7 տարի առաջ Հայաստանը միացավ Մաքսային միությանը․ հետահայաց

7 տարի առաջ Հայաստանը միացավ Մաքսային միությանը․ հետահայաց

7 տարի առաջ այս օրերին, ավելի կոնկրետ՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ 2․5 տարի բանակցող՝ Մոսկվայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անսպասելի հայտարարեց, որ Հայաստանը միանում է՝ Մաքսային միությանը։

Սա ամպրոպ էր բաց երկնքում, ու ռեալպոլիտիկից ոչ հեռու շատ քաղաքական ուժեր ուղղակի շոկի մեջ էին, իսկ քաղաքական ու մամուլի բառապաշար այդ որոշումը մտավ որպես «գիշերային»։ Ասում են՝ շոկի մեջ էր նաեւ Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցողը՝ ներկայիս արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, որն այդ հայտարարությունից հետո դեպրեսիայի մեջ էր եւ մեկ շաբաթով անջատել էր հեռախոսը։ 

 ԲՀԿ-ական պատգամավոր, այն ժամանակ ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը 2013-ի սեպտեմբերի 3-ի որոշումից հետո շահեց ԵՄ-ի կողմից բանակցությունները համակարգող՝ Եվրամիության «ԱԼԳ․ Հարեւանության ընդլայնման» հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ «գրազը»։ Զոհրաբյանը  հիշում է․ «Երեւանում հանդիպեցինք, ինքն ասաց՝ արդեն կսկսվեն Ասոցացման պայմանագրի ստորագրման ընթացակարգերը։ Ես ասացի՝ վստա՞հ եք, որ էս իշխանությունները (ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը) կստորագրեն, վերջին պահին հետ չեն կանգնի։ Ինքն ասաց՝ ի՞նչ եք խոսում, ամբողջը պատրաստ է, մնում է ստորագրեն, ես ասացի՝ ես Ձեր փոխարեն այս իշխանությունների վրա այդքան վստահ չէի լինի, եւ ասացի՝ պատրաստ եմ Ձեզ հետ գրազ գալ։ Ինքն ասաց՝ անհնար բան եք ասում, ողջ փաթեթը պատրաստ է։ Իսկ երբ օրեր անց՝ սեպտեմբերի 3-ին, գիշերը քնից զարթնեցինք ու դարձանք Մաքսայինի, իսկ հետագայում՝ ԵԱՏՄ անդամ, ես Ֆյուլեին Բրյուսելում տեսա, ասաց՝ ես դեռ շոկի մեջ եմ ու ինչ ասեք՝ պատրաստ եմ փոխհատուցել որպես գրազ։ Սրանով ավարտվեց, ես ոչինչ չուզեցի»։ 
Նույն այս՝ սեպտեմբերյան օրերին Բրյուսելում՝ եվրահանձնաժողովում էր գտնվում հայաստանյան պատվիրակությունը, որն ընկավ նույնպես շոկի մեջ գտնվող եվրոպացի պատգամավորների «թափի» տակ, որոնք իրենց ելույթներում Հայաստանին մեղադրում էին դավաճանական քաղաքականության ու ոչ վստահելի գործընկերության մեջ, իսկ Բրյուսելում գտնվող հայաստանյան պատվիրակության անդամները՝ Արմեն Աշոտյանը, Արտակ Զաքարյանը, արդարանում էին՝ ասելով, որ Եվրոպայում այնքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում լինել մեկուսացման մեջ, ունենալ դժվար հարեւաններ ու աշխարհագրական դիրք։

 «Հրապարակն» ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանին խնդրել է հետահայաց գնահատել այդ որոշումը․ այնուամենայնիվ, ճի՞շտ էր, թե՞ սխալ։ «Իհարկե՝ ճիշտ էր»,- ասում է Արտակ Զաքարյանը։ Վերհիշելով այդ օրերի դեպքերը՝ նախկին հանրապետական պատգամավորը նշեց, որ սկզբնական շրջանում եվրախորհրդարանի պատգամավորական կորպուսի մոտ, հատկապես այն մասի, որոնք առանձնապես շատ խորը տեղեկացած չէին Հայաստանի աշխարհաքաղաքական, տարածաշրջանային խնդիրներից, «ԱԼԳ շրջանակներում որոշակի հարցադրումներ անում էին՝ Հայաստանի մոտեցման հետ կապված»։ Բայց Արտակ Զաքարյանն ասում է, որ դա անակնկալ չէր։ «Դա մեր քաղաքականության կարեւոր բաղկացուցիչն էր, որի մասին մենք բազմաթիվ անգամներ, նախ նախապես՝ մինչեւ 13 թվականի սեպտեմբերն էինք ասել, խոսել, քննարկել եւ, այո, սեպտեմբերի 5-ին մենք Արմեն Աշոտյանի հետ ունեինք հանդիպումներ, մասնակցություն ունեցանք մի քանի ընդլայնված քննարկումների, որտեղ պատասխանել ենք բազմաթիվ հարցերի, եւ միեւնույն ժամանակ, դիրքավորել մեր արտաքին քաղաքականության վեկտորի առանձնահատկությունները։ Դրանից հետո բավականին պարզություն մտավ, եւ տեղեկատվական հոսքերը, որոնք հակառակ ուղղությամբ էին ուղղորդվում, շատերի մոտ արդեն հստակեցվեցին Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ»։
Իսկ հետագայում, Արտակ Զաքարյանը հիշեցնում է, նույն Եվրամիությունը, վերագնահատելով ու վերարժեւորելով Արեւելյան գործընկերության մի շարք պետությունների հետ իր գործողությունները, արդեն 2013-ի նոյեմբերին, այսինքն՝ ՄՄ-ին միանալու որոշումից հետո, Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ ավելի լայն առաջարկներով էր հանդես գալիս։ Արդյունքում՝ աշխատանքը ԵՄ-ի հետ շարունակվեց, եւ 2017-ի նոյեմբերին Հայաստանն ունեցավ ԵՄ-ի հետ ստորագրված նոր պայմանագիր, որն Արտակ Զաքարյանի գնահատմամբ՝ «Հայաստանի շահերը շոշափող եւ ԵՄ-ի հետ մեր համագործակցության ամբողջական օրակարգը ներառող պայմանագիր է»։
Մեր կողմից ավելացնենք, որ այն դեռեւս ամբողջական ուժի մեջ չէ (ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման գործընթացը դեռ չի ավարտվել), եւ, իհարկե, այն մի քանի մակարդակ ցածր էր, քան Ասոցացման համաձայնագիրը, բայց շատ ավելին էր, քան սպասվում էր։ Եվ, ինչպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահն է ամփոփում, դրանով ապահովվեց Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականության բալանսը։
«Իսկ այն, որ լինելով ԵԱՏՄ լիիրավ անդամ, մեր տնտեսական, էներգետիկ, անվտանգային խնդիրներն էլ ավելի համակարգված ու ճիշտ ձեւով շարունակեցինք, դա, կարծում եմ, ակնհայտ է։ Վերջին 5 տարիների ցուցանիշները, կարծում եմ, բավարար են, որ ողջ աշխարհում վստահ լինեն, որ Հայաստանը ճիշտ եւ իր շահերից բխող արտաքին քաղաքականություն է իրականացնում»,- ասաց Արտակ Զաքարյանը։