Պարզ սխեմա

Պարզ սխեմա

Աշխարհի դեմոկրատական երկրները քաղաքական պայքարի հստակ համակարգ են ձեւավորել՝ կուսակցությունների միջոցով իշխանության գալու ուղին։ Մեկը կամ մի քանիսը կոալիցիոն կառավարման եղանակով գալիս են իշխանության, մյուսները զբաղեցնում են ընդդիմադիր դաշտն ու պայքարում հաջորդ ընտրություններում հաջողելու համար։ Ընտրությունների միջեւ ընկած ժամանակամիջոցում իշխող քաղաքական ուժը փորձում է լավ կառավարել եւ ընտրողին համոզել, որ լավ է կառավարում երկիրը։

Իսկ ընդդիմադիր ուժերը փորձում են ապացուցել, որ իրենք ավելի լավ կկառավարեն, եւ դրա համար շարունակ բացահայտում են կառավարող ուժի սխալներն ու վրիպումները։ Սա է քաղաքական պայքարի պարզունակացված բանաձեւը։ Սակայն ոչ մի երկրում իշխող ուժը չի մեղադրում ընդդիմադիրներին՝ իշխանության գալու ձգտման համար, չի անվանում նրանց ռեւանշիստներ եւ չի պախարակում իրեն քննադատելու համար։ Ավելին՝ ոչ մի քաղաքական ուժ, գալով իշխանության, չի փորձում ներշնչել հասարակությանը, որ նախկին իշխանությունները հանցագործ էին եւ իրավունք չունեն քաղաքական դաշտում տեղ զբաղեցնել ու կրկին ձգտել իշխանության։

Օրինակ, ամերիկյան հասարակությունում դեմոկրատական եւ հանրապետական կուսակցությունները հերթագայում են միմյանց, ասենք՝ դեմոկրատ Բիլ Քլինթոնի մտքով չէր անցնում, որ իր նախորդին՝ Ջորջ Բուշ ավագին, անվանի թալանչի ու սրիկա եւ կոչ անի այլեւս երբեք չընտրել Հանրապետական կուսակցությանը։ Ավելին՝ Քլինթոնին կրկին հաջորդեցին հանրապետականները, այն էլ՝ Ջորջ Բուշ կրտսերը։ Հետո նորից եկավ դեմոկրատների ժամանակը, իսկ այսօր իշխանության գլխին է հանրապետական Թրամփը։ Անգամ եթե նախկինների կոռուպցիոն գործարքները բացահայտվում են, եւ քրեական գործեր հարուցվում, կուսակցությունների դեմ պայքար չի տարվում։