«Բատկայի» «Պյուռոսյան հաղթանակը»․ բելառուսական իրականություն
Եվ ահա, ինչպես եւ սպասելի էր, Բելառուսում հերթական նախագահական ընտրությունը տեղի ունեցավ, կանխատեսելի արդյունքներով։ Հաղթեց, ըստ պաշտոնական վարկածի, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով ղեկավարում է Բելառուսը սկսած 1994 թվականից։ Մի կողմ թողնելով պաշտոնական թվերը, որոնք հրապարակեց ԿԸՀ-ն, արձանագրենք, սա Ալեքսանդր Լուկաշենկոյի պյուռոսյան հաղթանակն էր, քանի որ եթե նույնիսկ հաղթանակի փաստն էլ արձանագրենք, ապա կորուստները եւ արտաքին ճակատում եւ ներքին լսարանի մոտ, այս ընտրությունների մասով, այնքան շատ են եւ դեռ այնքան զգալի կլինեն, որ շատ ավելի լավ կլիներ, որպեսզի Լուկաշենկոն հեռանար։ Նախ, նախագահական ընտրարշավը սկսվեց ձերբակալություններով։ Արդեն հունիսին ձերբակալվեցին ռուսական թեկնածու համարվող բանկիր Վիկտոր Բաբարիկոն եւ ընդդիմադիր հիմնական թեկնածուներից բլոգեր Սերգեյ Տիխանովսկին։ Նշենք, որ բլոգերները Բելառուսում չափազանց կարեւոր դերակատարություն ունեն հասարակության մեջ քաղաքական մտքի ձեւավորման համար եւ կարելի է նրանց համեմատել խորհրդային ժամանակների ընդհատակյա «սամիզդատների» հետ։ Մյուս ընդդիմադիր թեկնածու Վալերի Ցեպկալոն պարզապես հասցրեց հեռանալ Բելառուսից, որպեսզի չձերբակալվի։ Լուկաշենկոն բացահայտ խոստովանեց, որ «Գազպրոմբանկի» բելառուսական մասնաճյուղի ղեկավար Վիկտոր Բաբարիկոյի դեմ հալածանքները սկսվել են իր հրահանգով։ Այն, որ Լուկաշենկոն հույս ուներ այդ կերպ լռեցնել հասարակությանը, հասկանալի է, սակայն նրան դա ըստ էության չհաջողվեց անել։ Հուլիսի վերջին օրը բլոգեր Սերգեյ Տիխանովսկու կինը՝ տնային տնտեսուհի Սվետլանա Տիխանովսկայան, ով ամուսնու ձերբակալությունից հետո ինքն էր առաջադրվել, կարողացավ հավաքել մինչեւ 60 հազար մարդու մասնակցությամբ հանրահավաք, ինչը Բելառուսի համար ոչ-իշխանական ճակատի համար աննախադեպ էր։ Ընտրություններն անցան աննախադեպ ճնշումների պայմաններում, այն աստիճան, որ նույնիսկ ռուսական Պետդումայում առաջարկեցին, որպեսզի ամենօրյա եղանակի տեսության նման հաղորդվի նաեւ համացանցի որակի մասին տվյալներ Բելառուսում․ արգելված էին հիմնական համացանցային ռեսուրսները եւ սոցիալական ցանցերը բացի «Տելեգրամից», կար խնդիրներ ինտերնետ կապի որակի հետ։ Այս ընտրությունները եզակի էին նաեւ նրանով, որ Բելառուսում ձեւավորվեց յուրօրինակ «կոնսենսուս -1», այսինքն գրեթե բոլոր ընդդիմադիրները միավորվեցին ընդդեմ Ալեքսանդր Լուկաշենկոյի։ Այսպես, Ցեպկալոյի եւ Բաբարիկոյի նախընտրական շտաբները միացան Տիխանովսկայայի շտաբին։ Անձամբ Լուկաշենկոն փորձում է արդեն հիմա խաղարկել հակա-արեւմտյան խաղաքարտը, եւ վախեցնել հասարակությանը Բելառուսում «Մայդանի» փորձով, չվանարելով ընդդիմադիրներին նույնիսկ «ոչխարներ» անվանել, սակայն հասկանալի է, որ նա, ինչպես նկատել էր Վլադիմիր Ժիրիովսկին, նույնիսկ ավելի քան 80 տոկոսանոց հաղթանակով, կորցրեց վստահությունը ոչ միայն երիտասարդության, այլ նաեւ միջին եւ ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ։ Թե ինչ կլինի հետո, դժվար է ասել, սակայն միայն մեկ գիշերով մոտ 200 ձերբակալությունները, մեկ զոհը, բազմաթիվ վիրավորների առկայությունը, բախումները ընդդիմադիրների եւ ուժայինների միջեւ, մթնոլորտը Բելառուսում շիկացնելու են եւ հնարավոր է սա լինի «Բատկայի» վերջալույսը, որը նա անցկացնի «ասեղների վրա նստած»։ Հետընտրական Բելառուսի հանդեպ թերեւս կփոխվի նաեւ քաղաքակիրթ աշխարհի վերաբերմունքը։ Չեն բացառվի անհատական սանկցիաները Լուկաշենկոյի եւ նրա շրջապատի հանդեպ։ Ամեն դեպքում իրավիճակը չափազանց հետաքրքիր է եւ ինտրիգային։
Կարծիքներ