«Սև կարապ». ինչպես այն ընդունվեց հայ իրականության մեջ

«Սև կարապ». ինչպես այն ընդունվեց հայ իրականության մեջ

Կորոնավիրուսի պատճառով այսօր տասնյակ միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր անկյուններում, եթե անգամ բժշկական տերմինաբանությամբ՝ ինքնամեկուսացված կամ մեկուսացած էլ չեն, սպասում են ավելի լավ ժամանակների։ Բոլոր հնարավոր էլեկտրական սարքերից լսվում է «կորոնավիրուս» բառը։ Սա այն է, ինչ կոչվում է «սեւ կարապ»․ «սեւ կարապ» են կոչվում այն իրադարձությունները, որոնց ոչ ոք չէր սպասում, եւ որոնք արմատապես փոխել են իրավիճակն ու մարդու կյանքը։ Տվյալ դեպքում՝ մարդկության, որովհետեւ նույն իրավիճակում են Փարիզում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, տարբեր պետություններում՝ Ավստրալիայում, Իսպանիայում, Իտալիայում եւ աշխարհի տարբեր այլ երկրներում ապրող մեր հայրենակիցներն ու ոչ հայրենակիցները։

Հոգեբանները սկսել են խոսել նաեւ համաշխարհային համաճարակային իրավիճակին ուղեկցող հոգեբանական այնպիսի երեւույթի մասին, ինչպիսին կորոնավիրուսային պսիխոզն է, հետհամաճարակային՝ կորոնավիրուսային ապստամբությունը, երբ մարդիկ չեն ենթարկվում իրենց իշխանությունների ցուցումներին ու կանոններին եւ ընդվզում են։ Ֆրանսիայում, օրինակ, կորոնավիրուսային ապստամբի վառ օրինակ էր ծեր կինը, որը, հակառակ երկրի իշխանությունների հրահանգին՝ փողոց դուրս գալ բացառապես 3-4 պատճառներով (դեղատուն, խանութ գնալու ու եւս մի քանի անհետաձգելի պատճառներով), չէր ենթարկվում ու ցուցադրաբար հազում էր իրեն կանգնեցրած ոստիկանների վրա։ Հոգեբանական այդ վիճակի մյուս երեսը իրենց տներում բանտարկված իտալացիների պատշգամբային կատարումներն են, նույն վիճակում գտնվող Բարսելոնայի բնակիչների «Մեսսի» վանկարկումները։ Ինչպես ցույց տվեցին Հայաստանում արտակարգ դրությունից հետո անցած 2 օրերը, կյանքը կորոնավիրուսի պայմաններում բավականին դեպրեսիվ է։ Նախ, որովհետեւ կորոնավիրուսի մասին մոռանալ չի ստացվում։ Հատկապես, երբ հիվանդացության թվերն ավելանում են։ «Հրապարակը» զրուցել է հոգեբան Սաթենիկ Կարապետյանի հետ։

- Տիկին Կարապետյան, սոցիալական ցանցերում հետեւե՞լ եք մարդկանց գրառումներին, տրամադրություններին, կա՞ն նեւրոտիկ երեւույթներ՝ պայմանավորված այդ վիրուսով եւ հնարավոր ռիսկերով։

- Ինչքանով որ հետեւում եմ ֆեյսբուքյան իրադարձություններին, իմ կարծիքով՝ ավելի շատ խուճապն է, քան պսիխոտիկ երեւույթները։ Սա արդեն անձից է կախված, բայց՝ տագնապ եւ խուճապ։ Այսինքն՝ անորոշությանը մարդկանց մոտ առաջացած պատասխանը։

- Դա վերաբերում է թե՛ առողջությանը, թե՛ տնտեսական հետեւանքների՞ն։

- Երկու դեպքն էլ կա․ երբ նայում ենք խանութներում աժիոտաժին։ Ճիշտ է՝ սա համատարած չէ։ Նաեւ առողջականի հետ կապված էլ կա, բայց էս դեպքում էլ չենք կարող ասել, որ սա համատարած է։ Եվ ոմանց մոտ դա ինֆորմացիայի պակասի հետեւանքով է, մեկ ուրիշի մոտ ուղղակի էդպիսին է բնավորությունը։

- Ի դեպ, հոգեբաններն ասում են, որ ոչ միայն վախեցողների մոտ կան նման երեւույթներ, այլ, հակառակ համառորեն պնդողների, որ սա շարքային գրիպ է, ու անգամ միտումնավոր մեղմում են մահացության ցուցանիշները։

- Յուրաքանչյուր երկրում էլ այս իրավիճակում, որքան էլ փորձում են այսպես ներկայացնել, թվերը մեղմել, միեւնույն է՝ այդ վիրուսն ունի տագնապ առաջացնող կողմ, որովհետեւ վերաբերում է մարդու առողջությանը։ Նորից եմ ասում՝ անձից էլ է կախված։ Եթե ամփոփելու լինեմ՝ պսիխոզ չէի ասի, նախ, որովհետեւ, որպես հոգեբան, իրավունք չունեմ այսպես հեռավար դիագնոզելու, այլ ավելի շատ խուճապ, տագնապ։

- Շատերին նյարդայնացնում է այն, որ պետք է ձեռնոցով, դիմակով շփվեն փողի, բռնակների, վերելակի կոճակների, խանութներում ինչ-որ մակերեւույթների հետ, հետո լվացվեն, ախտահանեն գնված իրերը, չգիտեն՝ փողն ուր դնեն, եթե դրամապանակը, ուրեմն նորից ախտահանել դրամապանակը, ինչ անել դրսի հագուստի հետ, որտե՞ղ կախել։ Եվ այդպես անընդհատ։ Դա ե՞ւս մարդկանց կարող է հասցնել դեպրեսիայի։

 - Կարող է լինել, քանի որ սրանք գործողություններ են, որոնք պետք է անընդհատ անել։ Ու էլի ամեն ինչ պայմանավորված է անձով․ մարդ կա, որ եթե մի բան բաց է թողնում, կարող է իր մոտ տագնապ առաջանալ։ Որ սա չարեցի, բա որ մի բան լինի։ 

- Իսկ կարո՞ղ է դա մարդկանց հասցնել տարբեր ֆոբիաների, օրինակ՝ անընդհատ լվանալ ձեռքերը, իրերը։

 - Կպչուն գործողությունների ու մտքերի, այո, կարող է բերել, ու սա էլ անհատական, անձնային է։ Չես կարող ասել, որ ամեն մեկի մոտ կդրսեւորվի։ Բայց եթե անձը հակված է կպչուն մտքերի, գործողությունների, կարող է լինել։