Հայկական մետրոն «շահել» է ռուս-ուկրաինական պատերազմից

Հայկական մետրոն «շահել» է ռուս-ուկրաինական պատերազմից

Վերջին մեկ ամսվա ընթացքում ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան Ռուսաստանից մարդկանց մեծ հոսք արձանագրվեց։ Որոշ աղբյուրների համաձայն էլ` Հայաստան դեռ դեկտեմբերից սկսած էին Ռուսաստանից գալիս և հայեր, և ռուսներ։ Ժամանածների քանակը բավականին փոխել է հայաստանցիների կյանքը՝ վարձով տների գներն են բարձրացել, տաքսիների գներն են բարձրացել, հյուրանոցներում ազատ տեղեր չկան, ռեստորանների ծանրաբեռնվածությունն է մեծացել, տրանսպորտի հոսքը։ Անզեն աչքով անգամ երեւում է, որ, օրինակ, մետրոյի ծանրաբեռնվածությունն է բավականին աճել։

Այս օրերին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի գրեթե բոլոր 10 կայարանները բոլոր ժամերին լեփ-լեցուն են մարդկանցով։ Hraparak.am-ը զրուցել է Կարեն Դեմիճյանի անվան մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանի հետ և հետաքրքրվել մետրոպոլիտենի աշխատանքներով։ 

«Մետրոպոլիտենը ներկայումս ունի ավելի քան 12,1 կմ-անոց ընդհանուր առմամբ շահագործվող գիծ, վագոնային հավաքակայանում առկա է 45 վագոն: Գծում աշխատող շարժակազմերի քանակը 13-ն է, որից 2-ը բաղկացած է 1 վագոնից, որոնք էլ աշխատում են «Շենգավիթ»- «Չարբախ» ուղեհատվածում, մնացած 11-ը աշխատում են գլխավոր գծում։ 11 շարժակազմերից 3-ը բաղկացած է 3 վագոնից, մնացածը՝ 2 վագոնից»,-մեզ հետ զրույցում ասաց մետրոպոլիտենի տնօրենի ԺՊ Գևորգ Ավետիսյանը։ 

Եւ ընդգծեց, որ դեկտեմբեր ամսին գիծ է դուրս բերվել ամբողջությամբ հիմնանորոգված ու արդիականացված, 3 վագոնից բաղկացած շարժակազմ, որի արդիականացումն ու հիմնանորոգումն իրականացվել են բացառապես մետրոպոլիտենի տնտեսած միջոցների հաշվին։ Գ․ Ավետիսյանը նշեց, որ ամեն օր, գրաֆիկի համաձայն, 3 շարժակազմ մասնագետների կողմից ենթարկվում է տեխնիկական զննման՝ ապահովելով ուղևորների անվտանգ երթևեկը։

«Աշխատանքային օրերին և ժամերին, երթևեկության գրաֆիկի համաձայն, գլխավոր գծում աշխատում են 6 գնացքներ՝ ապահովելով 6,5-7,5 րոպե միջակայք, միևնույն ժամանակ առավոտյան և երեկոյան, այսպես կոչված, «պիկ» ժամերին գիծ են դուրս բերվում լրացուցիչ գնացքներ, որոնց նպատակն է առավել հարմարավետ դարձնել ուղևորների երթևեկը»,-ասաց Գ․ Ավետիսյանը։

Ներկայացնելով այս տարվա հունվար-փետրվար ամիսների ուղևորահոսքը, թվերի տեսքով՝ Ավետիսյանն ընդգծեց, որ 2021 թվականի նույն ամիսների համեմատ այս տարի գրանցել են ուղևորահոսքի բարձր ցուցանիշ՝ 2021 թ․ հունվար ամսին ուղևորահոսքը կազմել է 928 հազար 706 ուղևոր, իսկ փետրվար ամսին՝ 1 մլն 315 հազար 908 ուղևոր։ 

2022 թվականի հունվար ամսին ուղևորահոսքը կազմել է 1մլն 295 հազար 700 ուղևոր և փետրվար ամսին՝ 1 մլն 455 հազար 257 ուղևոր։ Այսինքն՝ 100-200 հազար ուղեւորով ավելացել է մետրոյի ծանրաբեռնվածությունը։

Hraparak.tv-ի նկարահանումների պահին՝ ժամը 18։00-ին, մարդկանց հոսքն այնքան մեծ էր, որ աշխատում էր նաև երկրորդ շարժասանդուղքը։