Թող Փաշինյանը պատասխանի՝ ի՞նչ ստացավ ՀՀ-ն Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետրը ճանաչելուց հետո

Թող Փաշինյանը պատասխանի՝ ի՞նչ ստացավ ՀՀ-ն Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետրը ճանաչելուց հետո

Ազգային ժողովը երեկ սկսեց 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, եւ հենց առաջին օրը Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ վիճելի եւ մանիպուլյատիվ հայտարարություններով: «Ես Հայաստանի Հանրապետության տարածքի՝ 29 800 քառակուսի կմ լինելու մասին հայտարարություն արեցի, որից հետո Ազգային ժողովի դիմաց բազմահազարանոց ցույց տեղի ունեցավ։ Սրանից ակնհայտ դարձավ, որ մենք՝ որպես հանրություն, մեր պետության միջազգայնորեն ճանաչված տարածքի չափի մասին այդքան էլ լավ պատկերացում չունենք»,- հայտարարեց նա` կոչ անելով. «Սիրո՞ւմ ես հայրենիքդ` ուժեղացրու պետությունդ»: 

Ակնհայտ դարձավ, որ մենք՝ որպես հանրություն, մեր պետության միջազգայնորեն ճանաչված տարածքի չափի մասին այդքան էլ լավ պատկերացում չունենք եւ փողոց ենք դուրս եկել, որովհետեւ Փաշինյանը հրապարակել է մեր երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքի չափը։ Մինչդեռ բոլորն էլ գիտեն, որ մարդիկ փողոց են դուրս եկել, որովհետեւ նա ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Արցախը՝ այդ կազմում: Իսկ 29,8-ի մասին հայտարարություններից հետո էլ հասկացել են, որ նոր տարածքներ են հանձնվելու Հայաստանից, այսպես կոչված՝ անկլավներ կոչվածը, ինչպես ժամանակին հանձնեցին Գորիս-Կապան մայրուղին, Ներքին Հանդ եւ Տեղ գյուղերի տարածքները, Սեւ լճի մի հատվածը, Ջերմուկի սարերը:

Իր ասած մանիպուլյատիվ միտքը զարգացնելով՝ Նիկոլ Փաշինյանը շարունակեց. «Սա ոչ այնքան իմացության խնդիր է, որքան մեր կրած բոլոր անհաջողությունների ու ձախողումների, ըստ էության, անկյունաքար։ Փլուզվող աշխարհակարգում մեր անվտանգության ապահովման միակ գործիքը հայրենիքի նույնականացումն է պետության, նրա տարածքի, միջազգայնորեն ճանաչված նրա սահմանների, տարածքային ամբողջականության հետ»։ Իսկ սահմաններն էլ, պարզվում է` ջիպիէսով Ադրբեջանն է որոշում, Ռուսաստանում գտնվող ինչ-որ քարտեզների հիման վրա էլ դելիմիտացիա ու դեմարկացիա են անելու` ի վնաս մեզ:

Պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, ասաց. «Փաշինյանի հայտարարությունն ապացուցում է, որ ինքը շարունակելու է իր կործանարար քաղաքականությունը։ Քաղաքականություն, որն այսօր վտանգում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունն ու պետականությունը։ Նա իր հայտարարություններով, քայլերով, սխալ քաղաքականությամբ անուղղակի «օգնեց», որ Ադրբեջանը հայաթափի Արցախը։ Հիմա էլ շարունակում է այդ կուրսը։ Մինչ Ադրբեջանը մեր երկիրը կոչում է «Արեւմտյան Ադրբեջան»՝ մեր երկրի հաշվին կառուցելով «պատմական հայրենիք», Փաշինյանը մեզ կոչ է անում՝ հրաժարվել մեր մշակութային ժառանգությունից, մեր պատմությունից, մեր անցյալից ու ներկայից, հրաժարվում է մոռանալ, որ Արցախի հայկականությունն ունի ավելի քան երեք հազար տարվա պատմություն, որ Մեսրոպ Մաշտոցն առաջին դպրոցը հիմնադրել է Ամարասում։ Այսինքն՝ մեզ առաջարկում է մերժել մեր արմատը, մեր պատմությունը ու դրա դիմաց ստանալ՝ ի՞նչ, ոչինչ, բացի ագրեսիայից ու հայատյացության նոր չափաբաժնից։ Փաշինյանի զիջումները մեզ միմիայն նոր պատերազմներ ու տարածքային կորուստներ են բերել։ Նա փորձում է ստեղծել գոյություն չունեցող իրականություն ու մոռացության մատնել այն, որ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ քնած հային կացնահարողը հերոսացվում է երկրի բռնապետ ղեկավարի կողմից, մի երկիր, որտեղ հայ կին զինծառայողին անդամահատողին պարգեւատրում են։ 

Ադրբեջանական մամուլը, ներառյալ պետական հեռուստաընկերությունը, հրապարակում է սպառնալիքներ՝ հարձակվելու Տավուշի ու Արարատի մարզերի ուղղությամբ, այսպես կոչված, «անկլավները» թիրախավորելով։ Թող Փաշինյանը մի պարզ հարցի պատասխան տա՝ ի՞նչ ստացավ ՀՀ-ն կիլոմետրերով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո։ Ես կասեմ՝ ստացավ ագրեսիա ու էթնիկ զտում Արցախում, ստացավ մեր տասնամյակների պայքարի զրոյացում, ստացավ մարդկային ողբերգությունների շարք, ՀՀ-ի համար էլ ստացավ նոր ագրեսիաների վտանգ, ստացավ այն, որ մեր երկրի ամբողջ տարածքն Ալիեւը թիրախավորում է։ 
Մեր ձախողումների պատճառն այն քաղաքականությունն է, որ Փաշինյանն ու իր թիմն իրականացնում են՝ կործանելով երկիրն ու խեղելով մարդկանց կյանքերը։ Մեր խնդիրը նման մարդկանց կողմից առկա ղեկավարումն է, որոնց չփոխելու դեպքում հետագա աղետները կանխել չի ստացվելու։ Փաշինյանն իր քայլերով վտանգ է ՀՀ-ի՝ որպես պետության, գոյության համար»: