Էքսկլյուզիվ

«Հրապարակ». Պահը հասունացե՞լ է. կհաջողվի՞ հուսահատված մարդկանց հանել փողոց

«Հրապարակ». Պահը հասունացե՞լ է. կհաջողվի՞ հուսահատված մարդկանց հանել փողոց

Տեւական դադարից հետո ընդդիմությունը կրկին որոշել է լծվել հայրենիքի փրկության գործին։ Այսօր խորհրդարանական երկու ուժերը՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները, Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնեն։ Վերջին անգամ մեծ հավաք ընդդիմադիրները կազմակերպել են անցած տարվա նոյեմբերի 8-ին՝ կապիտուլյացիոն փաստաթղթի մեկամյա տարելիցին, որի ժամանակ ելույթով հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ խոստանալով, որ կարճ ժամանակում «վռնդելու» են իշխանություններին, որ իշխանափոխությունը շաբաթների հարց է։

Դրանից հետո ընդդիմադիրները վստահեցնում էին, որ այդ խոստումն ուժի մեջ է, եւ որ իրենք կազմակերպում են ժողովրդին, մարզային այցելություններ են ունենում, մի խոսքով` աշխատում են այդ ուղղությամբ։ Իր վերջին` փետրվարյան ասուլիսում մեր հարցին, թե ինչու է ուշանում փողոցային պայքարը, հատկապես որ իշխանությունն ամեն օր մի բան զիջում է մեր հայրենիքից, երկրորդ նախագահը պատասխանեց, որ պետք է պահը հասունանա․ «Իմ գնահատականով՝ դեռ չի հասունացել այն վիճակը, որով մենք կկարողանանք մեծ զանգվածներ փողոց հանել։ Մենք չենք ուզում հիասթափեցնել մեր կողմնակիցներին, հետո մեզ են մեղադրելու սխալ հաշվարկի համար։ Առանց փողոցի այս իշխանությունը չի գնալու։ Փողոցը պետք է լինի իշխանությունը հեռացնելու մասին։ Այդ վիճակը մենք պետք է հասունացնենք»,- ասել էր Ռ. Քոչարյանը։

Սակայն օրերն անցնում էին, եւ պահն այդպես էլ չէր «հասունանում», եւ անգամ իրենց ընտրազանգվածն էր սկսում հույսը կտրել ընդդիմությունից: Հավանաբար, իրենք էլ զգացին, որ ամեն օրվա ուշացումը մաշում է իրենց ռեսուրսը, մանավանդ՝ օրերն էլ արդեն տաքացել են, եւ անցած ուրբաթ հայտարարվեց հանրահավաքի օրը` ապրիլի 5: Բանն այն է, որ հանրահավաքի հաջորդ օրը՝ ապրիլի 6-ին, Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպումն է սպասվում, եւ կան տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Արեւմուտքի ճնշումների ներքո ստորագրել խաղաղության պայմանագիրը, որը վերջնականապես կնշանակի Արցախի կապիտուլյացիա՝ այն Ադրբեջանի տնօրինությանը հանձնելու ակտ։ Եվ եթե անգամ ապրիլի 6-ին ոչինչ չորոշվի, հաջորդ` Մոսկվա այցելության ժամանակ հավանական է, որ ինչ-որ բան Փաշինյանը կստորագրի կամ կտա բանավոր համաձայնություն: Եվ չնայած լուրեր կային, որ ընդդիմությունը որոշել է սպասել ռուս-ուկրաինական հակամարտության ավարտին` ակտիվանալու համար, սակայն իշխանությունների այս շտապողականությունը փոխել է նրանց պլանները եւ ստիպել, որ փողոց դուրս գան՝ դավադիր իշխանություններին հեռացնելու, հայրենիքը փրկելու օրակարգով։

Մեզ ասացին, որ վեճեր են եղել մարտավարության առումով` ոմանք առաջարկել են լոկալ ակցիաներ սկսել եւ ակտիվացնել հասարակությանը, ապա նոր հանրահավաք նշանակել: Ասենք, հացադուլներ, նստացույցեր, վրանային գիշերակացով երիտասարդական ակցիաներ անել, եւ միայն վերջում, երբ համոզված կլինեն, որ ժողովրդի լայն զանգվածների հետաքրքրությունը շարժել են, հրավիրել մեծ հանրահավաք։ Բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ ընդդիմադիրները նույնպես ստիպված են շտապել` որեւէ փաստաթղթի ստորագրումից հետո անիմաստ կլինի ինչ-որ բան ձեռնարկելը:

Մի բան պարզ է, որ այսօրվա հանրահավաքը վճռորոշ է լինելու` մի կողմից ինդիկատորի դեր է խաղալու, թե ինչքանով է հանրությունը պատրաստ պայքարի, մյուս կողմից` թե ընդդիմությունն ինչքան մարդ է կարողանում հանել այս թմբիրից եւ Ազատության հրապարակ բերել: Կարեւոր է լինելու նաեւ այն, թե գործողությունների ինչ ծրագիր է ներկայացնելու ընդդիմությունը հանրությանը, որովհետեւ մեկանգամյա հանրահավաքն ավելի շատ կվնասի իրենց եւ պայքարին, քան կօգնի: 

Արդեն մի քանի օր է՝ «Արցախն ու Հայաստանը վտանգված են» կարգախոսներով երիտասարդներն իրազեկման ակցիա են իրականացնում մայրաքաղաքի եւ մարզերի փողոցներում։ «Այս իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Այս իշխանությունը կատարում է թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները։ Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը։ Պաշտպանենք մեզ եւ մեր երեխաներին»,- հայտարարում են նրանք։ 

Եվ որպեսզի հանրահավաքը հնարավորինս տպավորիչ լինի, երկու ճամբարներում աշխատանքի բաժանում են արել եւ պարտավորություններ ստանձնել: Որոշել են, որ հարթակում չեն լինի հասարակության նիկոլական հատվածի հակակրանքին արժանացած քաղաքական գործիչները, հանրահավաքը կվարի ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչ Սեւակ Նազարյանը: Հարթակից ելույթներ կունենան մտավորականներ, հասարակության լայն շերտերի համար ընդունելի հասարակական-մշակութային դեմքեր: Իհարկե, ելույթ կունենան նաեւ 2 խմբակցությունների պատգամավորներ, սակայն փորձելու են, որ նախկիններ-ներկաներ տարանջատումը չընդգծվի եւ չվանի մյուս ճամբարում գտնվող շարքային քաղաքացիներին։ Անգամ որոշել են լոգո եւ դրոշ մշակել, որը չի ասոցացվի ո՛չ Հանրապետականի, ո՛չ «Հայաստան» դաշինքի եւ ո՛չ էլ այլ ուժերի կուսակցական տարբերանշանների հետ, որպեսզի անկուսակցականները կաշկանդված չլինեն` այդ պայքարը նաեւ իրենցը համարեն։ 

Երկու ընդդիմադիր ուժերի մաս կազմող քաղաքական ուժերն առանձին-առանձին ստանձնել են որոշակի թվով մարդկանց հանրահավաք բերելու պարտականությունը։ Եվ որպեսզի հետո մեկը մյուսի վրա չգցի, այնպես են անելու, որ երեւա, թե որ ուժը որքան մարդ է բերել հանրահավաքի։ Ընդդիմադիրները ներքին քննարկումների ժամանակ նախնական հաշվարկ են արել, որ երկու խմբակցությունների ուժերով կհաջողվի 7 հազարից ավելի մարդ բերել հրապարակ: Եթե մի 1000-2000 մարդ էլ ինքնաբուխ ներկայանա, կարելի է մեկնարկը հաջողված համարել, եւ հույս կարթնանա, որ շարունակությունն էլ կստացվի։

Մեզ ասացին, որ ճանապարհային քարտեզ են գծել, այսօրվա հանրահավաքով տրվելու է առաջիկա պայքարի մեկնարկը: Իսկ հնարավո՞ր է, որ այսօրվա հավաքին հայտարարվի նաեւ շուրջօրյա նստացույցերի մեկնարկը, մեր աղբյուրները բացասական պատասխան տվեցին՝ վստահեցնելով, որ պարբերական ակցիաների շրջան է սկսվելու։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image