Թե ինչու է հենց շախմատը հայտնվել հարվածի տակ

Թե ինչու է հենց շախմատը հայտնվել հարվածի տակ

Դեռ հայտնի չէ՝ «Շախմատ» առարկան կշարունակե՞ն դասավանդել դպրոցներում, թե՞ ոչ: «Բոլոր առարկաները վերանայվելու են մինչեւ 2023թ․-ն, եւ ունենալու ենք նոր առարկայացանկ։ Ծրագրերի վերանայման խմբեր են ստեղծվելու եւ բոլոր առարկաների ծրագրերն են վերանայվելու՝ ֆիզկուլտուրայից մինչեւ շախմատ»,- օրերս լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ու հերքել լուրերն այն մասին, որ «Շախմատ» եւ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաները հանվելու են դպրոցական ծրագրից։ Բայցեւայնպես, այս առարկաներն այլ կերպ են դասավանդվելու, եւ դասավանդման մեթոդներն են փոխվելու։ Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ մենք հպարտանում էինք, որ Հայաստանը միակ երկիրն է, որ շախմատի նման ինտելեկտուալ խաղը՝ որպես դասավանդման առարկա, մտցրել է դպրոց։ Եվ այլ երկրներից գալիս էին մեր փորձն ուսումնասիրելու։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նկատում է՝ առարկայացանկը պետք է վաղուց վերանայվեր․ «Արդեն 2016թ․ փորձագիտական խումբը հրապարակեց նոր ծրագիրը, բայց այդ նախագիծը մնաց այդպես էլ չընդունված, հետո՝ 2017-ին, նոր մրցույթ հայտարարվեց, այս անգամ որոշեցին, որ միջազգային կազմակերպությունները պետք է գրեն, եւ մի քանի կազմակերպություններ անցան 2-րդ փուլ, բայց հետո հեղափոխությունը եղավ, եւ դա էլ կարծես թե շարունակություն չստացավ։ Հիմա, փաստորեն, հայտարարվում է, որ պետք է գրել նոր առարկայացանկ, ու թե ինչու է հենց շախմատը հայտնվել հարվածի տակ, պարզ է, որովհետեւ ինքը նոր առարկա է, եւ այս պահին Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որ այդ առարկան դասավանդում է դպրոցներում՝ որպես պարտադիր»։ 

Նոր առարկա լինելով պայմանավորված՝ առկա են բազմաթիվ խնդիրներ, բայց, Խաչատրյանի կարծիքով, չպետք է շտապել եւ էմոցիոնալ որոշումներ ընդունել․ «Պետք է ամբողջությամբ այդ ծրագիրը նայվի եւ փոփոխություններն արվեն խելամիտ, համատեքստային։ Վերջին շրջանում մի մոտեցում է տարածվել․ եթե ինչ-որ մի բանի հետ կապված խնդիրներ կան, լուծումը, չգիտես ինչու, տեսնում են միայն փակելը, միացնելը կամ հանելը, ինչը խելամիտ մոտեցում չէ։ Այսինքն՝ եթե ինչ-որ տեղ խնդիրներ կան կամ տարակարծություններ, եկեք փորձենք լավացնել վիճակը։ Ի վերջո, ահագին ծախսեր, աշխատանք է արվել, մարդիկ են վերապատրաստվել, եւ որոշ տեղերում լավ արդյունքներ կան, միգուցե ինչ-որ մոտեցումներ փոխենք»։   

Շախմատիստ, շախմատի ուսուցիչ Գեւորգ Մուրադյանի դիտարկմամբ՝ միանշանակ ճիշտ մոտեցում է «Շախմատ» առարկայի դասավանդումը հանրակրթական դպրոցներում, որը երեխաների մոտ նախեւառաջ տրամաբանությունն է զարգացնում․ «Ես, օրինակ՝ որպես մասնագետ, առաջինը շեշտը չեմ դնում մասնագիտականի վրա, այլ շախմատային բազմաթիվ տերմինների եւ գործողությունների օգնությամբ համեմատում եմ շախմատը կյանքի հետ եւ կյանքի օրինակներով կարողանում եմ երեխաներին բացատրել, թե տարբեր իրավիճակներում ինչպես կարող ենք առաջնորդվել։ Շախմատը կյանքում երեխաներին ավելի ճկուն է սարքում, այդ տարիքից սովորեցնում է երեխաներին հաղթել ու պարտվել։ Ես երեխաներին միշտ սովորեցնում եմ, որ շախմատում ճակատամարտն է ավարտվում, ո՛չ պատերազմը։ Այսինքն՝ եթե մի խաղը պարտվել ենք, դա դեռ ոչինչ չի նշանակում, կյանքը դեռ առջեւում է, մենք կարող ենք ձգտել եւ հասնել․ նաեւ դա ենք սովորեցնում շախմատով»։ 

2011-ից շախմատը դասավանդվում է հանրակրթական բոլոր դպրոցներում՝ 2-4-րդ դասարաններում։ Ըստ Մուրադյանի, մայրաքաղաքում վերջին տարիներին բացված բազմաթիվ շախմատի դպրոցները շատ են օգնում շախմատի բնագավառում ունենալ հաջողություններ․ «Նպատակահարմար է փոքր տարիքից երեխաներին տանել շախմատի, ավելի շատ՝ 5 տարեկանից, որովհետեւ մենք մինչեւ 8 տարեկանների աշխարհի չեմպիոն ենք պատրաստում, 5 տարեկան երեխան 3 տարի շախմատ պարապելով՝ դառնում է աշխարհի չեմպիոն։ Երեխաներ կան, որ մարզադպրոց են գալիս արդեն 10 տարեկանից, այդ երեխաները չեն կարող մեծ հաջողություններ ունենալ, որովհետեւ փաստացի ուշացել են, եւ մենք արդեն 8 տարեկանների չեմպիոններ ունենք։ Իսկ դպրոցում շախմատի դասավանդման արդյունքում մենք կարող ենք 6-7 տարեկան երեխային բացահայտել եւ ուղղորդել շախմատի մեծ աշխարհ»։

Գեւորգ Մուրադյանը 2011-ից առայսօր շախմատ է դասավանդում Հայաստանի շախմատի ակադեմիայում, Էրեբունու շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում եւ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում։ Անդրադառնալով դասագրքերի հարցին՝ Մուրադյանը նշեց, որ թեմաներ կան, որոնք կարելի է ոչ թե հանել, այլ մի քիչ պարզեցնել, որոնք երեխաների մոտ սկզբնական շրջանում մեծ բարդություն եւ խուճապ են առաջացնում․ «Բայց երբ թեմաները հասկանում են, այլեւս ոչ մի խնդիր չի առաջացնում։ Օրինակ՝ ես մեր տնօրինությանն առաջարկություն էի արել, որ շաբաթական ոչ թե 2 ժամ 40 րոպեով լինի շախմատը, այլ ավելի շատ ժամանակ տրամադրվի»։

Այն, որ հիմա կասկածի տակ է առնվում «Շախմատ» առարկայի դասավանդման նպատակահարմարությունը, Մուրադյանի կարծիքով՝ դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է ոլորտի ֆինանսավորմամբ․ «Կարծում եմ՝ ոլորտը չեն ուզում բավականաչափ ֆինանսավորել, ավելի շատ զարկ են տալիս ուրիշ ուղղությունների։ Ես՝ որպես ուսուցիչ, նկատում եմ, որ միայն ֆինանսը կարող է պատճառ հանդիսանալ։ Ամեն դեպքում՝ այդ հայտարարության հիմքում դա եմ տեսնում, ուրիշ պատճառ չեմ կարողանում գտնել։ Ես դասավանդում եմ ոչ միայն հանրակրթական, այլ նաեւ մարզային դպրոցներում եւ պետք է ասեմ, որ այդ ֆինանսական ճգնաժամը նկատելի է ամենուր․ եթե ֆինանս լինի, շախմատն ավելի շատ առաջ կգնա, եւ շախմատի ոլորտում ավելի մեծ արդյունքներ կունենանք աշխարհի մասշտաբով, որովհետեւ նույնիսկ անցած՝ 2018-ին, մենք աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն եւ փոխչեմպիոններ ենք ունեցել, որը մեծ ցուցանիշ է։ Օրինակ՝ 2001-2002 թթ․ այնպես չէր ֆինանսավորվում շախմատը, ինչպես վերջին տարիներին, դրա համար էլ այդքան դպրոցներ բացվեցին, այդքան արդյունքներ գրանցվեցին»։ 

Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը չցանկացավ խոսել այս հարցի շուրջ, միայն նշեց, որ փետրվարի 5-ին հանդիպում է նախատեսված ԿԳ նախարարի հետ, որի ընթացքում կքննարկեն շախմատի  դասավանդման հարցը դպրոցներում։