Արդյոք պետք է հույսեր կապել ՄԱԿ ԱԽ-ի հետ

Արդյոք պետք է հույսեր կապել ՄԱԿ ԱԽ-ի հետ

Ինչպես հայտնի է, սույն թվականի օգոստոսի 11-ին  Հայաստանը դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով ԱԽ արտակարգ նիստ գումարել՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման հետ։

Այս մասին ասված է ՄԱԿ-Ի X-ի (նախկին Թվիթեր) պաշտոնական միկրոբլոգում: Հրապարակմանը կից ներկայացված է նաև Հայաստանի դիմումը, որում, մասնավորապես, նշված է․«Ներկա պայմաններում Հայաստանի կառավարությունը խնդրում է ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար պատասխանատու գլխավոր մարմնի միջամտությունը՝ կանխելու զանգվածային վայրագությունները, այդ թվում նաև ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը»։

Այս առնչությամբ ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում հայտարարել է, որ Միջազգային հանրությունը, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կարող են դադարեցնել Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների եւ ցեղասպանության իրականացման համար բլոկադան եւ սովը որպես զենք օգտագործելու քաղաքականությունը։ ՄԱԿ Անվտանգության խորհուրդն իհարկե կարող է բոլոր հարցերը լուծել, սակայն հարց է, թե կունենա ցանկություն դա անելու, թե ոչ։

Հայաստանը, սկսած 44-օրյա պատերազմի ժամանակներից, նման բացասական արդյունքով փորձառություն ունեցել է, երբ ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ըստ էության ոչ մի բան չի ձեռնարկել, չի զսպել կամ սանձահարել Ադրբեջանին։ Եթե ճիշտ ենք հիշում, նույնիսկ մեկ անգամ նույնիսկ հայտնի դարձավ, որ ԱԽ մշտական հինգ անդամներից մեկը /ամենայն հավանականությամբ՝ Մեծ Բրիտանիան/ որոշակի պրոադրբեջանական կեցվածք էր որդեգրել, որի հետեւանքով ՄԱԿ ԱԽ-ն հերթական «անատամ» տեքստն էր հեղինակել Հայաստանի եւ Արցախի առնչությամբ եւ վերջ։

Գեոպոլիտիկ ներկայիս իրավիճակում, երբ նույնիսկ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բարձր ամբիոնն է դարձել գեոպոլիտիկ գլոբալ առճակատման թատերաբեմերից մեկը, մեծ հույսեր կապել այն բանի հետ, որ ՄԱԿ ԱԽ-ն կսզպի Ադրբեջանին, պետք չէ։ Ժամանակակից «ռեալ պոլիտիկը», չպետք է մոռանալ, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ «քաղաքավարի ելույթներ են հնչում» սկսել է հիմնվել «ուժն է ծնում իրավունք» սկզբունքի վրա։ Եւ դա կլինի թերեւս այնքան ժամանակ, քանի դեռ բազմաբեւեռ աշխարհի նոր աշխարհակարգի «ծննդաբերությունը» ամբողջապես չի ավարտվել։ Սերոբ Մարության