Բավականաչափ ճնշում Ադրբեջանի վրա չենք տեսնում․ քաղաքագետը՝ Լինդեի այցի մասին

Բավականաչափ ճնշում Ադրբեջանի վրա չենք տեսնում․ քաղաքագետը՝ Լինդեի այցի մասին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնացքային օրակարգով մարտի 14-ից 16-ը (Երևանի ժամանակով) տարածաշրջան էր այցելել Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության գործող նախագահ, Շվեդիայի թագավորության Արտաքին գործերի նախարար Անն Լինդեն։

Եվրոպացի դիվանագետն Ադրբեջանում ու Հայաստանում հանդիպումներ էր ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հայտարարություններ էր արել, մասնակցել մամուլի ասուլիսների, թվիթերյան կարճ բովանդակությամբ գրառումներով տեղեկացրել էր բանակցությունների մասին։

Տիկին Լինդեն հանդիպումների ժամանակ ընգծել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիայի Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ) ջանքերին աջակցելու անհրաժեշտությունը, խաղաղությանն ուղված քայլերի իրականացումը, ինչպես նաև ընդգծել էր Միջազգային մարդասիրական իրավունքին լիարժեք հետևելու անհրաժեշտությունը։ Վերջինը նաև նշանակում է ոչ ուղղակի անդրադարձ ռազմագերիների և այլ պահվող անձանց իրավունքներին առնչվող խնդիրներին՝ կյանքի, արժանապատվության, անձնական իրավունքների և քաղաքական, կրոնական և այլ համոզմունքների չբռնադատելը, բռնության ամեն տեսակի ակտերից կամ ռեպրեսալիաներից (հարկադրական միջոցառումներ, որ մի երկիր գործադրում է մի այլ երկրի նկատմամբ) պաշտպանություն, ընտանիքների հետ նամակագրության և օգնություն ստանալու իրավունք, դատական երաշխիքներ:

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է քաղաքագետ, «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի հետ։

- Տիկի՛ն Կարապետյան, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն հանդիպեց Ալիևի, Բայրամովի հետ։ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելության կարևորությունը, նաև Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։ Սակայն Ալիևն իր բացման խոսքում նշել էր, որ հակամարտությունը լուծված է, արդեն կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացներ են տեղի ունենում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ: Եվրոպացի դիվանագետի հայտարարությունները որքանո՞վ են համապատասխանում հայկական կողմի պահանջներին ու որքանով են հակասում ադրբեջանական պնդումներին։

- ԵԱՀԿ գործող նախագահի տարածաշրջանային այցի հիմնական նպատակը հասկանալն էր։ Թե ԵԱՀԿ-ն՝ ընդհանուր առմամբ, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը մասնավորապես՝ որպես ԵԱՀԿ-ի մարմին, ստեղծված իրավիճակում ինչ դերակատարում կարող են ունենալ, գործընթացն ինչ ուղղությամբ է կարող զարգանալ։ Այդ նպատակով էլ Լինդեն տարածաշրջան այցելելուց առաջ համանախագահների հետ զրույց էր ունեցել և հիմա էլ Ադրբեջանում, Երևանում փորձում է հասկանալ կողմերի դիրքորոշումներն ու մոտեցումները։ Ուստի ասել, թե նրա մոտեցումներն ինչքանով են համընկնում կամ հակասում այս կամ այն կողմի մոտեցումներին, բավական բարդ է։ Որովհետև նա հստակ դիրքորոշում, որպես այդպիսին, չի հայտնում։ Ամեն դեպքում նրա մի քանի հայտարարություններ ուշագրավ էին։ Ուշագրավ է այն արձանագրումը, որ ԵԱՀԿ-ի ընկալմամբ հակամարտությունն ավարտված չէ, նոյեմբերի 10-ի համաձայնությունն ընդամենը հրադադար է, և հետագա գործընթացը պետք է տանի վերջնական կարգավորման։ Սա, ըստ էության, կարևորագույն արձանագրումն է։ Եվ բնականաբար առաջին անգամ է արվում։ Համանախագահները նույնպես խոսում էին այն մասին, որ պետք է լինի կարգավորման առանձին գործընթաց՝ առանձին երկրների մակարդակով, այդ թվում՝ Ֆրանսիայի։ Սա ուղղակիորեն հակասում է Ադրբեջանի այն մոտեցմանը, որ կոնֆլիկտը լուծված է, և այլևս բանակցելու բան չկա։

Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության մոտ ձևավորել այն ընկալումը, որ կոնֆլիկտը սպառված է, և բանակցություններն անիմաստ են։ Սակայն տեսնում ենք, որ ԵԱՀԿ-ն չի կիսում այդ մոտեցումը և կարևորում է, որ պետք է լինի բանակցային գործընթաց, լինի քաղաքական կարգավորում, և հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լինեն այդ կարգավորման միջնորդները։ Եթե անդրադառանանք Հայաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի հայտարարություններին, բավական խնդրահարույց է, որ Լինդեն ուղղակիորեն չի անդրադառնում գերիների խնդրին, որը հումանիտար կարևորագույն հարց է։ Ուղղակի տրամաբանական չէ լինել տարածաշրջանում և ուղղակի դերակատարում չունենալ այդ հարցում։ Գոնե որևէ կերպ չմիջնորդել, առաջընթաց չապահովել գերիների փոխանակման խնդրում։ Նա Երևանում սահմանափակվեց հայտարարությամբ, որ հումանիտար իրավունքի ներքո պետք է լինեն գործընթացները, բայց  ուղղակիրեն չհասցեագրեց գերիների խնդիրը։ Եվ դա ցույց է տալիս, որ այս ուղղությամբ բավականաչափ աշխատանք չի տարվում։

- Միջազգային մարդասիրական իրավունքի մասին ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո Լինդեն իր թվիթերյան էջում էլ էր գրել։ Սրանով նաև չի՞ արձանագրում, որ գերիներ կան Ադրբեջանում։ Բայրամովն ասուլիսի ժամանակ պնդում էր, որ Նոյեմբերյան հայտարարությունից հետո գերի ընկածները գերիներ չեն։ Ասուլիսի ժամանակ ևս մեկ անգամ կրկնեց Ադրբեջանի նախկին պնդումները։ Երբ որ նա նշում է ՄՄԻ-ն, նաև չի՞ նշանակում, որ արձանագրում է գերիների փաստը։

- Եվ այո, եվ ոչ։ Այսինքն՝ հենց «գերիներ» բառը չօգտագործելը կարելի է մեկնաբանել որոշակի ռևերանս Ադրբեջանին։ Բայց մյուս կողմից խնդրի կարևորումը ցույց է տալիս, որ միևնույն է՝ ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է հումանիտար խնդիրը, գերիների խնդիրը։ Եվ դա հնարավոր չէ որևէ այլ կերպ ձևակերպել։ Եվ ընդհանուր առմամբ պետք է հասկանանք, որ միջազգային հանրությունը շատ լավ հասկանում է հարցի էությունը և գերիների խնդիրը։ Ու բոլորի համար ակնհայտ է, որ Ադրբեջանն ընդամենը փորձում է քաղաքական նկրտումներով օգտագործել գերիների առկայության գործոնը, այդ թվում՝ նրանց կարգավիճակի փոփոխությունը։ Նպատակ է հետապնդում ավելի բարձրացնել այն գինը, որի դիմաց հենց Ադրբեջանը վերադարձնելու է այդ մարդկանց։ Ուստի այս ամենն ընկալելի է միջազգային հանրության համար։ Բայց ակնհայտ է, որ բավականաչափ ճնշում Ադրբեջանի վրա մենք չենք տեսնում։ Այո, բոլորը հասկանում են՝ ինչ խնդիր է, սակայն շատ ավելի տրամաբանական կլիներ, որ ԵԱՀԿ գործող նախագահն ուղղակիորեն այդ խնդրին անդրադառնար ու պահանջեր, որպեսզի Ադրբեջանն օր առաջ գերիներին վերադարձնի, ոչ թե սահմանափակվեր դիվանագիտական ձևակերպումներով, որը կողմերից յուրաքանչյուրը կարող է մեկնաբանել այս կամ այն կերպ։         

- Անն Լինդեն նաև թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հանդիպել է քաղհասարակության ներկայացուցիչների հետ։ Հատուկ ընդգծել է կանանց դերը խաղաղության կառուցման, հակամարտության կարգավորման մեջ, ինչպես նաև Այվազյանի հետ ասուլիսի ժամանակ հղում էր արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևին, որը վերաբերում է կանանց դերին հակամարտությունների կանխարգելման և լուծման գործում, խաղաղության հարցերում։ Կանանց դերին այսպիսի անդրադարձն ի՞նչ է նշանակում։

-Պետք է հաշվի առնենք, որ Շվեդիայի ԱԳ նախարարը եվրոպացի պաշտոնյա է։ Կին պաշտոնյա է և բավականին բարձր քաղաքական պաշտոն է զբաղեցնում ոչ միայն իր երկրում, այլ նաև՝ ամբողջ ԵԱՀԿ տարածաշրջանում։ Կանանց գործոնի ընդգծումը ես կապում եմ այն բանի հետ, որ քաղաքականության մեջ գենդերային խնդիրը միշտ օրակարգային է Եվրոպայի համար։ Նման բարձրաստիճան իգական սեռի պաշտոնյաներն էլ միշտ փորձում են իրենց պաշտոնն օգտագործել այդ խնդրների բարձրաձայնման և ցույց տալու, որ կանայք կարող են որոշիչ ձայն ունենալ քաղաքակական գործընթացներում։ Այս համատեքստում տրամաբանական է, որ դա պրոյեկտվում է նաև կոնֆլիկտների կարգավորման վրա։ Եվ երբ որ նա խոսեց Արցախյան հակամարտության համատեքստում այդ վստահության միջոցների կառուցման, վստահության մթնոլորտի կառուցման վերաբերյալ, հենց այդ համատեքստում էլ կանանց դերի ընդգծումը տեղի ունեցավ։ Կոնֆլիկտների տրասնֆորմացիայում մշտապես որոշակի հատված ունեցել են կանանց շփումները, կանանց ներգրավվումը և այլն։ Ես ավելի շատ կապում եմ եվրոպական տրամաբանության և արժեհամակարգի հետ։ Խիստ անհասկանալի էր ՀԿ-երի ընտրանքը [ՀԿ-ների, որոնք Երևանում հանդիպել էին Լինդեի հետ]։ Եթե ԵԱՀԿ-ն է ընտրել` պետք է լինեին բոլոր ԵԱՀԿ գործընկեր ՀԿ-երը, եթե ԱԳՆ-ն է ընտրել` ի՞նչ սկզբունքով։

- Լինդեն Ադրբեջան ու Հայաստան ժամանեց այն ժամանակահատվածում, երբ Թուրքիայում Մոսկվայի պայմանագրի 100-ամյակին վերաբերող միջոցառում տեղի ունեցավ։ Այցելությունն ինչ-որ կապ ունի՞ այս իրադարձության հետ։ Ինչ-որ մեսիջ տեսնո՞ւմ եք՝ ուղղված ռուս-թուրքական հարաբերություններին։ Եվ նաև, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերություններն այսպես լարված են, սա ինչպե՞ս կանդրադառնա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նաև Ռուսաստանն է ԵԱՀԿ միջնորդ խմբի անդամ։
  
- Նախ եկեք արձանագրենք, որ Անն Լինդեն այսօր տարածաշրջանում է որպես ԵԱՀԿ գործող նախագահ, այսինքն՝ ամբողջ ԵԱՀԿ-ի անունից է։ Ինքն այսօր ԵԱՀԿ-ի գլխավոր ներկայացուցիչն է։ Ռուսաստանը նույնպես ԵԱՀԿ անդամ երկիր է, ուստի Լինդեի՝ տարածաշրջան գալը որևէ կերպ հակառուսականության կամ Ռուսաստան-Արևմուտք հակասությունների կոնտեքստում այս պահի դրությամբ չարժե դիտարկել։ Ինչ վերաբերում է Արևմուտքի և Ռուսաստանի հակադրություններին, բնականաբար դրանք միշտ իրենց պրոյեկտումն ունեցել են և ունենալու են նաև տարածաշրջանում։ Այս առումով 44-օրյա պատերազմի հետևանքով որոշակի բալանսների խախտում տեղի ունեցավ։ Որովհետև սովորաբար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը եղել է այն ձևաչափը, որտեղ, առկա բոլոր խնդիրներից ու հակասություններից զատ, Ռուսաստանը, Ամերիկան ու Ֆրանսիան (որպես Եվրոպական Միության ներկայացուցիչ) արդյունավետ կերպով համագործակցել են։ Այսինքն՝ սա եղել է այն ձևաչափը, որտեղ Ռուսաստանը և Արևմուտքն արդյունավետ համագործակցություն են ունեցել։ Սակայն պատերազմից հետո բալանսը խախտվեց, քանի որ Ռուսաստանն էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը, մյուսներից ավելի անմիջական դերակատարում ու ներկայացվածություն ունի այսօր տարածաշրջանում։ Բնական է, որ դրան Արևմուտքում ոչ միանշանակ են վերաբերվում։ Եվ բնական է, որ ուշ թե շուտ դիմելու են որոշակի փորձերի։

Առավելևս՝ ԱՄՆ գործող նոր վարչակազմի դեպքում, փորձեր լինելու են ավելի ակտիվ ներգրավվել տարածաշրջանում և փորձել Միացյալ Նահանգների դերակատարումը նույնպես ուժեղացնել, բալանսավորել Ռուսաստանին և այլն։ Որքանո՞վ սա մեզ համար ճգնաժամային իրավիճակ կստեղծի։ Բնականաբար ռիսկեր լինելու են, սակայն շատ բան կախված է լինելու նաև այս պահի դրությամբ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունից։ Որովհետև այսօրվա իշխանության պարագայում շատ-շատ մեծ են մարտահրավերները։ Որովհետև երբեք չի կարելի բացառել, որ հերթական անգամ այս իշխանությունը կփորձի խաղալ Ռուսաստանի և Արևմուտքի հակասությունների վրա՝ փորձելով բացառապես նեղանձնային խնդիրներ հետապնդել։ Սակայն մշտապես ապացուցված է, որ դա որևէ օգուտ չի տալիս երկրին, և նույնսիկ շատ ծանր հետևանքներ է ունենում։ Ուստի պետք է հույս ունենալ, որ այս պահի դրությամբ կունենանք այնպիսի իշխանություն, որը կկարողանա ճիշտ կողմնորոշվել  և չի խաղա որևէ կերպ այդ բախումներ վրա։ Եվ թույլ չի տա մեզ համար անցանկալի և վտանգավոր զարգացումներ։

- Անցյալ տարի դեկտեմբերի 12-ին և 14-ին, երբ որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ լրիվ կազմը հանդիպումներ ունեցավ թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում, բացակայում էր ռուսաստանցի համանախագահը։ Եվ նաև երբ Անն Լինդեն իր թվիթերյան էջում տեղեկացրել էր Հայաստան ու Ադրբեջան կայանալիք այցերի մասին, ՄԽ համանախագահների հետ ճեպազրույցից հրապարակված լուսանկարում ռուս համանախագահը կրկին չկար։ Սա ինչ-որ նշանակություն ունի՞, թե՞ այդքան էլ պետք չէ ուշադրություն դարձնել։

- Պետք է ուղղակի արձանագրել, որ  Լինդեի՝ տարածաշրջանայցից անմիջապես առաջ ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով անձնական ներկայացուցիչը զրույց էր ունեցել Ռուսաստանի փոխարտգործնախարարի հետ։ Հետևաբար ԵԱՀԿ-ն այսօր հանդես է գալիս հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարման որոշման քաղաքականությամբ։ Եվ այստեղ բնական է, որ նրանք այսօր Ռուսաստանի կարծիքի հետ, դերակատարման հետ հաշվի նստելու են։ Եվ բնականաբար Ռուսաստանը նույնպես այդ նոր արդեն համանախագահության շրջանակներում միջնորդության ներքո իր դերակատարումն ունենալու է։ Եվ այդ կոնտեքստում Ռուսաստանի հետ խնդիրներ փնտրել, կարծում եմ, պետք չէ։ Համենայնդեպս, Անն Լինդեն չի լինելու այս արևմտյան գծի կրողը տվյալ դեպքում, որովհետև նա հենց ԵԱՀԿ-ի անունից է հանդես գալիս։ Եթե առանձին հավակնություններ լինեն Միացյալ Նահանգների կողմից, դա արդեն կարվի ամերիկյան պաշտոնյաների անունից և անմիջական մասնակցությամբ։

- Ասուլիսի ժամանակ Լինդեն նաև ասել էր՝ ողջունում է հրադադարը։ Այսինքն՝ ողջունում են ոչ թե հայտարարությունը, այլ՝ հրադադարը, այսպես ասենք։ 

- Այս համատեքստում շատ կարևոր է ձևակերպումը, որ նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը որակվեց որպես հրադադար։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձ է անում ցույց տալ, որ նոյեմբերի 10-ի հայտարարությունը հենց այն փաստաթուղթն է, որն ապահովում է հակամարտության կարգավորումը։ Իսկ Լինդեն ընդգծեց, որ դա ընդամենը հրադադարի ամրագրում էր, և պետք է լինի քաղաքական գործընթաց և քաղաքական կարգավորում։

- Կարելի՞ է ասել,որ Լինդեն ևս մեկ անգամ վերահաստատեց այն կետը, որ միջազգային կառույցները, մյուս համանախագահները ողջունեցին միայն հրադադարի հանգամանքը։ Այսինքն՝ ընդհանուր այս գիծը պահվել է։

- Նայեք, այստեղ միաժամանակ երկու գործոն է համադրվել։ Մի կողմից միջազգային հանրության համար կարևոր էր, որ պատերազմական գործողությունները կանգն են առել տարածաշրջանում։ Գոնե ժամանակավոր կամ գոնե հարաբերական կայունություն է հաստատվել։ Եվ այդ առումով բնականաբար հրադադարի այդ եռակողմ պայմանավորվածությունը բոլորի համար շատ կարևոր է։ Մյուս կողմից միջազգային հանրության և տվյալ դեպքում ԵԱՀԿ-ի համար բավական խնդրահարույց է, որ այդ գործընթացը, կարծես, դուրս է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափից։ Որովհետև տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը եղել է միակ ձևաչափը, որի ներքո քննարկվել է Արցախյան հակամարտությունը և փորձ է արվել կարգավորման հասնել։ ԵԱՀԿ գործող նախագահը և ԵԱՀԿ-ն՝ ընդհանուր առմամբ, կողմն են, որպեսզի գործընթացը վերադառնա համանախագահության ձևաչափ։ Եվ այդ համատեքստում է պետք դիտարկել նաև հենց այս ձևակերպումները։