Ինչու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չայցելեց Ծիծեռնակաբերդ

Ինչու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չայցելեց Ծիծեռնակաբերդ

Ինչպես հայտնի է, անցյալ շաբաթ Երեւանում էր ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Ստանիսլավ Զասին։ Սա ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի առաջին այցն էր Հայաստան, եւ այն, ինչպեսեւ կարելի է եզրակացնել, նախապես ծրագրված է եղել։ Այցի ընթացքում տեղի ունեցան մի շարք պաշտոնական հանդիպումներ, թերեւս ծավալվեցին կարեւոր կամ ոչ այնքան կարեւոր քննարկումներ, երեւի թե խոսվեց Հայաստան-ՀԱՊԿ բավականին լարված հարաբերությունների մասին։ Այս ամենը՝ մի կողմ։ Պաշտոնական լրահոսից տեղեկացանք, որ Իմանգալի Տասմագամբետովն այցելել է նաեւ Եռաբլուր։

Իհարկե, կարեւոր իրադարձություն է, անկախ այն հանգամանքից, որ դա արարողակարգային քայլ է եւ ոչ թե, ասենք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հոգու կանչը։ Իմանգալի Տասմագամբետովը նաեւ Ջերմուկ էր այցելել, բայց Հայաստան այցելող հյուրերի համար պարտադիր արարողակարգ համարվող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցը եւ հարգանքի տուրք մատուցելը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, չի կայացել։

Պաշտոնական Երեւանը կամ ՀԱՊԿ մամուլի ծառայությունը երեւի դրա բացատրությունն ունի, կուզենայինք մենք էլ տեղեկանալ, թե որն է պատճառը։ Սակայն հարցն այստեղ այլ է։ Ինչո՞ւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի այցելել Ծիծեռնակաբերդ։ Արդյո՞ք Ծիծեռնակաբերդ այցելությունը փոխարինվել է Եռաբլուր այցելությամբ, եւ նոր արարողակարգ է սահմանվում։ Արդյոք այդ փոխարինումը Երեւանի՞ նախաձեռնությամբ է կատարվել, թե՞ ՀԱՊԿ-ի։ Չէ՞ որ որեւէ պաշտոնական պատվիրակության այցը Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրքի մատուցումը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պետական արարողակարգի մաս է եղել տասնամյակներ շարունակ։ Ուրեմն ինչ, կարո՞ղ ենք եզրակացնել արդյոք, որ Հայաստանի գործող իշխանությունները փոխել են պետական արարողակարգը, եւ որքանո՞վ է բարոյական Ծիծեռնակաբերդը Եռաբլուրով փոխարինելը։ Ի դեպ, 2021-ին Հայաստան այցի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Ծիծեռնակաբերդ այցելել է։ Պետք է հուսալ, որ այս հարցերն անպատասխան չեն մնա, եւ հոդաբաշխ բացատրություն կհնչի ՀՀ ԱԳ նախարարությունից կամ ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։