Նիկոլի դեսպանից մինչեւ խայտառակություն կես քայլ է

Նիկոլի դեսպանից մինչեւ խայտառակություն կես քայլ է

Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի Վանաձորում համայնքի ղեկավարի ԺՊ (Ժո Պա) նշանակել, ապա այդ «ժոպայի» թիմում կլինի նաեւ Էդմոն Մարուքյանի մարդը: Չէ՞ որ Էդմոն Մարուքյանն այնքան «ամագ» ունի Վանաձորի ընտրությունների արդյունքները չեղյալ անելու եւ համայնքի ընտրված ղեկավարին՝ Մամիկոն Ասլանյանին բանտ նստեցնելու գործում: Նիկոլի ու Էդմոնի շահերն այստեղ լիովին համընկել էին՝ Մամիկոնը ՔՊ-ական չէր, բացի այդ էլ՝ մեկ անգամ արդեն «հագցրել» էր Էդմոնին՝ թույլ չտալով, որ քաղաքապետի աթոռին բազմի վերջինիս եղբայրը:

Ընդդիմադիրները սրերով ընդունեցին ՔՊ-շնիկների բերած օրենքը, ըստ որի՝ վարչապետին իրավունք է տրվում «ժոպա» նշանակել Վանաձորում: Այդ օրենքը նրանք անվանեցին «Մամիկոն Ասլանյանի մասին օրենք» եւ ԱԺ-ում ամոթանք տվին ՔՊ-շնիկներին, որ սրանք, երկրի համար այս դժվարին օրերին, երբ լինել-չլինելու հարց է դրված, քարկտիկ խաղալով են զբաղված: Ընդդիմադիրները, անխոս, ճիշտ էին, բայց վերոնշյալ օրենքը շատ էր պետք ՔՊ-ին եւ, իհարկե, Էդմոն Մարուքյանին, որի մարդն անպայման լինելու է Վանաձոր խոշորացված համայնքի «ժոպայական» թիմում:

Որ ընդդիմությունը ճիշտ էր, հասկանում էին նաեւ ՔՊ-շնիկներն ու հատկապես իրավաբանական մտքի ՔՊ-շնիկ գիգանտները: ԱԺ ամբիոնից օրենքի հեղինակ Վահագն Հովակիմյանի կմկմոցն ավելի քան խոսուն էր: Դժվար է ասել, թե ինչով կավարտվեր այս ամենը, եթե ԱԺ զբոսաշրջիկ-նախագահ Ալեն Սիմոնյանը վրա չհասներ ու հակագրոհ չկազմակերպեր ընդդիմության դեմ՝ եթե ավելի կարեւոր հարցեր կան, դուք քննարկում նախաձեռնեք, ինչո՞ւ չեք նախաձեռնում: Հետո էլ արդեն ՔՊ-շնիկները շշուկներ տարածեցին, թե բա ո՞նց կլինի, որ պատերազմական իրավիճակում հանրապետության երրորդ քաղաքում իշխանություն չլինի… Քոռանամ ես, արդեն քանի ամիս է՝ քաղաքն անտեր, համայնքի պատրաստի ղեկավարը բանտում նստած՝ սրանք մտածում են ինչ-որ «ժոպա» նշանակելու մասին:
Ավելի ուշ, սակայն, պարզվեց, որ Փաշինյանը ցանկություն է հայտնել «կարեւոր» հարցեր քննարկելու համար փակ ռեժիմով հանդիպել ընդդիմադիր ֆրակցիաների հետ, բայց մերժում է ստացել: Ընդդիմադիրները պահանջել էին հանդիպում՝ ողջ խորհրդարանի հետ, ՔՊ-շնիկների մասնակցությամբ, բայց դա էլ Նիկոլն էր մերժել: Ինչո՞ւ, նա իր թիմից թաքցնելու բա՞ն ուներ, թե՞ ցանկանում էր ընդդիմության հետ հանդիպումը վերածել «մերձեցման երեկոյի», ինչպես մեկ անգամ արել էր արդեն մի հայտնի կլասիկ «ընդդիմադիր» գործչի հետ: Այդ գործիչը հիմա վարչապետի հատուկ հանձնարարությունների գծով դեսպանն է:

Եվ ահա, Փաշինյանի այս ձախողումի հենց նույն օրը վարչապետի հատուկ հանձնարարությունների գծով դեսպանը՝ նույն ինքը՝ Էդմոն Մարուքյանը, մի գրառում կատարեց, որից պարզ դարձավ, որ «հատուկ հանձնարարություն» ասվածը նրա պարագայում ընդդիմության վրա մուննաթ գալն է: Նա գրել էր. «Այսօր դիտել եմ թեմային առնչվող բոլոր ընդդիմադիր գործիչների հարցազրույցներն ու ելույթները։ Ամեն բան ասացին, ամեն պատրվակ ներկայացրին խորհրդարանականները, բացի նրանից, թե ինչու չեն համաձայնում ստանալ ամբողջական տեղեկատվություն առաջնային աղբյուրից Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան հանդիպումից առաջ, իրենց ներդրումն ունենալ որպես ՀՀ օրենսդիր իշխանության մաս, վարչապետի հետ խոսել ՀՀ դիրքորոշման ու անելիքների մասին, ներկայացնել առաջարկներ կամ անհամաձայնություն հայտնել… Այս ծանր իրավիճակում ընդդիմությունը խուսափում է որեւէ մակարդակում որեւէ չափի պատասխանատվություն ստանձնել կամ իր դրական ներդրումն ունենալ ներկայիս մարտահրավերները հաղթահարելու գործում։ Սա վաղուց արմատացած անառողջ մթնոլորտի դրսեւորում է, որը որեւէ կերպ մեր երկրի դիմադրողականությունն արտաքին մարտահրավերների առաջ չի բարձրացնում»:

Ահա, այսպես. Փաշինյան-Ալիեւ խայտառակ երկխոսության եւ արտաքին մարտահրավերների դեմն առնել չկարողանալու մեղավորը նշանակված է՝ դա ընդդիմությունն է, որը մերժել է Փաշինյանի՝ փակ ձեւաչափով հանդիպելու առաջարկը:
- Էդմոն, էդ սպառնըմ ե՞ս, թե՞ լուրջ ես ասըմ…

Բա ո՞ւր էր Էդմոնն այն ժամանակ, երբ ընդդիմության չդադարող հարցերին, թե ի՞նչ ես բանակցում Արցախի հարցով, մարդամեկը հայտարարում էր՝ ինչ պետք ա, էն էլ բանակցում եմ: Հարցնում էին՝ ո՞ր կետից ես բանակցում, պատասխանում էր՝ իմ կետից: Ու ի՞նչ է փոխվել հիմա: Մի՞թե 44-օրյա պատերազմ է տեղի ունեցել, մի՞թե բանակցող տղեն խայտառակվել է, մի՞թե Արցախի հարցը թաղել ու ավելի վտանգավոր մարտահրավերներ է բերել Հայաստան: Ընդդիմությունը երկրի համար օրհասական պահին նրան ասաց՝ հրաժարական տուր, դու չես կարող բանակցել, դու խփված խաղաթուղթ ես այլեւս: Տվե՞ց… Դե շատ կներեք, էլի, ընդդիմությունն այսքանից հետո դեռ պետք է նրա հետ լեզու թրջի, նա էլ սպառնա՝ բան թափ տալ:

Մի խոսքով՝ Էդմոն, մուննաթդ քեզ պահիր ու հատուկ հանձնարարություններդ ընդդիմությունից հեռու կատարիր: Դու ի՞նչ գիտես ընդդիմությունն ինչ է, որ մի հատ էլ մուննաթ ես գալիս ընդդիմության վրա: Բա դեսպանը սուտ կխոսի՞, որ դու սուտ ես խոսում: Թե բա՝ շուրջ 10 տարի խորհրդարանում ընդդիմադիր գործունեություն եմ իրականացրել… Ստի մերը տղա չբերի՞, թե դու երբեւէ ընդդիմադիր ես եղել: Սա չի՞ քո քաղաքական կենսագրությունը՝ խորհրդարանում ես հայտնվել Սերժ Սարգսյանի մեղքով, ապա մանդատը պահել Միքայել Մինասյանի հովանու ներքո:

Ընդդիմադիր չես եղել երբեք: 2018թ․ դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո, ԲՀԿ-ի կյանքն ուտելով, սպասարկել ես Նիկոլի շահերը, դարձել վերջինիս հանցակիցը ՀՀ Սահմանադրությունը տիրոջ մեր անելու գործով: 44-օրյա պատերազմից հետո կեղծ պահանջել ես Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ հետո` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ նպաստել Հայրենիքի փրկության շարժումը փակուղի մտցնելուն եւ երկիրն արտահերթ խորհրդարանական ընտրությունների տանելուն: 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրություններից առաջ դավաճանել ես սեփական թիմին, իրականացրել ձեւական քարոզարշավ, ինչի արդյունքում ԼՀԿ-ի ձայներն անցել են Նիկոլի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Մեկ տարի չանցած` պաշտոն ես ստացել Նիկոլ Փաշինյանից` դառնալով հատուկ հանձնարարությունների, այն է՝ ընդդիմություն քլնգելու գործով դեսպան: