Գաբրիելյանները շարունակում են պայքարն ապրելու համար` մտքում իրենց թողած դրախտավայր երկիրը

Գաբրիելյանները շարունակում են պայքարն ապրելու համար` մտքում իրենց թողած դրախտավայր երկիրը

Եթե ասենք, որ Սամվել Գաբրիելյանի ճակատագիրը նման է իր հայրենի Արցախի ճակատագրին, կես ճշմարտություն կլինի։ Ավելի ճիշտ` հենց Սամվելի պես մարդկանց ճակատագրերից է միահյուսվել հայոց Արցախ լեռնաշխարհի ողբերգությունը։ Սամվելը Հմայակ եւ Վարդ Գաբրիելյանների հինգ զավակներից է՝ մինուճար տղան։ Արհեստավոր հոր եւ հայոց լեզվի ուսուցչուհի մոր դաստիարակությունը ստացած Սամվելը դեռեւս փոքրուց աչքի էր ընկնում ընդգծված համեստ ու հանդարտ բնավորությամբ` միշտ պատրաստ օգնելու ընկերներին, ծանոթներին ու անծանոթներին։ Հայրենի Եղծահողի 8-ամյա դպրոցն ավարտելուց հետո նա ուսումը շարունակել է շրջկենտրոն Շուշիում։ Իսկ երբ ավարտել է միջնակարգը, սկսվել է Արցախյան շարժումը։ 

Նոր ժամանակներ էին սկսվել հայրենի երկրամասում` հույս ու հավատով, երազանքներով լի։ Մարդիկ համոզված էին, որ վերջապես ուղղվելու է պատմական ու քաղաքական անարդարությունը, եւ Արցախն ազատվելու է ադրբեջանական բռնապետությունից։ Թեկուզ իր անկոտրում ու համառ բնավորության շնորհիվ, ի տարբերություն Նախիջեւանի, Հայաստանից կտրված կղզյակ հիշեցնող Արցախը շարունակում էր հայեցի ապրել։ Հույսերով, հավատով, տեղատվություններով ու մակընթացություններով, կորուստներով ու ձեռքբերումներով լի տարիներ էին։ Միջնակարգն ավարտելուց հետո Գորիսի պոլիտեխնիկական ինստիտուտ ընդունված Սամվելը ե՛ւ ուսանող էր, ե՛ւ զինվոր` մասնակցում էր հայրենի հողի պաշտպանությանը։ Ի դեպ, Բերդաձորի ենթաշրջանում հայրենիքի պաշտպանության գործողությունները կոորդինացնողներից ու ղեկավարողներից մեկը Սամվելի մորաքրոջ որդին էր` հանրահայտ Առնո Մկրտչյանը, ով հետագայում գերվել է թշնամու կողմից եւ տանջամահ արվել Բաքվի բանտերից մեկում։ 

Արցախյան պատերազմի տարիներին` 1990-ականներին, Սամվելը կամավոր է գրվել, մասնակցել մարտական գործողություններին, իսկ 1993 թ. Խծաբերդի մատույցներում մղվող մարտերի ժամանակ ծանր վիրավորվել է։ Մարտերում զոհված տղաների միջից առաջին հերթին դուրս էին բերում կենդանի մնացած՝ վիրավոր տղաներին։ Արդեն վերջին վիրավորներին են դուրս բերած եղել, հեռանալիս տղաներից մեկը պատահմամբ նկատել է, որ սպանված մարտիկների միջից մեկի ձեռքը շարժվեց։ Կանչել է ընկերներին, ու դուրս են բերել զինվորին՝ Սամվել Գաբրիելյանին։ 
Հետո սկսվել է կենաց-մահու պայքարի մղձավանջային ժամանակաշրջան։ «Դաշտային հոսպիտալում առաջին օգնություն ցույց տալուց հետո ինձ ուղարկեցին Երեւան, չնայած աղոտ հույսեր ունեին, որ գլխի ճակատային հատվածից, ծնոտից, ձեռքից ու կրծքավանդակի տարբեր հատվածներում բեկորային եւ այլ կարգի վերքեր ստացած լինելով, կփրկվեմ»,- պատմում է Սամվելը։ Երեւանում կարողացել են փրկել եղծահողցի ջահելի կյանքը։ Մի քանի բարդ վիրահատություններից, հատկապես գլխի ծանր պլաստիկ վիրահատությունից հետո Սամվելն աստիճանաբար ոտքի է կանգնել։ Արցախյան պատերազմն ավարտվել է, սկսվել են հաղթանակի բերկրալից, մեծ հույսերով լի տարիները։ Սամվելը ծեր ծնողների հետ հայրենի գյուղում սկսել է հող մշակել, ընտանի կենդանիներ պահել։ Հետագայում աշխատանք են առաջարկել Եղծահողի 8-ամյա դպրոցում ու գյուղապետարանում... 

Իսկ հետո նոր, ավելի մեծ աղետ եկավ Արցախի եւ Հայաստանի ու հայության գլխին` Նիկոլ անունով։ Պատերազմներ, նոր մարդկային ու տարածքային հսկայական կորուստներ։ Թշնամին արդեն մի բուռ դարձած Արցախի շուրջբոլորը` կրակի հեռավորությամբ բարձունքներում էր բույն դրել։ Չնայած առաջին կարգի հաշմանդամ էր Սամվելը, բայց կամավոր ինքն էլ էր մասնակցում շուրջօրյա հերթապահություններին, ինչպես մինչ այդ չէր մերժում ու գնում համագյուղացիներին օգնում էր գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ։ Հետո` շրջափակման, պաշարման ծանր ամիսներ, որի ժամանակ Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը, հատկապես Եղծահողը, կրկնակի շրջափակված էին` զրկված մայրաքաղաք Ստեփանակերտի ու Արցախի մյուս բնակավայրերի հետ կապից։ Այդ դժվարին օրերին անգամ Սամվելը կարողանում էր տարբեր մթերքներ օգնություն ուղարկել ստեփանակերտաբնակ քրոջը։ Ու պաշարված, սովյալ արցախցիների գլխին պայթեց առավել սարսափելի եւ մղձավանջային նոր աղետը` սեպտեմբերի 19-ի պատերազմը, որն ակնհայտ պայմանավորված էր Երեւանում նստող, բայց թշնամու շահերը սպասարկող Չարիքի հետ։ «Տանը, հայրենի գյուղում սեփական «Ժիգուլի» ավտոմեքենան վարում էր ծեր հայրս, որը նաեւ ինֆարկտ էր տարել վերջերս,- պատմում է Սամվելը,- ավտոմեքենայի ղեկը հայրս ոչ մի գնով չէր վստահում ինձ՝ գտնելով, որ ծանր վիրավորվելուց հետո մեքենա վարելը ողբերգական հետեւանք կունենա ինձ համար»։ 

Սակայն երբ արդեն պարզ դարձավ, որ Արցախը դավաճանաբար հանձնված է, արցախցիները պիտի լքեն հազարամյակների իրենց բնօրրանը, որովհետեւ մի ճիվաղ մինչ այդ հայտարարել էր, թե «Ղարաբաղն Ադրբեջան է», հազիվ շարժվող հաշմանդամ հայրը համաձայնեց, որ ղեկի մոտ նստի որդին. ծեր ծնողներին եւ կրտսեր քրոջը հայրենիքից դուրս բերող ավտոմեքենան վարում էր Սամվելը։ Բարեհաջող անցան Հակարիի կամուրջը, մտան Հայաստան` Գորիս, Վայք, Եղեգնաձոր։ Արդեն մոտենում էին Արարատին ու… 2023-ի սեպտեմբերի 25-ին Սուրենավանի մոտ մեքենան վթարի ենթարկվեց` բախվելով ծանր բեռնատարին։ Ավտոմեքենան լիովին ջախջախվեց` գլխիվայր շրջվելով։ Աներեւակայելի էր՝ մետաղակույտի վերածված ավտոմեքենայում ծնողներն ու քույրը փրկվել էին, իսկ Սամվելը գրեթե նույն վիճակում էր հայտնվել, ինչ 30 տարի առաջ՝ այն դաժան մարտերից հետո, երբ գտնվում էր զոհված տղաների մեջ։ Հատուկ տեխնիկայի միջոցով արնաշաղախ Սամվելին հազիվ հանում են ջնջխված մեքենայից։ Կրկին հիվանդանոց, ծանր վիրահատություններ։ Ոսկոր ու մետաղ իրար էին խառնվել նրա մարմնում։ Ոտքերն ամբողջովին մետաղե կոնստրուկցիաներով էին հավաքել։ Ամիսներով գամված էր անկողնուն։ Քույրերն էին խնամում, որոնք իրենք էլ ընտանեկան ու բազմաթիվ այլ ծանր հոգսերի բեռան տակ էին։ 

Միայն վերջին օրերին սկսեց դանդաղ քայլել հենակների օգնությամբ։ Տարեց ու հաշմանդամ ծնողների, կրտսեր քրոջ` Լաուրայի եւ մյուս քրոջ` Լիանայի ընտանիքի հետ Հայաստանի Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում հանգրվանած Գաբրիելյանների ընտանիքը շարունակում է պայքարը կյանքի, ապրելու համար` մտքներում ու երազներում այն դրախտավայր հայրենի երկիրը, որ արդեն մնացել է սահմանի մյուս, հակառակ կողմում։

Գարեգին Վարդանյան