Պատրոն Դավիթի գործով բողոքը Եվրադատարանը վարույթ է ընդունել

Պատրոն Դավիթի գործով բողոքը Եվրադատարանը վարույթ է ընդունել

Գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավիթի փաստաբան Արմեն Հարությունյանի բողոքը Եվրոպական դատարանը վարույթ է ընդունել։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հարությունյանը։

Նշենք, որ Դավիթ Գալստյանը երկու տարբեր քրեական գործերով մեղադրյալի կարգավիճակ ունի, այս բողոքը վերաբերում է առաջին գործին, որի շրջանակում նա ձերբակալվել էր տարվա  սկզբին։

Պաշտպանը մեզ նաեւ փոխանցեց․ «Այն հարցերը, որոնք մենք այսքան ժամանակ բարձրացնում էինք, վերջնական գնահատական կտրվի»։

Հիշեցնենք` Դավիթ Գալստյանը  ձերբակալվել էր փետրվարի 1-ին, իսկ փետրվարի 2–ին` կալանավորվել, ապա մայիսին ազատ արձակվել։ ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, 2018 թվականի ընթացքում ՊՆ-ին է մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով, ըստ ԱԱԾ-ի, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ, բայց որոնց դիմաց Գալստյանը 1.083.000 ԱՄՆ դոլար գումար է ստացել:

Դավիթ Գալստյանն իր հերթին հայտարարություն էր տարածել` նշելով, որ իրականում մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին արտադրված զինամթերք, ինչի ապացույցները խոստացել է ներկայացնել ապագայում։