4 տարում բոլոր տերմինները ձեւախեղեցին, արժեքները՝ ոչնչացրեցին

4 տարում բոլոր տերմինները ձեւախեղեցին, արժեքները՝ ոչնչացրեցին

Երբ խորանում ես, թե այս 4 տարում ի՜նչ տիտանական աշխատանք են կատարել Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները ազգային ու պետական արժեքները ջախջախելու ուղղությամբ, ուղղակի ապշում ես սրանց էներգիայի ու ժրաջանության վրա։ 4 տարի շարունակ «թալան» ու «կոռուպցիա» տերմիններն այնքան օգտագործեցին, որ անգամ ոչ տառաճանաչ չոբանները հավատացին, որ մեր վատ ապրելու, մեր բոլոր դժբախտությունների պատճառը «թալանչիներն ու կոռուպցիոներներն են»։ Հենց այդ թալանի ու կոռուպցիայի մասին շատ խոսելու արդյունքում բոլոր նախկին իշխանություններին թալանչու, դավաճանի, հանցագործի պիտակը կպցրին՝ բոլորին համոզելով, որ մինչեւ 2018 թիվը աշխատած ոչ մի պաշտոնյա մաքուր չի աշխատել՝ միայն իրենց գրպանի ու հարստանալու մասին են մտածել։

Ճիշտ է՝ ոչ մեկի մեղքը դեռ դատարանի դատավճռով ապացուցված չէ, բայց դե, մարդ են՝ վախենում են նստելուց, մուծվում են, փախչում են երկրից ու ակամայից հաստատում, որ իրենք թալանչիներ են ու կոռուպցիոներներ։ Համ էլ պիտակը մարդուն շատ շուտ է կպչում, պիտակից ազատվելն է բարդ ու տանջալից պրոցես։ Ուրեմն արձանագրենք, որ մարդկանց գիտակցության մեջ մեխեցին, որ 30 եւ ավելի տարի էս երկրի բոլոր նախագահներն ու վարչապետները, նախարարներն ու պատգամավորները թալանչիներ են եւ ժողովրդի արյունն են ծծել։

Թալանչու եւ հանցագործի պիտակը կպցրին նաեւ բոլոր կռվածներին՝ հատկապես գեներալներին, զինվորականներին, որոնք, ըստ փաշինյանական տեսության, սերմացու գողացող մկների նման թալանել են բանակը, գրավված հողերում ցորեն են ցանել ու եկամուտ ստացել, շահագործել են զինծառայողներին՝ նրանց նույնիսկ մայկա-տրուսիկ, նորմալ սնունդ չտալով։ Սկսեցին բոլոր բարձրաստիճան զինվորականների ու պաշտպանության նախարար-փոխնախարարների (առաջին զոհը գեներալ Մանվելն էր, որի դեմ այնքան դժգոհություն էր կուտակվել, որ մարդիկ հաճույքով հավատացին նաեւ բանակից թալանելու մասին վարկածին), շտաբի պետերի դեմ քրեական գործեր հարուցելով եւ անգամ Արցախից զինվորականներին կանչում էին Հայաստանի ՀՔԾ ու ԱԱԾ՝ ցուցմունք տալու։

Շարքային մարդը կարող է մտածել՝ դե, եթե մեղավոր են, պետք է պատասխան տան ու դատվեն։ Բայց այստեղ մեղավորի ու անմեղի հարց չկա՝ կա մի խնդիր․ մարդկանց գիտակցության մեջ մեղավորների ցանկ ձեւավորելու, հավերժ մեղավորների պատկեր ստեղծելու, որ երբ ինչ կատարվի երկրում, մատնացույց անեն՝ ահա մեղավորները։ Իսկ քանի որ դրանց մեջ շատ էին արցախյան պատերազմի մասնակիցները, բանակում պաշտոն ու կարգավիճակ ունեցող անձինք, ուստի մարդիկ ակամայից սկսեցին մտածել, որ բոլոր զինվորականներն ու գեներալներն էլ են թալանչի՝ բանակը թալանել են, չեն կռվել երկրի համար, միայն եկամուտ են ստացել, եւ հենց նրանց մեղքով ենք պարտվել 2020 թվականի պատերազմում։ Սա էլ՝ երկրորդ արդյունքը, որին հասել է գործող իշխանությունը՝ հընթացս վարկաբեկելով արցախյան պատերազմները, պատերազմներում կռվածներին ու զինվորականների հանդեպ նեգատիվ վերաբերմունք արմատավորելով։

Մարդկանց ու արժեքները վարկաբեկելու գործընթացը սրանով չի ավարտվել՝ նիկոլականներն ամեն ինչ արեցին այս տարիներին հայրենիքի համար կռվելը, Արցախյան պատերազմը, Արցախի անկախությունն ու ճանաչումը, որպես գաղափարներ, հողին հավասարեցնելու համար։ Ձեռքի հետ էլ վարկաբեկեցին մտավորականներին ու լրագրողներին, հին ու նոր ընդդիմադիրներին, բիզնեսմեններին ու պետական համակարգում աշխատողներին, սյունեցիներին ու վանաձորցիներին։ Բոլորին պիտակավորեցին, սեւացրին, ներկայացրին որպես ծախվածներ, անսկզբունքներ, պաշտոնի համար կռիվ տվողներ՝ փողի մեռած ու վախկոտ։

Իսկ ի՜նչ ֆանտաստիկ գործ արեցին գաղափարների, արժեքների, ավանդույթների հետ կապված։ «Հայրենիք» ու «հայրենասիրություն», «հայոց պատմություն» եւ «հայ գրականություն», «Հայոց ցեղասպանություն» եւ «ցեղասպանության ճանաչման գործընթաց» տերմինները կամաց սկսեցին դուրս մղել հանրային խոսույթից ու դպրոցական դասագրքերից։ Անհայրենիք ու ապազգային անհատները մղվեցին առաջին պլան, սկսեցին երկրում եղանակ ստեղծել, օրենքներ ու հայեցակարգեր գրել, բարեփոխումներ անել, պետական համակարգերում աշխատանքի անցնել, Փաշինյանի մոտ խորհրդակցությունների մասնակցել։ Ամեն կերպ ցուցադրեցին, որ սրանք են այժմ երկրում որոշումներ կայացնողները, նրանց կարծիքից է կախված շատ բան։ Իսկ դրանք սկսեցին խոսել ոչ թե Արցախի ու Հայաստանի, ավանդույթների ու պատմության մասին, այլ սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականության, ընտանեկան բռնության, Ռուսաստանից պոկվելու, եվրոպական արժեքներին ու հանրությանը միանալու։

Եվ վերջապես՝ հիմնովին վարկաբեկեցին շատ արժեքավոր արտահայտություններ եւ տերմիններ։ Օրինակ՝ «խաղաղություն» եզրույթը լրիվ նույնացվեց պարտվողականության եւ թշնամու առաջ ծնկի գալու հետ։ Այնպես վարկաբեկեցին «խաղաղություն» բառը, որ այն օգտագործելիս նորմալ մարդիկ մեղքի զգացում են ունենում զոհերի ու Արցախի հանդեպ։ Որովհետեւ նորմալ մարդկանց գիտակցության մեջ մեխեցին, որ խաղաղությունը կապիտուլյացիայի, պարտության, հայրենիքի կորստի, ողորմելի պահվածքի, խեղճության, հողդ ու արժանապատվությունդ զիջելու հետ է նույնացվում։

Խաղաղություն ասելով հասկանում ես թուրքի ու ադրբեջանցու ուզածը տալ, միայն թե զենքով մեր վրա չգա եւ մեզ չկոտորի։ Մինչդեռ 2020-ի պարտությունից հետո կարելի էր ամենուրեք երկրով մեկ բոլոր ծախսերը դադարեցնել, ոչ անհեթեթ ծրագրեր անել, ոչ անիմաստ գործուղումների մեկնել, ոչ միլիոնանոց աշխատավարձեր տալ, ոչ ասֆալտ ու ընտրություն անել, այլ բոլոր միջոցներն ուղղել բանակը զինելուն եւ պաշտպանական զենք գնելուն։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասում է՝ պաշտպանական զենքը մի քանի անգամ էժան է հարձակողական զենքից, կարելի՞ էր գոնե դա անել։ Վստահ եմ, որ ՀՀ քաղաքացիները՝ մեկ մարդու նման, կհամաձայնեին մի քանի տարի զրկանքներ կրել, որ բանակը վերականգնվեր եւ զինվեր։

Բայց քանի որ պարտված իշխանության պլանների մեջ չի մտնում երկրի ինքնիշխանությունը պահպանելը եւ մեր երկրի սահմանները պաշտպանելը, ուստի բանակը լուծարելու ուղին են բռնել եւ 2020-ի պարտությունից հետո միմիայն խաղաղության մասին են խոսում։ Արդյունքում՝ զենք չեն գնում, ԶՈՒ գլխավոր շտաբը մեկ ամսից ավելի է՝ պետ չունի, պաշտպանության նախարարը Գարիկ Սարգսյանի ընտրություններով է զբաղված, Էդուարդ Աղաջանյանն ու Մարիա Կարապետյանը հայտարարում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելը քննարկման ենթակա հարց է, Խաչատուր Սուքիասյանը նորմալ հարեւանություն անելու մասին է խոսում, Փաշինյանն էլ ամփոփում է, որ Ադրբեջանի 5 պահանջների մեջ ոչ մի սարսափելի բան չկա, ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը դեռ 90-ականներին է Հայաստանը ճանաչել, եւ կողմերին կոչ է անում հայելային սկզբունքով հետ քաշվել իրենց դիրքերից։ Հետո պարզվում է, որ մեր «հայելին» նշանակում է Հայաստանի տարածքում նոր զիջումների գնալ, եւ այնտեղ, որտեղ մենք հայելային հետ քաշվելու փորձ ենք անում, ադրբեջանցին «հայելային» սկզբունքով առաջ է շարժվում եւ գրավում մեր թողած դիրքերը։

Մի խոսքով՝ արժեքներն ու ավանդույթները ոչնչացրել են, հայի արժանապատվությունն ու ինքնասիրությունը՝ տրորել։

Սվետա Մարտիրոսյան