներ չկան, իսկ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս միջուկային վառելիքը վերամշակել եւ կրկնակի օգտագործել:

Հայաստանն օգտագործում եւ մաշում է խորհրդային ժառանգությունը, որը մի օր կարող է ավարտվել: Այն, որ այսօր Հայաստանը դեռ ունի էներգետիկ անկախություն, ու մարդկանց բնակարաններում համեմատաբար անխափան էներգամատակարարում կա, օդից չի ընկել, այլ ստեղծվել է տարիների հետեւողական աշխատանքի արդյունքում: Նայեք Լիբանանին, որտեղ մարդիկ տարիներ շարունակ զրկված են կանոնավոր էլեկտրաէներգիայից, իսկ երկիրը գտնվում է քաոսի ու անորոշության մեջ, եւ կհասկանաք, որ մի օր նման վիճակի կարող է հասնել նաեւ Հայաստանը, երկիր, որտեղ ամենանշանակալի եւ կարեւոր իրադարձությունը պարեկային ծառայության մեկնարկն է:

Ավետիս Բաբաջանյան