Գարեջուրն ու նրբերշի՞կն են կարեւոր, թե՞ պատմական հայրենիքը

Գարեջուրն ու նրբերշի՞կն են կարեւոր, թե՞ պատմական հայրենիքը

«5165» շարժումը, որը պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը, երեկ ակցիա իրականացրեց Ազգային ժողովի դիմաց, ապա պահանջագիր ներկայացրեց պատգամավորներին։ «Պահանջում ենք, որպեսզի ՀՀ Ազգային ժողովը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը։ ՀՀ ԱԺ-ն պիտի անհապաղ աշխատանքներ սկսի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հետ կապված։ Մենք հստակ հայտարարում ենք, որ այս պահանջը փրկության պահանջ է, Արցախի փրկության պահանջն է։ Սա Արցախին ցեղասպանությունից փրկելու պահանջն է։ Խնդրում ենք բոլորին՝ սա չդիտարկել որպես քաղաքական, շարքային հերթական ակցիան, սա լրիվ ուրիշ բան է ու շատ կարեւոր բան է։ Թշնամին մաս-մաս գրավում է Արցախը, գրավում է հայկական բնակավայրերը։ Մի բան շատ հստակ է՝ մինչեւ Հայաստանը չճանաչի Արցախը, ուրիշ ոչ ոք չի ճանաչելու։ Միայն դրանով է, որ Հայաստանի Հանրապետությունն իրավատեր կդառնա Արցախի անվտանգությանը։ Մենք հիմա այս հարցով ժողովրդից ու բոլոր քաղաքական ուժերից խնդրում ենք աջակցություն՝ սատար կանգնեք մեր այս պահանջին»,- իր ելույթում ասաց շարժման համահիմնադիրներից մեկը` Մենուա Սողոմոնյանը։

«ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչումը միանշանակ պիտի դառնա բոլորի օրակարգային հարցը։ Սա ասում եմ՝ դիմելով բոլոր քաղաքական ուժերին։ Սա այն վեհ նպատակն է, որը նախ Արցախի Հանրապետության փրկության խնդիրն է լուծելու ու հետո արդեն լուծելու է մեր արժանապատվության ու պատվի խնդիրը։ Դիմելով Ազգային ժողովի պատգամավորներին՝ հստակ ասում եմ, որ Հայաստանը դե ֆակտո դեռ վաղուց ճանաչել է Արցախի անկախությունը, որովհետեւ բազմիցս կնքվել են միջպետական պայմանագրեր, որոնք ապացուցում են, որ մենք իրոք դեռ վաղուց ենք ճանաչել Արցախի անկախությունը։ Քանի որ մենք չենք վստահում Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ այս 4 տարիների ընթացքում երբեւէ չի պահել ազգային շահը, մենք դիմում ենք ԱԺ պատգամավորներին։ Խորհրդարանը եթե փորձեց մոլորեցնել ժողովրդին ու ասել, թե` եթե Հայաստանը ճանաչի Արցախը, ապա պատերազմ կսկսվի, մենք սա որպես սադրանք կընդունենք ու կընդունենք, որ սա Ադրբեջանի հետ պայմանավորված է։ Պատերազմի վախի ազդեցության տակ չփորձեք ժողովրդին պարտադրել հրաժարվել Արցախից»,- պնդեց «5165»-ի ղեկավար Կարին Տոնոյանը։

«Տարիներ շարունակ մեր դիրքորոշումը եղել է այն, որ մենք պիտի չճանաչենք Արցախի անկախությունը, որպեսզի դա վատ ազդեցություն չունենա բանակցային պրոցեսի վրա։ Բայց այսօր լրիվ այլ իրավիճակ է, ու Արցախի ճանաչման հարցն այլ հրատապություն է ստացել մի քանի պատճառներով։ Հիմնական պատճառը, բնականաբար, Ադրբեջանի վարքագիծն է։ Մենք տեսնում ենք, որ խաղաղության օրակարգը միանշանակ կեղծ օրակարգ է։ Որեւէ ազդանշան, որեւէ քայլ, որեւէ գործողություն չկա, որ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ են կամ ուզում են մեզ հետ գնալ խաղաղության։ Փաշինյանը կառավարության վերջին նիստի ընթացքում նույնպես ընդունեց, որ Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտման քաղաքականությունը, շարունակում է հող նախապատրաստել լայնածավալ պատերազմի համար։ Հող է նախապատրաստում պատերազմ սկսելու ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի դեմ, ավելին՝ Ադրբեջանի նախագահն ու այնտեղի բարձրաստիճան պաշտոնյաները մշտապես խոսում են սպառնալիքների մասին, մշտապես խոսում են Զանգեզուրի մասին, Սեւանի մասին ու Հայաստանի այլ տարածքների նկատմամբ իրենց հավակնությունների մասին։ Լավ, բա էլ ի՞նչ խաղաղություն։ Փաշինյանը ժամանակին ասում էր, թե նույնիսկ այն, ինչ անում է Ադրբեջանը, մեզ չպիտի ստիպի, որ շեղվենք խաղաղության օրակարգից, բայց հիմա արդեն գլխի ընկան, փաստորեն, որ ամեն դեպքում պետք է շեղվել դրանից, քանի որ դա կեղծ է։ Պատերազմը հենց այսօր դիվանագիտական դաշտում է, ու մենք տանուլ ենք տալիս այս պատերազմը, որովհետեւ հայկական կողմը շարունակաբար խոսում է զիջումների մասին»,- նկատեց շարժման հիմնադիրներից Հովհաննես Ղազարյանը, որը ժամանակին Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենն էր, ապա անսպասելի դուրս եկավ հիմնադրամից եւ սկսեց ընդդիմադիր գործունեություն ծավալել։

«Այսօր Արցախում վիճակը շատ ավելի վատ է, քան նույն 1988 թվականին: Ես ուզում եմ բոլորին արթնանալու կոչ անել։ Պիտի արթնանալ ու տեր կանգնել, այս պահին մեր խնդիրը դա է, այլ հարց չպիտի անգամ քննարկվի։ Մեր խնդիրը թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը փրկելն է, բայց միայն Արցախը փրկելով մենք կփրկենք Հայաստանը։ Այս գաղափարով է պետք հիմա միայն ապրել։ Դիմում եմ աշխարհի բոլոր հայերին։ Պետք է ճնշում գործադրել, պիտի բոլորը լսեն սրա մասին։ Այն պետությունում, որտեղ որ հայ է ապրում, ամեն մեկն առանձին պիտի փորձի ճնշում գործադրել այդ պետության վրա։ Ժողովուրդ ջան, արթնացեք վերջապես։ Մենք հայ ենք, մենք պիտի մեր իրավունքներին տեր կանգնենք»,- իր ելույթում ասաց երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։

«Եթե մենք այսօր լինենք անտարբեր, մեր պատմական հայրենիքի մի մասը՝ Արցախը, կարող է դառնալ թուրքի փայ։ Լավ, գարեջուրն ու նրբերշի՞կն են կարեւոր, թե՞ պատմական հայրենիքը։ Միանշանակ պիտի Արցախը ճանաչվի, թեպետ ես գտնում եմ, որ սա արդեն շատ ուշացած է։ Մենք պիտի Արցախը ճանաչեինք 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, իսկ իրականում՝ 2016 թվականի ապրիլի 2-ին։ Մենք պիտի դա անեինք ու դուրս գայինք Ադրբեջանի հետ ունեցած այդ կեղծ բանակցային պրոցեսից։ Ադրբեջանն օգտագործեց բանակցային պրոցեսը, որպեսզի մեր ողնաշարը ջարդի, իսկ այսօր մենք վերջին հանգրվանում ենք գտնվում, ամեն ինչ մեզնից է կախված։ Եթե մենք հիմա զրկվենք Արցախում հայկական ներկայությունից, վերջ, էլ ոչ մի բան չենք կարող ճանաչել»,- շեշտեց Ավետիք Չալաբյանը։