Եթե երեխան ասաց՝ շունչս կտրվում է, վատ եմ, հո չե՞մ ասելու՝ խեղդվիր

Եթե երեխան ասաց՝ շունչս կտրվում է, վատ եմ, հո չե՞մ ասելու՝ խեղդվիր

Նոր ուսումնական տարվան ընդառաջ, որն այս տարի կմեկնարկի սեպտեմբերի 14-ին, դպրոցները վերջին «շտրիխներն» են անում՝ ԿԳՄՍՆ-ի կողմից կազմված ուղեցույցի համաձայն։

«Կրիր դիմակ։ Պահպանիր սոցիալական հեռավորություն։ Ջերմաչափվիր։ Ախտահանիր ձեռքերդ։ Մտիր դասարան»․ դպրոց մտնելիս աշակերտները, ահա, այս քայլերի հաջորդականությանը պետք է հետեւեն։ Այս գրությունը փակցված է դպրոցի, դասասենյակների բոլոր մուտքերի մոտ։ Բոլոր նրանք, ովքեր կջերմեն, անմիջապես կտեղափոխվեն դպրոցի մեկուսարան, ինչի մասին տեղյակ կպահվի թե՛ ծնողը, թե՛ բժիշկը։

Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն Իրա Հակոբյանն առաջնորդում է մեզ մեկուսարան եւ մատնացույց անում, թե ինչպես են անգամ մեկուսարանում հեռավորություն ապահովել։ «Ծնողներին զգուշացրել ենք, որ իրենց առաջին քայլը նման դեպքում տեղամասային պոլիկլինիկա զանգահարելն է»,- ասում է Հակոբյանն ու հավելում, որ մուտքի մոտ հիմնականում ինքն է հերթապահելու, քանի որ պատասխանատվությունն իր վրա է դրված․ «Արձանագրող էլ կունենանք, որ գրանցումներ անի»։

Աբովյանի անվան դպրոցն ունի 3 մուտք, որոնք բոլորն էլ օգտագործվելու են միաժամանակ․ «Մուտքերի մոտ նշված են դասարանները, երեխան երբ մտնում է դպրոց, ինքը պետք է որոշի՝ ա՞ջ գնա, թե՞ ձախ․ դա արվել է կուտակումներից խուսափելու համար։ Նմանատիպ հուշաթերթիկներ տեղադրվել են մյուս մուտքերի մոտ եւս»։ Վաղը նախատեսում են բոլոր գծանշումներն ավարտել, որպեսզի բակում եւս կուտակումներ չլինեն։ 

Ինչ վերաբերում է սանհանգույցների հարցին, Ի․ Հակոբյանն ասում է, որ իրենց սանհանգույցներում մշտապես եղել են օճառ եւ զուգարանի թուղթ, բայց տաք ջրի հետ կապված խնդիր ունեն, որն առաջիկայում պատրաստվում են լուծել։ «Պատվիրել ենք արդեն, որ գոնե ամեն մի հարկում ունենանք տաք ջուր»,- ասում է ու նշում, որ բոլոր սենյակներում տեղադրել են 2 տեսակի աղբաման՝ կենցաղային աղբի եւ թափոնների համար։ Գրավոր աշխատանքների համար եւս դասասենյակներում արկղ են պատրաստել, ինչպես պահանջում է ուղեցույցը․

«Գրավոր աշխատանքները չեն տրվում աշակերտներին, այդ իսկ պատճառով հավաքվում են արկղի մեջ։ Եթե աշակերտն ուզում է իր գրավոր աշխատանքը ստանալ, ուրեմն պետք է պատճենահանի։ Ինչքան կարողանանք կրճատել շփումներն ու կուտակումները, այնքան կխուսափենք վարակից»։

Դպրոցի տնօրենը լուծում է գտել այն աշակերտների համար, ովքեր կդժվարանան երկար ժամանակ դիմակով նստել։ «Հիմա եթե 15-19 աշակերտի մեջ 1-2 երեխա ասաց, որ շունչը կտրվում է, վատ է զգում, հո չե՞մ ասելու՝ խեղդվիր։ Երեխա է, դուրս կգա տեղից, պատուհանը կբացի, մաքուր օդ կշնչի կամ դուրս կգա միջանցք, հետո դիմակը կշպրտի, նոր դիմակ կդնի։ Ամեն երեխայի հանդեպ անհատական մոտեցում պետք է ցուցաբերենք,- համոզված է տնօրենը։ Նա ցույց է տալիս միջանցքում կախված դասացուցակը։- Ամեն դասարան բաժանված է 2 խմբի, մի խումբը կգա երկուշաբթի օրը, մյուս խումբը՝ երեքշաբթի, եւ այդպես շարունակաբար ողջ շաբաթը»։

Դասարաններում աշակերտների թիվն առավելագույնը 19-ն է, իսկ այդպիսի մի քանի դասարան ունեն, որոնց տեղավորել են 2 սպորտդահլիճներում եւ լաբորատորիայում։ Դպրոցն ունի մոտ հազար աշակերտ, որոնց համար արդեն ձեռք են բերել անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պարագաները՝ 320 հազար 750 դրամ ընդհանուր արժողությամբ․ «Ձեռք ենք բերել ջերմաչափ՝ 3 մուտքերի համար, 70 հատ ալկոգել, ունենք 27 դասարան, որին գումարվում է միջանցքներում, ուսուցչանոցում եւ այլ տեղերում տեղադրելը։ Ժավել ենք ձեռք բերել, աղբաման՝ ոտնակով (35 հատ), որպեսզի տեղադրենք ե՛ւ միջանցքներում, ե՛ւ դասասենյակներում, նաեւ՝ հեղուկ օճառ եւ մոտ 900 հատ դիմակ»։

Ինչ վերաբերում է ուսուցիչների թեստավորմանը, ապա դպրոցն ունի 60 ուսուցիչ, որոնք բոլորը նախօրեին թեստավորվել են․ «Արդեն 3 օր է անցել, ու փառք Աստծու, ոչ մի դրական պատասխան չենք ստացել։ Ունենք մի քանի աշակերտ, որոնք ունեն խնդիրներ, նրանք դիմել են մեզ խնդրանքով, որ ուսուցումը կազմակերպենք հեռավար, եւ մենք չենք մերժել»։

Ալ․ Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանն ասում է, որ դասարանները կահավորել են ըստ կարգի․ «Խնդիրներ գրեթե չունենք, փորձել ենք ամեն ինչ կազմակերպել ըստ ուղեցույցի, մեր տարածքային հզորությունը բավականացնում է, որպեսզի կազմակերպենք մեր դասապրոցեսը մեկ հերթափոխով։ Դա՝ այն բանի հաշվին, որ ազատ դասասենյակները մենք թողնում էինք կիսվող ժամերի համար, հիմա քանի որ կիսվող ժամեր չեն լինելու, տարածքի ողջ հզորությունն օգտագործելով՝ հերթով կաշխատենք»։

Դպրոցն ունի 1827 աշակերտ եւ 7 մուտք, որոնք բոլորը բաց են լինելու՝ կուտակումներից խուսափելու համար։ Ուսուցիչների թեստավորումն այստեղ եւս ավարտված է։ «Բարեբախտաբար, բոլորս առողջ ենք»,- ասում է տնօրենը։

Ինչքանո՞վ է իրատեսական երեխաներից պահանջել 4-5 ժամ դիմակ կրել։ «Այստեղ կարեւորն այն է, որ բոլորս այս հարցին գիտակցաբար մոտենանք եւ հասկանանք, որ չպետք է նպաստենք վարակի վերսկսմանը։ Ինչ վերաբերում է երեխաների՝ դիմակներ կրելուն, դեռ նոր պետք է սկսենք ուսումնական տարին, խնդիրներն ընթացքում ի հայտ կգան»։

Մի շարք դպրոցներում ուսուցիչները լինելու են ոչ թե դիմակով, այլ՝ դիմավահանով, քանի որ երեխաները վերբալ կոնտակտն ավելի լավ են ընկալում․ տնօրենը թեպետ համաձայն է, բայց․ «Մեր դպրոցում այդ գործելաոճը չենք ունենա, որովհետեւ, որքանով ես տեղյակ եմ, դա լրացուցիչ պաշտպանիչ միջոց է եւ չի փոխարինում դիմակին»։

Ստեփանյանը մեզ առաջնորդում է դպրոցի բակային հատված։ Այստեղ ամառային դասասենյակ են կառուցում, որը պատրաստ կլինի 2 օրից․ «Այստեղ մեկ դասարան կկարողանա դաս անցկացնել, հերթափոխով կանցկացնեն, որովհետեւ յուրաքանչյուր երեխա կուզենա շաբաթական մեկ անգամ այստեղ հայտնվել։ Կլինի նաեւ ամառային մարզադահլիճ, որպեսզի երեխաները ֆիզկուլտուրան դրսում անցկացնեն»։