Արցախի իշխանություններն ու ընդդիմությունը միասնական են Արցախը կործանումից փրկելու հարցում

Արցախի իշխանություններն ու ընդդիմությունը միասնական են Արցախը կործանումից փրկելու հարցում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված հայտնի հայտարարությունից հետո, որտեղ նաև նշվում են Արցախի ու արցախահայության  համար այն կարմիր գծերը, որոնք անցնելն անընդունելի է արցախահայության համար, ինչպես նաև ուղիղ կոչ ու պահանջ է հնչեցվում ՀՀ իշխանություններին՝ Արցախի շահերին հակասող հայտարարություններ չանել ու որոշումներ չկայացնել, Արցախում նկատվում է քաղաքական կոնսոլիդացիա իշխանական ու ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերի և հասարակության տարբեր խավերի միջև: Նախօրեին հայտարարությանը միացել էին նաև արտախորհրդարանական ուժերը և հասարակական կազմակերպությունները:

Հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից այսօր Արցախի հանդեպ որդեգրած աղետալի դիրքորոշումը դատապարտող հայտարարությանը միացել են նաև Արցախի իշխանական ու իշխանամետ կուսակցությունները, որոնք 2018թ.-ից ողջունում էին Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, հեղափոխությունը և հլու-հնազանդ կատարում էին Փաշինյանի որոշումները: Պարզ է, որ Արցախի իշխանություններն ու իշխանական ուժերը վերջնականապես հասկացել են Փաշինյանի ու նրա կառավարության կողմից Արցախի ու հայ ժողովրդի շահերին հակասող ու աղետալի քաղաքականության՝ Արցախի համար կործանարար լինելու փաստը:

Ինչպես ասում են, դանակը ոսկորին է հասել, եւ ավելի լավ է ուշ, քան երբեք, ու այսօր Արցախում ամեն ինչ անում են, որ այս քաղաքական կոնսոլիդացիայի շրջանակներում միավորվի ամբողջ ողջամիտ, սթափ մտածող ու հայրենիքի համար իրապես մտահոգված հայությունը՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում՝ անկախ քաղաքական հայացքներից ու կողմնորոշումներից: 

Ի դեպ, եթե մանրամասն ուսումնասիրենք Արցախի խորհրդարանի հայտարարության տեքստը, ապա կտեսնենք, որ այդ ամենը, ինչպես նաև Փաշինյանի ու նրա կառավարության աղետալի, հայության շահերին հակասող ու Արցախը կործանող քաղաքականության մասին բազմիցս հրապարակայնորեն խոսել են Արցախի խորհրդարանական ընդդիմությունն ու նրա առանձին ներկայացուցիչներ: Եվ Արցախում հատկապես ողջունում են և ուրախանում, որ Արցախի իշխանությունները նույնպես վերջապես հասկացել ու ընդունել են ընդդիմության ներկայացուցիչների մտահոգություններն ու փաստարկները եւ պատրաստ են միաբանվել այդ գաղափարների շուրջ, որպեսզի կանխեն Արցախի գլխին կախված վերահաս վտանգն ու թույլ չտան Արցախի վերջնական կործանումը: