Իսրայելական ճգնաժամը խարխլել է Բայդենի արտաքին քաղաքականությունը․ Financial Times

Իսրայելական ճգնաժամը խարխլել է Բայդենի արտաքին քաղաքականությունը․ Financial Times

Financial Times պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հույսերը կապված Մերձավոր Արեւելքում հարաբերական անդորրի պահպանման հետ, Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմամբ հօդս են ցնդել։ Ըստ հրապարակման, այն նաեւ խարխլել է Սպիտակ տան ներկայիս ղեկավարի ողջ արտաքին քաղաքականությունը՝ ներքաղաքական մակարդակում իր հասցեին քննադատությունների մեծ ալիք առաջացնելով։ Financial Times-ը նշում է, որ անցյալ հանգստյան օրերին տեղի ունեցած իրադարձությունները ստիպել են ԱՄՆ նախագահին եւ նրա՝ ազգային անվտանգության հարցերով զբաղվող թիմին փութաջանորեն լուծել Իսրայելին անհրաժեշտ սպառազինությունների եւ այլ օգնության տրամադրման հարցը, որպեսզի հանկարծ հակամարտությունն ավելի չծավալվի։

Մյուս կողմից, նախագահական վարչակազմը փորձում է պաշտպանել ամերիկացիներին։ Financial Times-ը արձանագրում է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակումը շոկային ազդեցություն է ունեցել Սպիտակ տան վրա եւ ողջ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ն փորձում է համոզել իր դաշնակիցներին, որ կշարունակի նույն եռանդով աջակցել Ուկրաինային, չնայած այն բանին, որ Կոնգրեսում հանրապետական խմբակցության կողմից լուրջ հակազդեցություն կա այս հարցի հետ կապված։ «Նրանք փորձում էին Չինաստանն ու Ռուսաստանը պահել ուշադրության կենտրոնում՝ Մերձավոր Արեւելքը երկրորդ պլան տեղափոխելով։ Սակայն ինչպես դա հաճախ է լինում Մերձավոր Արեւելքում, ռեգիոնն ինքն է իր ներկայության մասին հիշեցրել»,- նշել է Ջորջթաունի համալսարանի Դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Դենիել Բայմանը։ Իսրայելական ճգնաժամի առնչությամբ արդեն իսկ Սպիտակ տանը խիստ քննադատել են հանրապետականները, մեղադրելով Բայդենին այն բանում, որ թույլ է տվել, որ Իսրայելի թշնամական ուժերը, ներառյալ նաեւ Իրանի կողմից աջակցվող ՀԱՄԱՍ-ը իրեն անակնկալի բերեն։ Նախկին նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Բայդենը դավաճանել է Իսրայելին։ Financial Times-ը հավելում է, որ Բայդենի համար իրավիճակն ավելի կբարդանա, եթե Իսրայելը որոշի ցամաքային գործողություն սկսել Գազայի սեկտորում։ Դա կարող է պաղեստինցի խաղաղ բնակչության շրջանում մեծ զոհերի հանգեցնել եւ այդ դեպքում ամերիկյան վարչակազմը շատ մեծ դժվարությամբ կկարողանա պաշտպանել Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի կառավարությանը։