Ուրեմն նրանք ճիշտ են, եթե չեն դասում ինձ առաջին շարքերում

Ուրեմն նրանք ճիշտ են, եթե չեն դասում ինձ առաջին շարքերում

Մամուլում արդեն շրջանառվում է Գյումրու քաղաքապետի ընտրությունների թեման, թեպետ ընտրություններին դեռ 1 տարի կա։ Նախկիններից մնացած քաղաքապետ Սամվել Բալասանյանը կրկին հավակնություններ ունի։ Նա արդեն փորձում է ակտիվանալ, ցույց տալ իր կատարած աշխատանքը՝ ասֆալտը, նաեւ մեսիջներ հղել իշխանությանը, թե պատրաստ է լինել նրանց սրտի թեկնածուն։ Այս թեմայով զրուցեցինք Շիրակի նախկին մարզպետ, «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ։

- Գյումրու քաղաքապետի ընտրությունների հետ կապված՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ի՞նչ ծրագրեր ունի, մասնակցելո՞ւ եք։

- Դե, մասնակցելու ենք անպայման, բայց դեռ որեւէ որոշում չկա պաշտոնական, հենց կլինի, կհայտարարենք։

- Աչքի տակ թեկնածու ունե՞ք։

- Էս պահին քննարկումներն էդ մասով դեռ չեն սկսվել։ 

- Իսկ ճի՞շտ է, որ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը հավակնություն ունի նորից ընտրվելու, եւ Դուք էլ, հնարավոր է, աջակցեք նրան։

- Ես աջակցելու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը եւ «Իմ քայլը» դաշինքին։

- Հնարավո՞ր է՝ Բալասանյանն էլ առաջադրվի հենց «Իմ քայլը» դաշինքի կամ ՔՊ-ի կողմից։ 

- Չեմ կարծում, ամենայն հավանականությամբ՝ էդպես չի լինի։

- Գո՞հ եք Սամվել Բալասանյանի աշխատանքից։

- Տեսեք, ո՞նց ասեմ, ցանկացած աշխատանք ունի իր ե՛ւ թերությունները, ե՛ւ առավելությունները։ Այն, որ հեղափոխությունից հետո մանավանդ Գյումրիում հսկայական շարժ է եղել՝ սկսած ասֆալտապատումից, շինարարություններից եւ այլն, դա փաստ է։ Դե, ես անձամբ դա չեմ կապում կոնկրետ Բալասանյանի հետ, բայց ընդհանուր համայնքապետարանի, քաղաքապետարանի աշխատանքը նորմալ եմ գնահատում։ 

- Այսինքն, եթե նույնիսկ ինքն առաջադրվի ձեր ցուցակով, այնպես չէ, որ Ձեզ համար անցանկալի թեկնածու կլինի։

- Ես նորից եմ կրկնում՝ ես աջակցելու եմ կոնկրետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը եւ, որպես կուսակցության անդամ, ամեն ինչ անելու եմ ՔՊ-ի ընդհանուր հավաքական կազմի համար։

- Իսկ Գյումրին, որտեղից սկսվեց ձեր քայլերթն ու հեղափոխությունը, ինչպե՞ս է վերաբերվում Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը։

- Ես չգիտեմ՝ գյումրեցիների հետ կապ ունե՞ք, խոսո՞ւմ եք, շփվո՞ւմ եք, ի՞նչ են ասում, ի՞նչ կարծիքի են։

- Գյումրեցիները միշտ աչքի են ընկել ընդդիմադիր կեցվածքով եւ իշխանություններին բարեհաճ չեն վերաբերվել, հիմա էլ, կարծես թե, առանձնապես տպավորված չեն։

- Հասկանում եմ, բայց ես էդ կարծիքին չեմ, որովհետեւ ես էլ պարբերաբար շփվում եմ գյումրեցիների հետ, ես ապրում եմ Գյումրիում, կարելի է ասել՝ իմ շաբաթվա օրերի հիմնական մասը Գյումրիում եմ լինում, շփումը կա, եւ տեսնում եմ մարդկանց վերաբերմունքը։

- Ձեր անձնական ռեյտինգը որքա՞ն է Գյումրիում։

- Չեմ կարող դա ասել, էդ թող ասի գյումրեցին։

- Գյումրեցին այդքան էլ լավ չի խոսում Ձեր մասին, դրա համար եմ հարցնում;

- Իսկ ի՞նչ են ասում։

- Դե, զուտ հեղինակության, ռեյտինգի առումով Ձեզ առաջին շարքերում չեն դասում, մեղմ ասած։

- Ի՞նչ պարտադիր է՝ առաջին շարքերում, ուրեմն նրանք ճիշտ են, եթե չեն դասում ինձ առաջին շարքերում։ 

- Ի՞նչ լավ բան եք արել այս ընթացքում Գյումրու եւ գյումրեցու համար, ինչո՞վ պետք է գյումրեցին Ձեզ հիշի՝ որպես պատգամավորի եւ նախկին մարզպետի։

- Շատ բան։ Ամենօրյա կապի մեջ եմ գյումրեցու հետ, մշտապես քաղաքացիների հետ շփման մեջ եմ, եւ բազմաթիվ հարցերի տրվել են լուծումներ՝ սկսած սովորական կենցաղային, կոմունալ հարցերից։

- Ձեր խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանն է հաճախ գրառումներ անում, որ Շիրակի մարզի բնակիչներն ամենաշատն իրեն են դիմում՝ տարբեր խնդիրներով, եւ դժգոհում է, որ պատկան մարմինները լավ չեն աշխատում, որ ամեն փոքր հարցով քաղաքացիներն իրեն են դիմում։

- Չափազանցնում է տիկին Հովսեփյանը։

- Ինչո՞ւ, անձնական խնդիրնե՞ր ունեք նրա հետ, որ ասում եք՝ չափազանցնում է։

- Ես որեւէ մեկի հետ որեւէ անձնական խնդիր չունեմ, առհասարակ։ Էդ ասածն է չափազանցնում, ուղղակի ինքն ամեն հարց ներկայացնում է, մենք շատ հարցեր ուղղակի չենք ներկայացնում զուտ հրապարակային։

- Իսկ լուծում տալի՞ս եք այդ հարցերին, բացի ներկայացնելուց։

- Լուծում՝ միանշանակ։ Շատ հարցերի են տրվել լուծումներ։

- Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Գյումրու օրն է նշվելու, ի՞նչ միջոցառում է սպասվում այնտեղ, Դուք, ձեր խմբակցությունը, նաեւ՝ վարչապետը, մասնակցելո՞ւ եք, թե՞ ոչ։

- Իմ տեղեկություններով՝ մենք հրավիրատոմս չենք ստացել, որեւէ միջոցառում չի կազմակերպվելու, բայց, որքանով տեղակ եմ, պահպանելով այս համավարակի կանոնները, ինչ-որ փողոցի կամ հրապարակի շատ նեղ բացում է լինելու։ Այդքանը տեղյակ եմ։ Բայց ես հրավիրատոմս չեմ ստացել։