Օգտագործված ավտոմեքենաները սկսել են էժանանալ 

Օգտագործված ավտոմեքենաները սկսել են էժանանալ 

Ռուսաստանում օգտագործված ավտոմեքենաների գները նոյեմբերի սկզբի համեմատ իջել են 5,5 տոկոսով։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը։ Օգտագործված ավտոմեքենաների վաճառքով զբաղվող «Ավտոդոմ» եւ «Ավտոսպեցցենտր» ընկերությունների ղեկավար Վլադիմիր Ժոլոբովը պարբերականի հետ զրույցում նշել է, որ դիլերները սկսել են օգտագործված մեքենաների գներն իջեցնել եւ հաճախորդներին բավականին հետաքրքիր եւ ձեռնտու առաջարկներ ներկայացնել, որպեսզի խթանեն պահանջարկը։ Սակայն շատ քաղաքացիներ այդ գնային առաջարկներին բավականին վատ են արձագանքում։

Պարբերականը նշում է, որ այս տարվա ապրիլից սկսած օգտագործված ավտոմեքենաները Ռուսաստանում սկսել են թանկանալ։ Գները կայունացել են միայն անցյալ ամիս եւ ներկայումս գնի վրա ճնշում է չափից շատ առաջարկը։ «Ավտոստատի» տվյալներով, այս տարվա սկզբից սկսած՝ մեքենաների գներն աճել են 15,4 տոկոսով, հասնելով 1,52 միլիոն ռուբլու։