Պատերազմի սպառնալիքի առջեւ ընկրկելը կհանգեցնի ամեն ինչի կորստին

Պատերազմի սպառնալիքի առջեւ ընկրկելը կհանգեցնի ամեն ինչի կորստին

Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը, ըստ ամերիկյան հետախուզության տվյալների, որոշել է ս. թ. մայիսի 9-ին տոնել Դոնբասի ազատագրումը: Նման եզրակացության համար հիմք է ծառայել Ուկրաինայի տարածքում գործող ռուսական ուժերի համախմբումը Դոնբասի հյուսիսային, արեւելյան եւ հարավային առաջնագծերում: Պատերազմը դեռեւս երկար կտեւի, եթե ռուսական ռազմական պալատներում առկա է նաեւ Ուկրաինայի ողջ ծովափնյա (Սեւ ծովի) մասն ազատագրելու գաղափարը: Ինչի հերթը կհասնի Դոնբասից հետո:

Պատերազմի ձգձգվելը խնդիրներ է առաջացնում ոչ միայն նշված տարածքների բնակչության, այլ նաեւ արցախցիների եւ հայաստանցիների համար: Քանի որ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ կփորձի օգտագործել հարմար պահը Արցախից եւ Հայաստանից տարածքներ զավթելու նպատակով: Եվ դրա շնորհիվ կամ դրա սպառնալիքով ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլից կորզելու զիջումներ՝ տարածքային կա՛մ ռազմավարական եւ կա՛մ երկուսը միասին: Բայց մեր ողբերգականությունն այն է, որ Փաշինյան Նիկոլը համաձայն է նման զարգացումներին: Դրա մասին է վկայում նախկինում «հպարտ» հռչակված ՀՀ քաղաքացիներին պատերազմի սպառնալիքով խեղճացնելու հանգամանքը: Առիթն էլ ապրիլի 6-ին վարչապետ կոչեցյալի Բրյուսել մեկնելն է եւ այնտեղ Իլհամ Ալիեւի հետ հանդիպելը: Նիկոլի այդ ծրագրին փորձում է խոչընդոտել խորհրդարանական ընդդիմությունը՝ ապրիլի 5-ին հանրահավաքի հրավիրելով երեւանցիներին:  

Ենթադրում եմ, որ ընդդիմության ղեկավարները նախօրոք մշակել են հետագա քայլերի մարտավարությունը: Եվ չեն սահմանափակվելու մեկ կամ մի քանի հանրահավաքով, ապա մարդկանց տուն ուղարկելով: Եթե մենք համարում ենք, որ հասել ենք կրիտիկական կետին, ապա այն հաղթահարելը նշանակում է Նիկոլի հրաժարականը: Մնացած ամեն ինչ արդյունք համարել չի կարելի: Կամ էլ պետք է ընդունենք, որ մենք պարտվել ենք «նիկոլիզմին» եւ 20-րդ դարավերջի ազգային զարթոնքը պետք է թաղենք ադրբեջանցիների եւ թուրքերի հետ քիրվայության գրկում: Եվ որպեսզի դա տեղի չունենա, Երեւանում պետք է սկիզբ առնի հանրահավաքային շարժում եւ որեւէ կոնկրետ ժամանակահատվածում ավարտվի Փաշինյան Նիկոլի՝ պաշտոնից հեռացումով: 
Ապրիլի 5-ին կարող է հրաշք պատահել, եւ Ազատության հրապարակում ասեղ գցելու տեղ չլինի:

Ուրեմն այն պետք է ավարտվի շատ կարճ ժամանակում Նիկոլի հեռացումով: Բայց կյանքում հրաշքները հազվադեպ են լինում: Եվ հանրահավաքի մասնակիցներն էլ կարող են քիչ լինել: Եվ այս տարբերակի դեպքում պետք է նախօրոք մշակվի հաջորդական քայլերի ճանապարհային քարտեզ: Կա՛մ դա եւ կա՛մ էլ, ինչպես ասվեց, «նիկոլիզմի» հաղթանակը մեր նկատմամբ: 

Իսկ այն գաղափարը, թե նման ծանր եւ բարդ պահերին մենք պետք է համախմբվենք, որպեսզի մեր պառակտվածությունը չնպաստի հերթական կորուստներին, կեղծ է եւ միաժամանակ վտանգավոր: Հիշեցնեմ՝ մոտավորապես նման գաղափար էր բարձրաձայնվել ՀՀ առաջին նախագահի եւ Արցախի նախագահի հանդիպման ժամանակ: Սովորաբար արտաքին վտանգի դեպքում մարդիկ համախմբվում են իշխանության շուրջը: Դժբախտաբար, այսօր հենց ՀՀ իշխանությունն է վտանգը: Մեր համախմբումը պետք է տեղի ունենա ազգային իղձերի իրականացման նպատակով, այնինչ Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտումը կամ խաղաղության պայմանագրի կնքումը չի կարելի համարել այդպիսին: Եթե մենք ընկրկենք պատերազմի սպառնալիքի առջեւ, ապա կկորցնենք ամեն ինչ՝ հընթացս ստանալով այդ պատերազմը: