Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 6

Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 6

Մեր այսօրվա ողբերգական, օրհասական վիճակի հիմքը դրվեց 2018 թվականի մարտի 31-ին, երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց Գյումրի-Երեւան քայլարշավն ու հասավ այն բանին, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եւ մայիսի 8-ին ինքը դարձավ վարչապետ: Հետո պիտի պարզվեր, որ «Մերժիր Սերժին» կարգախոսով փողոց ելած ու իրենց արածը «ոչ բռի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն» որակածները շատ արագ մտնելու են այն արատավոր դաշտը, որի դեմ իրենք պայքարում էին: Հետո պիտի պարզվեր, որ, ի տարբերություն առողջ, բանական, դատող մարդկանց, հեղափոխականները պարտությունից չեն ամաչում, պարտությամբ հպարտանում են: Մենք փորձել ենք վերականգնել անցյալը եւ ներկայացնել հեղափոխականների տրանսֆորմացիայի համառոտ ժամանակագրությունը՝ ըստ օրերի եւ տարիների: Օր վեցերորդ. 2018-ի, 2019-ի, 2020-ի եւ 2021-ի ապրիլի 6։ Ինչից ուր հասանք։

2018-ի ապրիլի 6

Քայլարշավի հերթական հանգրվանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ժողովրդավարության ծառն ենք տնկում, քանի որ մեր պատկերացրած Հայաստանն իսկապես ժողովրդավարական երկիր է, այլ ոչ թե ստահոդ ժողովրդավարության նման մի բան»: Հետագայում «ժողովրդավարություն» բառը շատ անգամներ են օգտագործվելու, սակայն սա այն դեպքն է, երբ խոսքը գործից տարբերվում է, եւ մարդիկ այլեւս հավատ չեն ընծայում այդ խոսքին։

2019-ի ապրիլի 6

Իսկապես, ժողովրդավարություն կառուցող, քաղաքացու հաղթանակի համար իշխանության եկած ուժի ղեկավարած Ազգային անվտանգության ծառայությունը երկու ամիս առաջ՝ 2019-ի փետրվարին, հայտարարարել էր, թե բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը: Ապրիլի 5-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, որոշեց, որ ԱԱԾ-ն թույլ է տվել անմեղության կանխավարկածի խախտում՝ հրապարակել է տվյալներ, որոնք փաստական հանգամանքներով չեն հաստատվում: 

2020-ի ապրիլի 6

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն պարզեց, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը, որը բաղկացած է ընդամենը 2 պարբերությունից, մշակվել է 780 հազար ԱՄՆ դոլարով դրամաշնորհի շրջանակում՝ շրջակա միջավայրի նախարարությունում: Սակայն չկային փորձագետների անունները, չէր հրապարակվել նախագծի վերաբերյալ հանրային քննարկման մասին տեղեկություն: Նախարարությունը պնդում էր, որ այդ տեղեկությունը նախարարության պաշտոնական կայքում չի տեղադրվել տեխնիկական խնդիրների պատճառով: Այդպես էլ չտեղադրվեց:

2021-ի ապրիլի 6

Քաղաքացու հաղթանակի եւ երջանկության համար իշխանության եկած ուժի կրած պարտությունից հետո թշնամուն անցավ Սյունիքի որոշ հատված, եւ ապրիլի սկզբին ադրբեջանցիները քարեր նետեցին Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհով անցնող հայկական մեքենայի վրա։ Պատկան կառույցները լռեցին: Հաջորդող օրերին նման դեպքեր էլի եղան, մինչեւ որ Հայաստանի վարորդները դադարեցին այդ ճանապարհից օգտվել: Իսկ հասարակությունը հաշտվեց ադրբեջանական սադրանքների փաստերի հետ։

Շարունակելի

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ