Չարյաց փոքրագույնը

Չարյաց փոքրագույնը

Վերջին 30 տարում մի տխուր ավանդույթ է մեզանում ձեւավորվել` ամեն հաջորդ պաշտոնյա մի քիչ ավելի վատն է, քան նախորդը: Եվ կառավարություններն ու ազգային ժողովներն էլ, մեծ հաշվով, այդ սկզբունքով են ձեւավորվել:

Կառավարման ու օրենսդիրի ամենաբարձր որակը, ըստ էության, ունեցել ենք 1988-ի զարթոնքի արդյունքում, հետո տարեցտարի ե՛ւ կառավարման որակն ընկավ, ե՛ւ կառավարիչներն անձնական որակներով սկսեցին զիջել նախորդներին: Ի դեպ, հասարակությունն էլ ավելի լավը չի դառնում տարեցտարի` ո՛չ գրագիտությունն է աճում, ո՛չ բարոյականության չափանիշներն են բարձրանում, ո՛չ էլ իրավագիտակցությունը:

Այնպես որ, մենք` հայերս, հավանաբար որոշել ենք Դարվինի էվոլյուցիոն տեսությունը հերքել գործնականում: Բայց վերադառնանք մեր կառավարման խնդիրներին: Երբ հանրային լսարանին հայտնի դարձավ, որ Արայիկ Հարությունյանն է իշխանությունների` ՀՀ նախագահի թեկնածուն, աղմուկի մեծ ալիք բարձրացավ, եւ համացանցն օրեր շարունակ ցասումի ու մերժումի տեսարաններ էր բեմադրում: Իսկ հայտնի է, որ գործող իշխանությունները միայն ֆեյսբուքյան զրիցներով են առաջնորդվում, ու սոցցանցերի վերաբերմունքը խիստ կարեւոր է նրանց համար: Եվ վրդովմունքի ալիքի ճնշման ներքո իշխանությունը փոխեց որոշումը` Արայիկ Հարությունյանի փոխարեն առաջ քաշելով Վահագն Խաչատրյանի թեկնածությունը:

Իհարկե, երեկ նույնպես քննադատում էին նոր թեկնածուին, սակայն՝ ավելի նվազ: Նախորդ թեկնածուի ֆոնին նա շատ ավելի ընդունելի է: Մանավանդ պարզ է, որ երկնքից թեկնածու չի ընկնելու, եւ Նիկոլ Փաշինյանն էլ ընտրության շատ նեղ դիապազոն ունի այսօր: Մարդ, որն ընդունելի կլինի ե՛ւ իր, ե՛ւ թիմի, ե՛ւ լայն հանրության համար, կարելի է ասել, պարզապես չկա: Ուստի ստիպված են ընտրել չարյաց փոքրագույնի սկզբունքով: