Արթուր Դավթյանը հանձնարարել է ԱԱԾ֊ին` ստուգել, թե ինչպես է վաճառվել Արգամ Աբրահամյանի առանձնատունը

Արթուր Դավթյանը հանձնարարել է ԱԱԾ֊ին` ստուգել, թե ինչպես է վաճառվել Արգամ Աբրահամյանի առանձնատունը

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն`Արգամ Աբրահամյանին այս տարի հաջողվեց վաճառել Մոնումենտում կառուցած շքեղ առանձնատունը, թեև դատախազությունը դեռ երկու տարի առաջ արգելել էր Կադաստրի կոմիտեին դրա հետ կապված որևէ գործարք կատարել։ 2020֊ին Նիկոլ Փաշինյանն այս առանձնատան վերաբերյալ ասել էր. «Որովհետև դա ուղղակի արհամարհանք ա հանրության, հանրային կարծիքի և ընդհանրապես Հայաստանում տեղի ունեցած պրոցեսների նկատմամբ։ Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են արել, տներ են կառուցել, էդ կառույցներն արել են ապօրինի»։ Հայտարարությունից հետո դատախազությունը արգելանք էր դրել Հովիկ Աբրահամյանի տան վրա, քանի որ այն պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործով իրեղեն ապացույց էր համարվել։ Ի դեպ, այդ առանձնատունը Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի շենքի նմանությամբ էր կառուցել։

Նախորդ տարվա վերջին` Աբրահամյանի որդին դատարանից պահանջել էր չեղարկել առանձնատան վրա դրված սահմանափակումները։ Չորս ամիս անց առաջին ատյանի դատարանը, անհասկանալի հանգամանքներում, բավարարել էր դիմումը։ Ապա՝ չսպասելով բողոքարկման արդյունքներին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը շտապել էր Կադաստրի կոմիտեին տեղեկացնել, թե Աբրահամյանի ունեցվածքի վրա այլևս որևէ սահմանափակում չկա։ Կադաստրի պետական կոմիտեից հապճեպ ստացված տեղեկանքի համաձայն` Աբրահամյաններն իրենց հսկայական տան գնորդ էին գտել՝ ընդամենը երկու շաբաթում, որը չէր վախեցել պետության կողմից արգելանքի տակ դրված թանկարժեք գույքը գնել։ Մարտի սկզբին արդեն այդ շենքը վաճառվել է ոմն Լիլիթ Պետրոսյանի, որ նորահայ օլիգարխ Նարեկ Նալբանդյանի կինն է։ Վերջինս հայ հանրությանը հայտնի դարձավ այն պահին, երբ ձեռք բերեց մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող եւ բազմաթիվ աճուրդների ընթացքում չվաճառվող "Գոլդեն փելես" հյուրանոցը։ Առանձնատունը արգելանքից հանելու եւ վաճառքը թույլ տալու վերաբերյալ առճակատում սկսվեց ՀՀ գլխավոր դատախազության եւ Հակակոռուպցիոն կոմիտեի միջեւ. երկու կողմը սկսեցին մեղքն իրար վրա գցել, բայց ակնհայտ է, որ այս հապճեպ եւ մութ գործարքի քավորը Հակակոռուպցիոն կոմիտեն է՝ Սասուն Խաչատրյանի ղեկավարությամբ։

«Հրապարակ»֊ին Գլխավոր դատախազությունից փոխանցեցին, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին ստուգել Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի առանձնատան վաճառքի գործարքը, թե ինչպես է առանձնատան կալանքը հանվել և դրանից անմիջապես հետո արագ վաճառվել: Ըստ գլխավոր դատախազության` «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով իրեղեն ապացույցի՝ Երևան քաղաքի Ազատության պողոտայի 1/6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արգամ Աբրահամյանի անվամբ գրանցված հողամասի պահպանությունը չապահովելու, առանց այդ կապակցությամբ դատարանի անհիմն որոշման բողոքարկման արդյունքներին սպասելու` նշված հողամասի տնօրինման սահմանափակումը վերացնելու, դրանից անմիջապես հետո նշված գույքը իրացնելու հանգամանքների ստուգումը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին»։