«Ժուչոկներով» սպասք է ներկրվել Հայաստան

«Ժուչոկներով» սպասք է ներկրվել Հայաստան

Առաջ՝ Սերժի թվերին, ՀՀԿ-ական պատգամավորներն իրենց կաբինետներում զգուշանում էին Սերժ Սարգսյանի անունը բարձր տալուց եւ սուր թեմաներ քննարկելուց։ Զրույցների ժամանակ, երբ հերթը հասնում էր Սերժ Սարգսյանին, նրանք իրենց կուսակցության ղեկավարի անունը տալիս էին շատ ցածրաձայն՝ մատնացույց անելով գլխավերեւում կախված մեծադիր նկարը։ Հեռախոսով խոսելիս էլ առավելապես նախընտրում էին Viber-ը, WhatsApp-ն ու մյուս հավելվածները, քանի որ բոլորի մոտ կասկած կար, որ իրենց հեռախոսները գաղտնալսում են, իրենց աշխատասենյակներում «ժուչոկ» կա դրված։ Մինչդեռ իրականությունն այդքան սարսափելի չէր, եւ շատ բան չափազանցված էր։ Իրականում հատուկ ծառայությունները միշտ էլ իրենց վերահսկողության տակ են պահել քաղաքական գործիչներին՝ իշխանական, թե ընդդիմադիր, նախկին ու ներկա պաշտոնյաներ՝ նախարարներից մինչեւ մանր չինովնիկ։ Սա արվել է երկրի անվտանգության եւ դժգոհության մթնոլորտին տեղյակ լինելու նպատակով։ Անշուշտ, ոչ բոլորի կաբինետներում են գաղտնալսող սարքեր եղել, բայց «ԿաԳեԲե»-ի կողմից վերահսկման վախը բոլորի մոտ է եղել։ Ասենք՝ կառավարության անդամների աշխատասենյակներում էին «ժուչոկ» տեղադրում։ Նախկին նախարարներից մեկի անսպասելի հրաժարականը, ի դեպ, հենց հատուկ ծառայությունների այդ աշխատանքի «արդյունքն» էր։ Հաճախ գաղտնալսումներն արվում էին, որ իմանան, թե բարձրաստիճաններն ինչպես են վերաբերվում Սերժ Սարգսյանին, եւ այդ գաղտնալսումները դրվում էին նախագահի սեղանին, ով, ասում են, իր անձի դեմ ոտնձգությունները չէր ներում։

Սակայն հիմա, ասում են, այս առումով մթնոլորտն ավելի ծանր է, քան կարող էր լինել դեմոկրատիայի եւ ազատ խոսքի բաստիոն համարվող «նոր Հայաստանում»։ Մեզ ասացին, որ հատուկ ծառայություններն ամենուր գաղտնալսում են, հետեւում բոլորի շարժին՝ իշխանականներից մինչեւ ընդդիմադիրներ, լրագրողներից մինչեւ ակտիվիստներ ու ֆեյսբուքյան «ստատուսչիներ»։ Թե՛ «Իմ քայլի» պատգամավորները, թե՛ գործադիրի մանր ու միջին չինովնիկները հեռախոսազրույցներում եւ հանդիպումներում շատ զգույշ են, ձգտում են հնարավորինս խուսափել խնդրահարույց քաղաքական թեմաներ շոշափելուց։

Մեզ ասացին, որ վերջերս հատուկ նշանակության սպասք է ներկրվել Հայաստան՝ հենց գաղտնալսման նպատակով։ Այդ սպասքի մեջ՝ ափսե, բաժակ, մոխրաման եւ այլն, ներկառուցված գաղտնալսող սարքեր՝ «ժուչոկներ» կան, եւ չի բացառվում, որ դրանք օգտագործվեն ոմանց աշխատասենյակներում կամ ռեստորան-սրճարաններում, որտեղ հաճախ են լինում որոշ ընդդիմադիր կամ իշխանական գործիչներ։ Հետաքրքիր է, թե ինչ փոփոխություն կկրի այս իրավիճակը ԱԱԾ տնօրենի փոփոխությունից հետո։ Չի բացառվում՝ ավելի բարդանա, եւ գաղտնալսվողների շրջանակն ընդլայնվի։

ՀԳ․ Այս ֆոնին մի զավեշտալի դրվագ հիշեցինք վարչապետի վանաձորյան ասուլիսից։ Մարզային լրագրողներից մեկն ասուլիսի մեկնարկից րոպեներ առաջ մոտեցավ կառավարության աշխատակիցներից մեկին եւ հարցրեց, թե երբ կարող են իրենց «ժուչոկն» ամրացնել վարչապետի «դոշին», որ ասուլիսը հնարավորինս մաքուր ձայնով գրեն։ Լոռեցի լրագրողի միամիտ հարցը ժպիտ առաջացրեց ներկաների մոտ։