Ինչպես էր փոխվում թավիշը. ապրիլի 9

Ինչպես էր փոխվում թավիշը. ապրիլի 9

Մեր այսօրվա ողբերգական վիճակի հիմքը դրվեց 2018-ի մարտի 31-ին, երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց Գյումրի-Երեւան քայլարշավը ու ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եւ մայիսի 8-ին ինքը դարձավ վարչապետ: Մենք փորձել ենք վերականգնել անցյալը եւ ներկայացնել հեղափոխականների տրանսֆորմացիայի համառոտ ժամանակագրությունը՝ ըստ օրերի եւ տարիների: Օր տասներորդ՝ ապրիլի 9:

2018թ․ ապրիլի 9 - Նիկոլ Փաշինյանի քայլարշավի մասնակից, ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը հայտարարում է. «Կենտրոնի ոստիկանության առաջ ենք, իրազեկում իրականացնելիս բերման են ենթարկվել կուսակցության անդամներ Վարսենիկ Ուզունյանը եւ Բաբկեն Գրիգորյանը»: Նիկոլ Փաշինյանի բողոքի ակցիային են միանում տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ՝ Պետրոս Մակեյան, Ալբերտ Բաղդասարյան, Արամ Հարությունյան եւ այլք: Առավոտյան պարզվում է, որ քայլարշավի մասնակից Արփի Դավոյանենց բնակարանի դռան մուտքի առաջ գլխատված ծիտ են գցել: Պարզ չէ, թե ով է դա արել, բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարում է. «Այսօր ես՝ ինքս կկազմակերպեմ, որ, օրինակ, հենց ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի բնակարանի առաջ կտրտած սնիկերս դրվի՝ ի պատասխան այդ գործողության: Սա եւս մեկ փաստ է, որ անպայման մենք կլինենք ՀՀԿ-ականների՝ առնվազն նրանցից ոմանց շքամուտքերում»: Ու սկսվում է ՀՀԿ-ականների տների մոտ սգո պսակ, դագաղ տեղադրելու, կարճ հաղորդագրություններով նրանց հայհոյելու լայնածավալ գործողություն:

2019թ․ ապրիլի 9 - Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հանդիպումն է լոսանջելեսահայության հետ: Մարդիկ հարցնում են. «Պատերազմի հավանականությունը բարձր է, դա օբյեկտիվ իրավիճակ է, քանի որ կա հակամարտություն, այն կարգավորված չէ, նոր պատերազմը շատ հնարավոր է: Պատերազմն անխուսափելի է, ինչպե՞ս կարող են սփյուռքահայերն էլ մասնակցել»: Աննա Հակոբյանը հույս է տալիս. «Եկեք հավատանք, որ անխուսափելի չէ, կարելի է պատերազմից խուսափել»: Նույն օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեր պաշտպանության նախարարին ահաբեկիչ է անվանում:

ԱԺ-ն «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն է կատարում, եւ ապրիլի վերջին շաբաթ օրը հայտարարվում է Քաղաքացու օր: Փորձագետներն արձանագրում են. Քաղաքացու օր ունենալն ինքնին վատ գաղափար չէ, եթե այն ուղղված է լինելու քաղաքացի եւ քաղաքացիական իրավագիտակցություն ձեւավորելուն եւ ոչ թե հասարակությունը կրկին բարիկադների բաժանելուն: Բայց մարդիկ, որոնք մեկ տարի առաջ փողով իշխանությանը ձայն էին բերում կամ ձայն տալիս, ապրիլին փողոցները փակելով քաղաքացի չդարձան: Երբ մշակույթի գործիչները եւ այլ հայտնի մարդիկ տարբեր հարթակներում ելույթներ են ունենում՝ փորձելով համոզել, որ նախորդ իշխանություններին իրենք ընդդիմադիր էին եւ պարզապես «ստիպված» էին ծափերով ընդունում նրանց գաղափարները, դա չի նշանակում, որ հաջորդ իշխանությունների ժամանակ նույն ելույթներով էլի հանդես չեն գալու: Ամեն իշխանության կողքը փափուկ տեղավորվելն է իրենց քաղաքացիական գիտակցությունը:
Իշխանությունը չի լսում փորձագետներին եւ տոնը նշելու համար հարյուրավոր միլիոններ է ծախսում:

2020թ․ ապրիլի 9 - Մեծ չափերի պարգեւավճարների աղմուկի մեջ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարում է. նախարարները, փոխնախարարները, պատգամավորները հո նվիրյալներ չե՞ն, որ հավելավճարներ չստանան, չէ՞ որ նրանք չարքաշ աշխատում են։ Փորձագետները հարցնում են՝ արդյո՞ք չարքաշ աշխատանք եւ առաջընթաց են համարվում, օրինակ` գիշերօթիկների, ծննդատների փակումը, հայկական ավիացիայի ձախողումը։ Պատասխան չկա:

«Գազպրոմ Արմենիան» մտադիր է թանկացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը: Տնտեսագետ Վահագն Խաչատուրյանը նկատում է․ «Գազպրոմ Արմենիայի» քայլն անհարգալից վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ կորոնավիրուսով պայմանավորված այս տնտեսական ճգնաժամում: Նույն տնտեսագետը մեկ տարի անց համաձայնում է աշխատել հարգանք չվայելող հանրապետության կառավարությունում, իսկ հետո դառնում է հանրապետության նախագահ:

2021թ․ ապրիլի 9 - Բազմաթիվ հայտնի մարդիկ՝ Էլինար Վարդանյան, Ժիրայր Դադասյան, 44-օրյա պատերազմի զոհերի հարազատները հայտարարում են, որ այս իշխանությունը չի զբաղվում պատերազմի գերիների վերադարձի հարցով: Իլհամ Ալիեւն էլ ասում է, որ հայերին պետք է սատկացնել շան նման։ Իսկ հեղափոխական իշխանության ներկայացուցիչ՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարում է. զոհերի հիշատակը փառաբանելու լավագույն ձեւը կայուն խաղաղության հնարավորությունը բաց չթողնելն է, որ այլեւս ոչ ոք չզոհի իր կյանքը՝ մյուսի ապրելու համար:

Շարունակելի

Արեգ Մարգարյան