Այդ մարդիկ ապրում են Հայաստանում, բայց հոգով Հայաստանի հետ չեն

Այդ մարդիկ ապրում են Հայաստանում, բայց հոգով Հայաստանի հետ չեն

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

- Ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է, կարծես, վերջը չի էլ երեւում: Ձեր վերլուծություններով` այն ե՞րբ կարող է ավարտվել եւ ինչպե՞ս:

- Շատ դժվար է այդ հարցին հստակ պատասխանելը, սակայն ես հույս ունեմ, որ այն երկար չի տեւի՝ հաշվի առնելով Լավրովի հայտարարությունն այն մասին, թե կան հույսեր, եւ Ուկրաինայի հետ կարող է համաձայնություն ձեռք բերվի: Շատ հետաքրքիր է նաեւ Զելենսկու հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին․ այդ հարցազրույցում Զելենսկին որոշ փակագծեր բացեց: Այս պահին կարող ենք փաստել, որ Ուկրաինան համաձայնել է նեյտրալ կարգավիճակին, այն է՝ Ուկրաինան որեւէ դաշինքի կազմում չի հայտնվի, սակայն պետք է անցկացվի հանրաքվե: Սահմանադրության մեջ գրված է, որ իրենք ձգտում են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, այստեղ առաջանում են բազմաթիվ հարցեր, թե դա ինչպես կարող է լինել, սակայն այստեղ այլ խնդիրներ են առաջանում. կան բազմաթիվ փախստականներ, երկիրն ավերված վիճակում է, եւ եթե հանկարծ հանրությունն ասի «ոչ», ի՞նչ կլինի: Այս պահի դրությամբ Ուկրաինան այդ կարգավիճակին համաձայն է, սակայն առաջ են գալիս այլ խնդիրներ: Խնդիրներից մեկը Լուգանսկի եւ Դոնբասի հանրապետությունների ռեֆերենդումն է, որի մասին արդեն հայտարարվել է: Ինչ վերաբերում է Դոնբասին, ապա այն դեռեւս Ուկրաինայի վերահսկողության տակ է, ուստի այս մասին հստակ ասել չեմ կարող: Համենայնդեպս, կարելի է ենթադրել, որ Ուկրաինան կհամաձայնի ժամանակավոր ինքնավարության, սակայն` Ուկրաինայի կազմում: Կան այսօրինակ խնդիրներ, որոնց լուծումները դժվար է հասկանալ, սակայն Լավրովը հայտարարեց, որ հույս կա: Նախնական համաձայնության արդյունքում, այնուամենայնիվ, պատերազմական գործողությունները կարող են դադարել: Իհարկե, ինչ-ինչ հարցեր լուծելուց հետո: Ես կարծում եմ, որ խոսքն ինչ-որ սառեցված վիճակի մասին է:

- Հատկապես ռուս-ուկրաինական պատերազմից հետո ՀՀ վարչապետին եւ Ուկրաինայի նախագահին շատ են համեմատում, նրանց միջեւ զուգահեռներ են անցկացնում: Դուք ի՞նչ ընդհանրություններ եք տեսնում:

- Զելենսկին մասնագիտությամբ կոմիկ է, իսկ Հայաստանի վարչապետը, շատերի կարծիքով, իր էությամբ է կոմիկ: Հավանաբար, առաջ են քաշվում այս ընդհանրությունները, բայց ընդունակությունների առումով նրանք անհամեմատելի են: Զելենսկին լավ դերասան էր, իսկ քաղաքական գործընթացներում իրեն բավականին ակտիվ է պահում։ Եթե հետեւում եք քաղաքական գործընթացներին, ապա պետք է փաստենք, որ իր վերջին հարցազրույցներում նա խոսում է քաղաքական լեզվով, այնպես, որ իր դիրքորոշումը լսելի լինի ամբողջ աշխարհին: Զելենսկին ինտելեկտուալ առումով անհամեմատ բարձր է Նիկոլ Փաշինյանից:

- Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիելովը բառացիորեն նշում է, որ ՌԴ-ի դեմ մի քանի ճակատ է պետք բացել, նա խոսում է Արցախի մասին եւ կարծես մեր հակառակորդներին կոչ է անում հարձակվել մեզ վրա:

- Պետք է հասկանանք, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ պատերազմում է: Ցանկացած նոր ճակատի բացումը Ուկրաինայի համար, բնականաբար, շատ լավ կլինի: Այդ մարդն Ուկրաինայի շահերից է հանդես գալիս: Նրա այդ տեսակետը կարելի է հասկանալ: Դա բնական է: Անբնական է Հայաստանի քաղաքացիների մոտեցումը, որոնք իրենց ազգային շահը մի կողմ թողած՝ նմանօրինակ դիրքորոշումներով են հանդես գալիս, Ուկրաինայի համար դրոշներ են պատրաստում, բայց, օրինակ, Հայաստանի եւ Արցախի մասին չեն խոսում: Սա լրջագույն խնդիր է: Պետք է սրա մասին մտածել նաեւ: Այս ի՞նչ նոր տեսակ է Հայաստանում հայտնվել:

- Ի աջակցություն Ուկրաինայի կամ ՌԴ-ի ակցիա իրականացնող քաղաքական ուժերի՞ն նկատի ունեք:

- Թե՛ քաղաքական ուժերին, թե՛ հանրային գործիչներին, եթե դրանց կարելի է այդպես համարել: Հայաստանում ամեն մեկն իրեն հանրային կամ քաղաքական գործիչ է համարում:

- Ինչո՞վ է նրանց օտարամոլությունը պայմանավորված: Ինչո՞ւ, օրինակ, Արցախի, Հայաստանի համար նրանք այդքան մտահոգ չեն, որքան Ռուսաստանի կամ Ուկրաինայի, ակցիաներ չեն անում, չեն բողոքում:

- Այդ մարդիկ հոգով Հայաստանի հետ չեն: Ապրում են Հայաստանում, բայց կապ չունեն Հայաստանի հետ: Զուտ ՀՀ քաղաքացի են անձնագրով, այլ ոչ թե էությամբ: Եթե երկրում լիներ նորմալ իշխանություն, եւ առաջնայինը պետական անվտանգության խնդիրները լինեին, ապա պետությունը պարտավոր էր կտրուկ քայլերի գնալ, անգամ սահմանափակել որոշ մարդկանց ազատությունը: