«Հրապարակ». Ասորիների գյուղերում անկուսակցականներն ու կանայք հաղթեցին

«Հրապարակ». Ասորիների գյուղերում անկուսակցականներն ու կանայք հաղթեցին

Հոկտեմբերի 29-ը սովորական կիրակի չէր երկու ասորական գյուղերի՝ Արարատի մարզի Վերին Դվին եւ Կոտայքի մարզի Արզնի համայնքների համար։ Այստեղ ընտրություններ էին։ Քանի որ այս գյուղերը հիմնականում ազգային փոքրամասնություններով են բնակեցված, ժամանակին դուրս մնացին խոշորացման ծրագրից, եւ այնտեղ նախկին համակարգն է գործում` գյուղի ավագանի եւ համայնքապետ։ Արզնին երեկ համայնքապետ էր ընտրում, իսկ Վերին Դվինը՝ նաեւ ավագանու անդամներ։ Ըստ ԿԸՀ նախնական տվյալների, Վերին Դվինում, որը բնակեցված է հիմնականում ասորիներով, կանայք հաղթել են տղամարդկանց։ 

Համայնքի ղեկավարի թեկնածուներից շեշտակի առավելությամբ հաղթել է Վերին Դվինի մոտ 19 տարվա գյուղապետ Լյուդմիլա Պետրովան՝ 626 ձայնով։ Նրա տղամարդ մրցակիցը՝ Վյաչեսլավ Յակովլեւը, ստացել է մի քանի անգամ քիչ քվե՝ 138։ Երրորդ տեղում ազգությամբ հայ թեկնածուն է, որն ընդամենը 42 ձայն է ստացել։ 

Ավագանու անդամության թեկնածուներից հաղթողը նույնպես կին է՝ Պետրովա Անյան, որը, ըստ նախնական արդյունքների, 100 քվե է ստացել, եւ այժմ Վերին Դվինի ավագանին երկու կին անդամ ունի։ Անյա Պետրովան մանկավարժ է, գյուղապետ Լյուդմիլա Պետրովայի ազգականներից։ 

Ձեր գյուղը ֆեմինիստական գյուղ է, կարծես կանայք հաղթում են տղամարդկանց, երկու հաղթանակ՝ մեկ օրում, այդպե՞ս է՝ հարցրինք հին-նոր գյուղապետին։ «Ոչ, ինչո՞ւ, հիմա 7 ավագանու անդամ պետք է ունենանք, մենակ մեկն է կին»,- պատասխանեց Լյուդմիլա Պետրովան։ Հաջողության գրավականը  համարում է համայնքի ղեկավարի պաշտոնում երկարամյա աշխատանքը։ «Ոչ մի այլ բան։ Մարզում էլ ինձ գիտեին, մեր համայնքում էլ, այնպես որ, կարելի է ասել, որ քարոզարշավ տեղի չի ունեցել։ Ես գիտեի, որ հաղթելու էի, հավանականությունը շատ մեծ էր, որովհետեւ 3 անգամ ընտրվել եմ` առանց որեւէ մրցակցի, ու ամեն տարի մեր համայնքը զարգացել, զարգացել, առաջ է գնացել»։ 
Այս տարի մեծ ծրագրերից ասֆալտապատման աշխատանքներ պետք է կատարվեն, ոռոգման ջրագծերը հիմնանորոգվեն։ Խմելու ջրի մատակարարումն էլ բարելավման կարիք ունի։ «Կան թաղամասեր, որ դժվար է հասնում ջուրը, կամ շատ վթարային իրավիճակ է։ Խմելու ջրագծերը պետք է փոխվեն։ Ծրագիրը կա, ֆինանսավորումը կա, գարունն արդեն սկսելու են»։ 

Երեկ նա մի քանի ժամով էր այցելել աշխատավայր։ Նրան մոտեցել են մյուս թեկնածուները՝ ծաղիկներով ու քաղցրավենիքով, շնորհավորել են, հաշտ ու համերաշխ բաժանվել։ «Սա կուռ, միասնական համայնք է, այն ճեղքերը, որ կան քաղաքական դաշտում, այստեղ չկան»։ 

Ո՛չ Պետրովան, ո՛չ էլ մյուս թեկնածուները կուսակցականներ չեն։ Վերին Դվինը, փաստորեն, անկուսակցական գյուղ է, իսկ երկարամյա գյուղապետ Պետրովան առհասարակ դեմ է կուսակցականության սկզբունքին։ Ասում է` «թող վերեւները չնեղանան, բայց մեր համայնքին կուսակցություններ պետք չեն»։ Իր տարիքը ոչ մի կերպ չի բացահայտում․ «Այ, դա չեմ, ասի, չէ, ոչ մի դեպքում»։ 

Արզնիի հաղթող թեկնածուի՝ Ֆելիքս Միրզոեւի բերանից բառերն աքցանով էինք քաշում։ Նա առաջ է ընկել գործող գյուղապետ, նախկինում զինվորական՝ ՔՊ-ական Ալիկ Միրզոեւից։ 
 372 ձայն է ստացել Ֆելիքսը,  Ալեքսանդր Միրզոեւը՝ 292։ 2 հազարից քիչ ավելի ընտրող ունեցող համայնքում 5 թեկնածու է եղել։ «Խնդրում եմ՝ այսօր չխոսեմ, հետո Ձեզ կզանգահարեմ, վաղը»,- ասաց Ֆելիքս Միրզոեւը։

- Հեշտ չեղավ, հա՞, Ձեր ընտրությունը։  

- Ամեն ընտրություն էլ պայքար է։ 5 թեկնածու կար։ 

- Բայց Դուք պայքարում էիք Ձեր ազգականի՞ դեմ։ Ալիկը Ձեր եղբայրն է, չէ՞։ 

- Հիմա հարմար չէ պատասխանել։ Ներող կլինեք։ 

- Դուք է՞լ եք ՔՊ-ական, ինչպես Ալիկ Միրզոեւը։ 

- Կներեք, էլի, ինձ հարմար չէ։ Հետո Ձեզ կզանգեմ։ 

- Լավ, գոնե ասեք՝ Ալեքսանդրը Ձեր ի՞նչ ազգականն է։ 

- Հորեղբոր թոռներ ենք։ 

- Ու Դուք կուսակցակա՞ն չեք։ 

- Ոչ։