Հայաստանում չեն երաշխավորում ներդրողի իրավունքները

Հայաստանում չեն երաշխավորում ներդրողի իրավունքները

Կապանի լեռնահարստացման կոմբինատի նախկին շահագործող, կանադական Dundee Precious Metals ընկերության հայաստանյան մասնաճյուղի նախկին տնօրեն Հրաչ Ջաբրայանն անցած տարի աղմկոտ բացահայտումներ արեց՝ դիմելով իշխանություններին։

Նա ասում էր, որ 2013-ից ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել ընկերության կողմից շահագործվող Կապանի հանքավայրում, 2014 թվականին տուգանել է ընկերությանը 10 մլն դոլարով: Նա մի քանի անգամ դիմել է ՊԵԿ-ին, հասել մինչեւ Սերժ Սարգսյան: Սակայն նրանից մեծ գումարներ են պահանջել, մասնավորապես Հովիկ Աբրահամյանը 150 հազար դոլար նվիրատվություն է խնդրել «Արտաշատի եկեղեցու գմբեթի կառուցման համար»։ Ջաբրայանը խոսել է նաեւ 2015-ին՝ իր կողմից բանակին նվիրված դիզվառելիքը յուրացնելու մասին։ Սակայն ոչ մի մակարդակում նրան չեն լսել, եւ հարցերը չեն լուծվել։ Իսկ 2016 թվականին կանադական Dundy Precious Metals ընկերությունը վաճառել է Կապանի լեռնահարստացման կոմբինատը ռուսաստանյան Polymetal ընկերությանը։ Մենք հարցեր ուղղեցինք Հրաչ Ջաբրայանին։

- Դուք երկար տարիներ ղեկավարել եք Կապանի ոսկու հանքը, որն այն ժամանակ պատկանում էր կանադական «Դանդի փրեշս մեթալսին»: Հետո կանադացիները վաճառեցին հանքը ռուսական ընկերությանը, եւ Դուք գնացիք Հայաստանից, մի առիթով էլ խոստովանել էիք, որ Ձեզնից կաշառք ուզելու փորձեր են եղել, եւ չտալու արդյունքում Կապանի կոմբինատը տուգանել են 10 միլիոն դոլարով: Արդյոք ոլորտում այս կոռուպցիան խանգարո՞ւմ էր այն տարիներին արեւմտյան ընկերությունների մուտքին Հայաստան, եւ այսօր այդ խոչընդոտները կարո՞ղ ենք վերացած համարել:

- Ձեր հարցման մեջ նշվածը ոչ բոլորովին է ճիշտ։ Դուք ասում եք՝ կաշառք են ուզել եւ չտալու համար տուգանել են։ Այդպես չի եղել․ տուգանքը գրանցվել է հանքավայրում տեղի ունեցած ստուգումներից հետո, եւ գումար ուզելու հարցը եղել է ամիսներ հետո, երբ փորձում էինք այդ տուգանքի հարցը լուծել։ 
Մեզ համար, այսինքն՝ «Դանդիի» համար, այդ ժամանակ ոչ մի բան չի խանգարել, որ ներդրումներ անենք, չնայած մենք շատ դժվար եւ տհաճ պահեր ենք ապրել իշխանության պահվածքից։ Ինչ կվերաբերի այսօրվա իրավիճակին, ես կարծում եմ, որ ժամանակը ցույց կտա, թե վերացա՞ծ են այդ խնդիրները կամ ոչ։ Բայց որ այս մեկուկես տարվան մեջ էլ մեծածավալ ներդրումներ չեն եղել Հայաստանում, կարծում եմ՝ բավականին բան է ասում։

- Դուք հիմա փորձում եք ներդրումներ բերել նավթի ու գազի որոնողահետախուզական աշխատանքների համար: Բայց նաեւ ասում եք, որ եղած ներդրումների, օրինակ՝ «Լիդիանի»՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը խանգարում է ներդրումներ բերելուն: Որքանո՞վ է սուր այդ խնդիրը: Ի՞նչ կասեք այդ մասին։

- Որպես ներդրող՝ շատ մտահոգիչ է, եթե մի ընկերություն Հայաստանում ներդրած է 400 միլիոն դոլարից ավելի՝ բոլորն օրենքի սահմաններում։ Աշխատելով միջազգային ամենաբարձր մակարդակով, ստանդարտներով, եւ այսօր մեկուկես տարի է՝ անօրինականորեն շրջափակման մեջ է, ուրեմն Հայաստանի մեջ օրենք չի գործում, եւ ո՛չ պետությունը, ո՛չ իշխանությունը եւ ո՛չ էլ ՀՀ օրենքը չեն երաշխավորում ներդրողի իրավունքները։ Եվ, բնականաբար, սա պատճառ է, որ ներդրողը խուսափի գումարը Հայաստան ներբերելուց։ Մեր պահով ես հստակ կարող եմ ասել՝ մինչեւ ներկա իրավիճակն օրինական լուծում չստանա, մենք չենք կարող մեր բաժնետերերի տրամադրած գումարները ներդրել Հայաստանում։ Եվ կարծում եմ՝ բոլոր մեծ գումարային ներդրումները դեպի Հայաստան կասեցված պիտի տեսնեք մինչեւ Ամուլսարի հարցի լուծումը։

- Ներդրողները վստահո՞ւմ են Հայաստանի նոր կառավարությանը: Ներդրումների ոլորտում այս ընթացքում ի՞նչ սխալներ է արել Հայաստանի նոր իշխանությունը:

- Չգիտեմ՝ եթե վստահության հարց կա, բայց հաստատ անփորձության հարց կա, այսինքն՝ գոնե մեր գործերով ես զարմացած եմ որոշ նախարարությունների ոչ մասնագիտական աշխատելաոճի վրա։ Այս մեկը քննադատական չէ, բայց ներդրողի հետ, ներդրող, որ միջազգային բարձր բիզնեսի փորձ ունի, պետք է աշխատել բարձրագույն միջազգային ստանդարտներով․․․ հույով եմ՝ մի օր դա կտեսնենք Հայաստանի մեջ․․․

- Դուք երկար տարիների փորձ ունեք հանքարդյունաբերության ոլորտում, հիմա էլ նավթի ու գազի որոնման աշխատանքներ եք սկսել, բնականաբար՝ հանքարդյունաբերության կողմնակից եք, չե՞ք կիսում մարդկանց բնապահպանական մտահոգությունները: Ի՞նչ լուծումներ եք տեսնում այդտեղ։

- Հստակեցնեմ՝ ես պատասխանատու հանքարդյունաբերության կողմնակից եմ, որովհետեւ իրական հանքարդյունաբերողը աշխարհի ամենամեծ բնապահպանն ինքն է․․․ պետք է հասկանալ, որ բնապահպանությունը մասնագիտություն է, ամեն ցուցարար, որ ինքզինքը ներկայացնում է որպես բնապահպան, ես այդ չեմ ընդունում։ Անոնք ակտիվիստներ են, ոմանք՝ իսկական, ոմանք էլ․․․, բայց ըսել, որ անոնք բնապահպան են, վիրավորական է։ Արդյոք ամեն «բժիշկ եմ» ասողը բժի՞շկ է․․․ եթե հանքերը պատասխանատվորեն պիտի չաշխատեն, ուրեմն պետք չէ աշխատեն, բայց երբ մի ընկերություն ունի միջազգային բարձրագույն մակարդակի բնապահպանական դրական եզրակացություն, որը համապատասխանում է աշխարհի բարձրագույն ստանդարտներին, այդ ընկերությունը, միանշանակ, պիտի աշխատի։ Անկախ նրանից, թե չհասկացող մարդիկ ինչ կասեն, աշխարհը հանքարդյունաբերության կարիք ունի, բոլոր ոլորտները հիմնված են հանքարդյունաբերության բարիքների վրա։ Սա իմ կարծիքը չէ միայն, այլ մասնագիտական գնահատական է․․․
Լուծումների հետ կապված պետք է ասել, որ շատ պարզ է՝ եթե Հայաստանն օրենքի երկիր է, եւ եթե տվյալ ընկերությունը միջազգային բարձրագույն փորձաքննության դրական եզրակացությունն ունի, այստեղ ակտիվիստները պիտի հասկանան, որ բնական պաշարները ստեղծված են շահագործման համար։ Այսինքն հստակ ասեմ՝ եթե «Լիդիանը», վաղը, մյուս օրը ուրիշ մեկը, մեկ է՝ գալու է եւ այդ պաշարները հանելու է, տարբերակ չկա, այս է աշխարհի առաջխաղացման օրենքը։ Ուղղակի ես կնախընտրեմ՝ հանքավայրը մշակողը լինի պատասխանատու միջազգային թափանցիկ ընկերություն, ինչպես «Լիդիանը»։ Գիտեք, հաճախ կարդում եմ՝ «Ոչ մեկ հանք» կամ՝ «Ամուլսարը սար է մնալու»։ Սա նվազագույնը հետամնացություն է, անկախ մարդկանց անձնական հոգեբանությունից։ Աշխարհը գնում է առաջ հանքարդյունաբերությամբ, օրինակ՝ Կանադայի միայն 3 մարզերի մեջ 2019-2020 տարիներին շահագործման կհանձնվեն 13 նոր հանքավայրեր, որոնցից 12-ը ոսկու հանքեր են, 1-ը՝ լիդիումի, եւ, անշուշտ, Կանադան աշխարհի ամենազարգացած եւ հարուստ երկրներից է, որի հատկանշական մասը՝ հանքարդյունաբերության շնորհիվ։ Նաեւ հիշեցնեմ, որ մեր հարեւան թշնամին ամեն տարի արտահանում է 20 միլիարդ դոլարի բնական պաշար իր երկրից, եւ այդ գումարի ազդեցիկ մի մաս ծախսվում է մեր թշնամի բանակը զինելու վրա․․․ մտածելու տեղիք կուտա․․․

- Մի առիթով ասել եք, որ բնապահպանների աղմուկը Հայաստանում լավագույն հանքերի դեմ է, օրինակ՝ հենց որ կանադացիները վաճառեցին հանքը, Կապանում աղմուկը դադարեց: Ինչո՞ւ է այդպես, Ձեր կարծիքով:  

- Կապանում ակտիվիստ կար, որ հաճախակի գրում էր մեր դեմ, նույնիսկ նամակներ էր ուղարկում Կանադա, մեր սեփականատիրոջը, ինչպես նաեւ միջազգային հանքարդյունաբերության պատասխանատու մարմիններին՝ բողոքելով հանքի մասին։ Հետաքրքիր էր ինձ համար, որ այս մարդը, որ ճանաչված էր որպես հակահանքարդյունաբերական ակտիվիստ, ինչի մեզնից առաջ չէր գրում։ Ստուգեցինք, եւ պարզվեց, որ 2 բնակարան է ունեցել Կապանում եւ ամսական 2 հազար 400 դոլարով վարձով է տված եղել այս բնակարանները մեր ընկերությանը, երեւակայեցեք սա ինչ գումար է․․․ Համաձայնություն ուներ նախկին տնօրենի հետ, որ եթե այս գումարը վճարեն, ինքը ոչ մի բան չի գրելու հանքի դեմ, ես անձամբ խզեցի այդ պայմանագիրը, եւ ինքն անցավ ակտիվիզմի՝ մեր դեմ, եւ տարիներ շարունակ գրեց մեր դեմ։ Երբ մենք վաճառեցինք հանքավայրը, հանկարծ տեսանք՝ այս անձը դադարեց գրելուց, պարզվեց՝ աշխատանքի է ընդունվել հանքավայր՝ նոր տնօրինության կողմից լավ աշխատավարձով․․․ մնացածը թողնեմ Ձեր եզրակացությանը։