Շատ եմ կարևորում բոլորի տանը մնալն ու ժողովրդի պոզիտիվ հոգեվիճակը

Շատ եմ կարևորում բոլորի տանը մնալն ու ժողովրդի պոզիտիվ հոգեվիճակը

Հարցազրույց ջազ երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանի հետ

- Պարոն Հայրապետյան, ամեն օր երեկոյան Ձեր ֆեյսբուքյան էջով ուղիղ եթեր եք մտնում եւ նվագում օգտատերերի համար: Ենթադրում եմ՝ այսկերպ փորձում եք մարդկանց տրամադրությունը բարձր պահել այս օրերին:  

- Այո: Ամեն մեկս որ փորձենք մի փոքրիկ լույս սփռել այս ամենի վրա, ամեն ինչ շատ ավելի թեթեւ կանցնի ու պոզիտիվի մեջ: Այսօր շատ կարեւոր է մեր ժողովրդի պոզիտիվ հոգեվիճակը, միաժամանակ շատ եմ կարեւորում բոլորի տանը մնալը: Օրական ինձ մոտավորապես 2 հազար մարդ է դիտում, ուրախանում եմ, որ գոնե այդ 2 հազար հոգին տանն են, եթե ավելանում են, էլ ավելի եմ ուրախանում: Նույնիսկ ուրախացնում են այն հիմար գրառումները, որ տեսնում եմ Ֆեյսբուքում, որովհետեւ հասկանում եմ, որ այդ մարդիկ էլ են տանը: Շատ կարեւոր է հիմա բոլորիս սթափ մտածելակերպը` չտրվելով էմոցիոնալ տրամադրություններին: Պետք է հետեւել բոլոր կանոններին, որ ասվում ու արվում է հիմա, իսկ արվում է ամեն ինչ, որպեսզի խուսափենք վատագույն սցենարից: Դրա համար ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել մեր բուժաշխատողներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում այս օրերին: 

- Ի՞նչ եք կարծում, մարդիկ իրավիճակի լրջությունը գիտակցո՞ւմ են, որովհետեւ պարբերաբար լուսանկարներ ենք տեսնում, որը հակառակի մասին է վկայում:

- Եթե խոսքն այն ավտոբուսի լուսանկարի մասին է, ապա այդ լուսանկարն ամեն օր ինչ-որ մեկը տարբեր ռակուրսներից դնում է եւ գրում` այսօր:

- Բայց լուսանկարն իրական է, եւ քաղաքապետարանն էլ պարզաբանում տվեց` նշելով, որ ավտոբուսի ընթացքը կասեցվել է:

- Դե, իմ նվագելը նաեւ դրա համար է, որ մարդիկ մնան տանը: Օրինակ, ես փորձում եմ արդյունավետ օգտագործել իմ տանը մնալը, պարապում եմ, երեխաների հետ եմ շփվում, տնեցիքի հետ մոտիկից ծանոթանում եմ: 

- Ենթադրում եմ՝ այս ընթացքում Ձեր մասնակցությամբ բազմաթիվ համերգներ էլ են չեղարկվել:

- Շատ ու ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ աշխարհի տարբեր երկրներում:

- Վիճակագրությանը որքանո՞վ եք հետեւում, ու որքանո՞վ է դա Ձեզ ճնշում, քանի որ օր-օրի կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում:

- Իհարկե, այդ ամեն ինչը ճնշում է, բայց պետք է ավելի սթափ լինենք, որ սկսի այդ վիճակագրությունը նվազել, ինչը բոլորիցս է կախված: Օրինակ, երբ գնում եմ խանութ, փորձում եմ փոքր խանութներից առեւտուր անել, որտեղ այդքան բազմամարդ չէ, դրսում կանգնում-սպասում եմ, որ մի քիչ ազատվի, նոր մտնում եմ ներս ու կատարում եմ իմ գնումները: Իհարկե, այդ ընթացքում ալկոգելը, ձեռնոցը, դիմակը հետս են, միաժամանակ պահպանելով նաեւ սոցիալական հեռավորությունը, մարդկանց հետ խոսելիս չշփվելով երես առ երես: Փորձում եմ ինձ նաեւ կազդուրել, զբաղվել սպորտով, ուզում եմ անգամ ծխելը թողնել:

- Շատերի բնորոշմամբ, սա 3-րդ համաշխարհային պատերազմն է, որովհետեւ բացի վարակակիրների թվից եւ ներգրավված երկրների քանակից, գիտնականների կանխատեսումների համաձայն, այն կարող է տեւել մինչեւ մեկուկես տարի:

- Ես փորձում եմ մի փոքր քիչ կարդալ այդ նեգատիվ կանխատեսումները ու բոլորիդ էլ նույնն եմ խորհուրդ տալիս:

- Մյուս կողմից, ցանկացած իրավիճակ իր մեջ դրական կողմեր էլ ունի․ Դուք որո՞նք կառանձնացնեք։

- Ես հենց այդ դրական հայացքի կողմնակիցն եմ, որովհետեւ շատ դրական բաներ էլ կան, հիմա այն ժամանակն է, երբ ամեն մեկն ինքնամեկուսացած՝ ինքն իր հետ է, իր մտքերի, նաեւ ինքնամաքրման ժամանակ է: Մի հատ նայեք՝ երկրագնդի կամ մեր քաղաքի օդը ոնց է մաքրվել, ինչքան քիչ են, կամ ընդհանրապես ոչ մի ավտովթար այլեւս չի լինում քաղաքում: Էլ չասեմ, որ միշտ դեմ եմ եղել այն սովորությանը, որ մարդիկ անպայման իրար պետք է բարեւեն ու համբուրվեն, հատկապես՝ տղամարդիկ: Այն դեպքում, որ աշխարհում նման բան չկա, այդպես մեկ էլ արաբներն են ու ֆրանսիացիները, իտալացիները: Այս ամեն ինչը մեզ լիքը դասեր է տալիս: Մի խոսքով, պետք չէ նյարդայնանալ: Հետո, այս վիճակում մարդկանց ստեղծագործ միտքը սկսում է արթանանալ, եւ սկսում են ստեղծագործաբար նայել այս ամեն ինչին: Մենք, օրինակ, Ուլիխանյան ակումբից ուզում էինք ամեն օր լայվ համերգներ անել, բայց քանի որ ակումբը փակվեց, հիմա ուրիշ տարբերակ ենք մտածում, թե ոնց անենք, որ քիչ մարդով լայվ համերգներ անենք` կենդանի կատարմամբ, գուցե ինչ-որ ստուդիայից կամ էլի տնից: Նոր չելենջներ ենք մտածում երաժիշտների հետ, փորձում ենք ձեւ գտնել՝ աշխարհի տարբեր երկրների երաժիշտների հետ միասին նվագելու, որն առաջ անհնար էր: Մի խոսքով, սրանք ձեւեր են դիմակայելու, մինչեւ այս ամեն ինչը վերջանա, ու հուսանք, որ շուտ կվերջանա: