ՔՊ-ի դժբախտությունը ՔՊ-ի մեջ է

ՔՊ-ի դժբախտությունը ՔՊ-ի մեջ է

Հակոբ Ասլանյան կամ համարյա՝ Անդրանիկ Քոչարյան: Ինչու համարյա՞… Գլխի չե՞ք ընկնում: Ախր նրանք համարյա նույնն են: Եվ ոչ միայն Հակոբ Ասլանյանն ու Անդրանիկ Քոչարյանը: ՔՊ-ում բոլորը, «էղնի էգ, թե որձ», համարյա նույնն են, համարյա՝ Նիկոլ: Ում ուզում եք՝ խոսեցրեք, համարյա նույն բաներն են ասում, համարյա նույնկերպ են մտածում կամ, ավելի ճիշտ, «չմտածում»: Այ, հենց չմտածելու գծով էլ Հակոբ Ասլանյանն ու Անդրանիկ Քոչարյանը շատ նման են իրար:

Փոխարենը այս երկուսն ունեն խորը, գրեթե անհաղթահարելի հակասություններ փողի հոտառության հարցում: Պերճ Պռոշյանն Անդոյի մասին է ասել՝ աչքի սուրմա թռցնող: Ամբողջ կյանքում եղել է «ցեց»: Կենսագրությունը կարդացեք: Շիրակի մարզում դեռ կենդանի մարդիկ կան, որոնք, Անդոյի եղեռնից մազապուրծ, պատմում ու պատմում են նրա «քաջագործությունների» մասին: Ընդ որում, բաներ են պատմում, որոնք չունեն վաղեմության ժամկետ, եւ այսօր էլ, եթե ոստիկանությունում, ԱԱԾ-ում, ՊՆ-ում, դատախազությունում կամ հակակոռուպցիոն մարմնում որեւէ նորմալ իսան լիներ, Անդոն հիմա զբաղված կլիներ հանրօգուտ աշխատանքներով: Մի հատ էլ Վիքիպեդիայում էջ է բացել… Ծայրից ծայր քֆուր-քյաֆար է: Դե, իսկ Անդոյի՝ պատերազմների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի նախագահության շրջանն էլ ամենաէկզոտիկն է:

Թե այդ պաշտոնի բերումով որքան լրացուցիչ փող է լափել, ոչ ոք չգիտի, փոխարենը հայտնի է, որ ո՛չ ապրիլյան եւ ո՛չ էլ 44-օրյա պատերազմների որեւէ հանգամանք չի ուսումնասիրել ու ոչ մի զեկույց չի պատրաստել: Ու էս մարդը, որ նույնիսկ չի կարող ասել, թե քանի զոհ ենք ունեցել այդ պատերազմների ժամանակ, ովքե՞ր են նրանք, ի՞նչ հանգամանքներում են զոհվել, առանց մտածելու հայտարարում է, որ մինչեւ մենք 1,5 միլիոն ցեղասպանված հայերի անունները, նրանց ծննդականներով ու սեփականության վկայականներով չներկայացնենք, չենք կարող ասել, որ ցեղասպանություն է եղել: Կներեք, իհարկե, բայց Ռուբեն Հայրապետյանը երիցս ճիշտ էր, երբ իրերն անվանում էր իրենց անուններով: Ես էլ ունեմ այդ ցանկությունը, պարզապես չունեմ Ռուբեն Հայրապետյանի հնարավորությունները: Անդոն կարող է հավարը գցել Ալեն Սիմոնյանին, Ալեն Սիմոնյանն էլ՝ ոստիկանությանը, ու… կաշը գնա: Ես դրա հավեսը չունեմ: Ուստի անցնենք Հակոբ Ասլանյանին:

Այնպես էլ չէ, որ հայ գրողները ոչինչ չեն ասել նեոբոլշեւիկ Հակոբ Ասլանյանի մասին: Անդրկովկասյան պրոլետարիատի երգիչ Հակոբ Հակոբյանի շատ ստեղծագործություններում կարմիր թելի պես ձգվում է Հակոբ Ասլանյան քաղաքական գործչի կերպարը՝ թե՛ որպես քնարական հերոս եւ թե՛ որպես կենդանի մարդ, որ կյանքին սկսել է նայել բանվորի աչքերով, ապա դարձել էլեկտրիկ ու վարչապետ… Ներողություն, վարժապետ, վերջում էլ՝ ՔՊ-ի առաջավոր պատգամավոր: Ինձ թվում է՝ Հակոբ Հակոբյանը հենց Հակոբ Ասլանյանին եւ նրա հետ պատահած վերջին արկածը նկատի ուներ, երբ գրում էր իր անմահ բանաստեղծությունը՝ Ինչպիսի հերոս ընկերներ մեռան… Մեռան, չկորան…
Ասում են՝ Հակոբ Ասլանյանն արցախյան երեք պատերազմների է մասնակցել: Վկայություններ, ցավոք, չկան այդ մասին, բայց փոխարենը խոսուն են նրա մեդալներն ու պարգեւները, որոնց ցանկն առկա է Ալեն Սիմոնյանի, իսկ ավելի ստույգ՝ ԱԺ պաշտոնական կայքում. «1992-1994 թթ. մարտական գործողությունների մասնակից» (1997թ., ՊՆ) եւ «2016թ. ապրիլյան պատերազմի մասնակից» (2019թ., Արծիվ մահապարտների միություն) կրծքանշաններ, «Վազգեն Սարգսյան» (2007թ., Արծիվ մահապարտների միություն) եւ «Ասպետաց Մեծն Տիգրան» (2016թ.) շքանշաններ, «Մայրական երախտագիտություն» (2007թ., ԱՀ), «Գարեգին Նժդեհ» (2010թ., ՊՆ), «Մարտական ծառայության» (2011թ., ՀՀ), «Դրաստամատ Կանայան» (2013 թ., ՊՆ), «Զինվոր հայրենյաց» (2013թ., «Զինվոր» ՀԿ) մեդալներ, «Կրթության երախտավոր» ոսկե հուշամեդալ (2012թ.): Ժամանակագրությունն այստեղ մի քիչ փնթի է կազմված:

Օրինակ՝ ինչո՞ւ են միայն 2019 թվին (Նիկոլի օրոք) իմացել, որ Հակոբ Ասլանյանը 2016թ. ապրիլյան պատերազմի մասնակից է: Բացակայում է նաեւ 44-օրյա պատերազմի մասնակցության որեւէ հիշատակում կամ մեդալ: Բայց սրանք մանրուքներ են: Ինձ ապշեցնում է նեոբոլշեւիկ Հակոբ Ասլանյանին «Ասպետաց Մեծն Տիգրան» շքանշանով, ինչպես նաեւ «Գարեգին Նժդեհ» եւ «Դրաստամատ Կանայան» մեդալներով պարգեւատրելու փաստը: Երեւի միայն հայերս կարող էինք «Ասպետաց Մեծն Տիգրան» շքանշան մտածել ու այն հանձնել մի մարդու, որն այսպիսի արգահատելի կարծիք ունի Տիգրան Մեծի մասին. «Մենք այսքան գովերգում ենք Տիգրան Մեծին, բայց Տիգրան Մեծը դրեց ծովից ծով Հայաստանի կործանման սկիզբը»: Լավ, ասենք՝ Տիգրան Մեծը մի կերպ կդիմանա, բա Գարեգին Նժդեհն ու Դրո՞ն… Դեռ երեկ չէ՞ր, որ ԱԺ ամբիոնից սույն Հակոբ Ասլանյանը Դաշնակցությանն ուղարկում էր «այնտեղ, որտեղից եկել է»: Թե բա՝ ինչո՞ւ պիտի մեր նոր սերունդը տանի այն բեռը, որ մենք տանում ենք ցեղասպանությունից ի վեր… Ողբամ զքեզ, իրական Հայաստան:

Եվ ավարտեմ Հակոբ Հակոբյանի «Ինչպիսի հերոս ընկերներ մեռան» բանաստեղծության համատեքստում տեղի ունեցած միջադեպի մասին փոքրիկ ակնարկով: Այդ օրը Քոչարյան Անդոն ցեղասպանության զոհերի թիվն ու անուն-ազգանունները ճշտելու մասին իր հայտարարություններով այնպես էր զայրացրել մեր հանրությանը, որ հայերը հանրակառքում Հակոբ Ասլանյանին տեսնելուն պես գոռացին՝ «Հակահայ վիժվածք»: Եվ ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո: Այո, Ալեն Սիմոնյանը ոստիկանություն կանչեց: Բայց դա չէ էականը: Էականն այն է, թե ՔՊ-ականների մասին ինչ է գրում Հակոբ Հակոբյանը.

Վրեժի, ցասման հրով բորբոքված
Նրանք բեմ ելան՝
Եվ բեմը դարձավ արյունով ներկված
Զոհերի սեղան…
Ինչպիսի՜ հերոս ընկերներ մեռան,
Մեռան, չկորան: