Նախագծով առաջարկվում է «ՀՀ ԳԱԱ» բառերը փոխարինել «Ակադեմիա» բառով

Նախագծով առաջարկվում է «ՀՀ ԳԱԱ» բառերը փոխարինել «Ակադեմիա» բառով

«Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի լրամշակված նախագծի եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը մի քանի շաբաթ դրվել է հանրային քննարկման՝ E-draft հարթակում, եւ ստացել էին 75% դեմ, 25% կողմ ձայներ։  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային առնչվող կետերը լրամշակվել են ««Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով, համաձայն որի՝ ԳԱԱ կառավարման համակարգում որոշակի փոփոխություններ են նախատեսված։

Մասնավորապես առաջարկվում է՝ օրենքի 8-րդ հոդվածում՝ 1-ին մասում, «ՀՀ ԳԱԱ» բառերը փոխարինել «Ակադեմիա» բառով։ Ինչպես նաեւ օրենքի 2-4-րդ մասերը լրացնել հետեւյալ բովանդակությամբ.

«2. Ակադեմիայի կանոնադրությունը՝ ներառյալ կառավարման եւ գործունեության առանձնահատկությունները, համակարգում ներառված կազմակերպությունների ցանկը եւ դրանց կանոնադրությունները, հաստատում է կառավարությունը:

3. Ակադեմիան իր կանոնադրությամբ սահմանված կարգով ձեւավորում է կառավարման խորհուրդ` ներառելով Ակադեմիայից, կրթության, գիտության եւ էկոնոմիկայի ոլորտների լիազոր մարմիններից առաջադրված ներկայացուցիչներ, որի միջոցով իրականացնում է համակարգի կազմակերպությունների ընդհանուր կառավարումը, այդ թվում՝ կազմակերպությունների կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է կառավարման մարմինների ձեւավորումը եւ լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը:

4. Ակադեմիան ունի ղեկավար կազմ, որն իրականացնում է Ակադեմիայի գիտական, գիտատեխնիկական եւ գիտաօժանդակ գործունեության ընթացիկ ղեկավարումը: Ղեկավար կազմի մեջ մտնում են Ակադեմիայի նախագահը, փոխնախագահը, ակադեմիկոս քարտուղարը, նախագահի տեղակալները եւ բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարները: Ակադեմիայի ղեկավար կազմում ընդգրկված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե լրացել է նրա 75 տարին»:

Ներկայացված նախագծի տակ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը դիտողություն էր արել ու հանդես եկել առաջարկով․ «Հոդված 4․ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան զուտ Ակադեմիա վերանվանելու հիմնավորում առկա չէ: Այս դեպքում խիստ իջեցվում է ՀՀ ԳԱԱ-ի կարգավիճակը՝ այն դասելով տարբեր հասարակական կազմակերպությունների կամ կրթական հաստատությունների շարքին: Առաջարկում ենք «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» բառերը չփոխարինել «Ակադեմիա» բառով»: ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնն առաջարկել էր նաեւ ԳԱԱ համակարգում ներառված կազմակերպությունների կանոնադրությունների հաստատումը վերապահել ՀՀ ԳԱԱ-ին:

ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը դեռ օրեր առաջ մեզ հետ զրույցում նշել էր, որ բարեփոխումները չեն շրջանցելու նաեւ Ակադեմիայի կառավարման համակարգը՝ մասնավորապես նկատելով, որ որոշել են ստեղծել եւ ներդնել կառավարման մարմին, որը կազմված կլինի 12 կամ 15 հոգուց, եւ որը մինչեւ հիմա չի եղել, ընդամենը եղել է նախագահություն, որն ավելի է ընդլայնվելու։ Ինչ վերաբերում է այս մարմինների գործառույթներին, ապա որոշումները, ամեն դեպքում, կայացնելու է նախագահությունը, հաստատելու է կառավարման մարմինը՝ խորհուրդը։ Բայցեւայնպես, որոշիչ ձայնը պատկանելու է ոչ թե ԳԱԱ նախագահին, այլ՝ կառավարման մարմնին։ Այս պարագայում նախագահն իրականացնելու է ավելի շատ գործադիր տնօրենի պարտականություն եւ կառավարման խորհրդի որոշումներն է կատարելու։