Եկամուտների 94 տոկոսը 2020-ին գոյանալու է հարկային մուտքերի հաշվին

Եկամուտների 94 տոկոսը 2020-ին գոյանալու է հարկային մուտքերի հաշվին

Կառավարությունը հոկտեմբերի սկզբին հավանություն տվեց «2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով նախատեսվում է, որ եկող տարի աճելու են թե՛ բյուջեի եկամուտները, թե՛ ծախսերը, թե՛ պակասուրդը՝ դեֆիցիտը։ Իշխանական շարքերում «տպավորիչ ու աննախադեպ» են որակում երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը։

Այն առաջիկայում կներկայացվի ԱԺ, մինչեւ դեկտեմբերի վերջը կընդունվի եւ ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից։ Ըստ նախագծի՝ 2020 թ․ բյուջեն եկամուտների գծով կազմում է 1 տրլն 697.6 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 1 տրլն 880.2 մլրդ դրամ։ Ու քանի որ ծախսերն ավելի շատ են, քան եկամուտները, հետեւաբար, բյուջեն դեֆիցիտային է, ինչպես եղել է նախորդ տարիներին։ 2020 թվականի դեֆիցիտը պլանավորված է 182.6 մլրդ դրամ:

Համեմատենք․ 2019-ի բյուջեն կազմում էր 1 տրիլիոն 496 մլրդ, 2018–ինը` 1 տրիլիոն 308 մլրդ, 2017-ինը` 1 տրիլիոն 210 մլրդ դրամ։ 2020-ի բյուջեն Հայաստանի պատմության ամենամեծ բյուջեն է, իսկ որտեղի՞ց է կառավարությունը շուրջ 200 մլրդ ավել գումար գտել․ զրուցեցինք տնտեսագիտության դոկտոր Ատոմ Մարգարյանի հետ։

- Իշխանությունը համարում է, որ տպավորիչ բյուջե են կազմել, շեշտակի աճել են եկամուտները։ Ինչպիսի՞ն է, Ձեր բնութագրմամբ, բյուջե-2020-ը։

- Այո, բոլոր կոմպոնենտներով աճել են, դեֆիցիտն աճել է մոտ 31 մլրդ-ով, այս ծրագրված 151 դեֆիցիտի փոխարեն 46 մլրդ է լինելու, որովհետեւ ծախսերի մի զգալի մասը, իրենց իսկ կանխատեսումներով, թերակատարվելու են, որովհետեւ կան խնդիրներ հատկապես կապիտալ շինարարության, ճանապարհաշինության, պետական գնումների, մի շարք այլ ուղղությունների գծով թերակատարումներ են լինելու, եւ այս իմաստով, այո, դեֆիցիտը ծրագրվածից շատ ցածր է լինելու․ 1.6 տոկոսի փոխարեն՝ 0.6։ Հաջորդ տարվա համար 2.6 տոկոս դեֆիցիտ է ծրագրված, որը կայունության սահմաններում է, 3 տոկոսն է համարվում կայունության «առաստաղը»։

- Ըստ նախագծի՝ եկող տարվա դեֆիցիտը նախատեսվում է լրացնել հիմնականում ներքին աղբյուրների հաշվին, սա նշանակում է, որ ներքին պետական պա՞րտքն է աճելու։ 

- Արտաքին աղբյուրներից նույնպես միջոցներ ներգրավվելու են, բայց, այո, ծանրության կենտրոնը պետական պարտքի տեղափոխվում է ներքին պարտքի, աղբյուրների ներգրավման վրա։ Դեֆիցիտի մեծ մասը, փաստորեն, փակվելու է պետական պարտատոմսերի թողարկման եւ վերաբաշխման միջոցով։ Մի կողմից սա լավ է, բայց, բոլոր դեպքերում, ինչ-որ տեղ ավանտյուրա է հիշեցնում, քանի որ չի կարելի այդ գործիքը չարաշահել։ Երեւի թե օրենսդրական փոփոխությունների պահանջ կա, եւ այդ քվոտան ինչքանո՞վ պետք է ներքին պարտքը դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր օգտագործել կարճ ժամկետի հատվածում․ երկարաժամկետ հատվածում դա լուրջ խնդիրներ կարող է ստեղծել, գնաճային լուրջ ճնշումներ առաջացնել, որովհետեւ կառավարությունները, որպես կանոն, այդպիսի գայթակղություն ունեն՝ այսօր պարտքը վերցնել, իսկ վաղը, չէ մյուս օրը պարտքը փակելու համար դիմել տպող մեքենայի, իսկ դա գնաճային ռիսկեր կարող է առաջացնել։
Արտաքին եւ ներքին աղբյուրներից ֆինանսավորման ռեժիմները տարբեր են։ Երբ դուք դրսից եք վերցնում, ձեզանից պահանջում են ծրագիր՝ նպատակային ծրագրեր։ Բնականաբար, արտաքին աղբյուրներից վարկավորումն ավելի նպատակահարմար է, խոսքը եվրոբոնդերի շուկայի մասին չէ, որ կառավարությունն այս տարվա համար այդ տրյուկն արեց։ 

- Իսկ նախատեսվող տնտեսական աճի մասին ի՞նչ կասեք։

- Հիմնական ակնկալիքները կապված են եկող տարվա տնտեսական աճի հետ, որը, մեղմ ասած, բավական համեստ, ոչ հեղափոխական կանխատեսում է։ Ինչու հեղափոխական չէ՝ որովհետեւ աշխարհում ընդհանուր միտումն է նաեւ այդպիսին։ Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը վերանայել են իրենց կանխատեսումները համաշխարհային տնտեսության, նաեւ՝ ռեգիոնալ տնտեսությունների, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ, իջեցրել են։ Երեւի մեր կառավարությունն էլ հաշվի է առել այդ հանգամանքը եւ բյուջետային ուղերձում ավելի համեստ կանխատեսում է դրել՝ 4.9 տոկոս տնտեսական աճ։ Իմ կարծիքով՝ այս համեստ ցուցանիշի կանխատեսման պատճառները մի քանիսն են՝ նախ հիմնական աճի շարժիչները՝ դրայվերները, նախորդ եւ այս տարվա համար եղել են խաղաբիզնեսը՝ կազինո, վիվառո, լոտո, տոտո, ֆուտբոլի աշխարհի առաջնություն եւ այլն։ Այս տարի իներցիայով եւս շարունակվել է։ Բայց կազինոների վրա անվերջ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, ընդհանրապես՝ շահումով խաղերից շահում են միայն կազմակերպիչները, իսկ մարդիկ, ովքեր խաղադրույքներ են անում, երկարաժամկետում, որպես կանոն, տանուլ են տալիս։ Սա աքսիոմա է։ Մյուս գործոնը, որ նախորդ եւ այս տարիներին տնտեսական աճ է ապահովել եւ ակտիվություն մտցրել, ավտոներկրումն է։ Հայաստանը վեր է ածվել ավտոմեքենաների գերեզմանոցի, դա փաստ է․ 10, 15, 20 տարվա հնության պայթած, ջարդուփշուր եղած ավտոմեքենաները ամերիկյան աճուրդների համակարգով ներկրվել են Հայաստան։ Դրանք, ի վերջո, եւ աշխատատեղեր են, քանի որ վերանորոգվում են, մասկիրովկա են արվում, վաճառվում բավական լավ գներով, գնորդներն էլ Ռուսաստանից, Ղազախստանից, ԵԱՏՄ անդամ պետություններից են հիմնականում։ Բայց այդ աճի ռեսուրսը սահմանափակ է, քանի որ 2020 թվականի հունվարի 1-ից այդ պայմանագրահենքով նախատեսված սահմանափակումները մաքսասակագնային կարգավորումների եւ երկրորդ այդ գործոնն էլ է մեջտեղից դուրս գալիս։ Մնում է իրական ռեսուրսների հաշվին, այսպես ասած՝ բնականոն տնտեսական աճին ապավինելը։

- Իսկ իշխանությունը երկնիշ տնտեսական աճ չէ՞ր խոստանում։

- 5 տոկոս միջին աճ, եթե նայեք կառավարության հնգամյա գործունեության ծրագիրը։ Կարծում եմ՝ նորմալ է մեր կարգի երկրների համար, հատկապես հեղափոխական ցնցում տարած երկրի համար, որտեղ նախատեսվում է ինստիտուցիոնալ տրանսֆորմացիա, թալանված ակցիզների վերականգնում, հակակոռուպցիոն կոշտ պրեսինգ տնտեսության վրա, ապաօլիգարխացում, ապամենաշնորհացում։ Այս ամենը տնտեսագետի աչքով նշանակում է կապիտալի մի մասի փախուստ երկրից, մի մասի դուրսբերում շրջանառությունից եւ ներդրումային միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերի սառեցում, ինչը մենք տեսնում ենք։ Ներդրումների մարմրող տեմպերն այդ մասին են խոսում։

Եվ այս պայմաններում աճի շողշողուն ծրագրեր կառուցելը եւ նույն դինամիկայի մեջ տնտեսությունը պահելը շատ բարդ են լինելու։ Այնպես որ՝ նորմալ է, պետք է ոտքը վերմակի չափով ձգել։ Տնտեսական նախատեսվող կամ կանխատեսվող ծրագիրը, ըստ էության, համապատասխանում է մեր իրականությանը, բայց կան նաեւ արտառոց կետեր՝ հատկապես ծախսային մասով։ Արտառոց է հատկապես ռազմական ծախսերի սցենարը, երեք միլիարդ ավելացում է նախատեսում, որը 1 տոկոսից էլ պակաս է։ Ճիշտ է, ուղերձում բացատրություններ չեն տրվում, բայց լավ կլիներ բացել փակագծերը եւ մեկնաբանել։ Ըստ իս՝ ռազմական բյուջեի մի զգալի հատվածը եղել է կոռուպցիայի տիրույթում, եւ կառավարությունն իրատես է գտնվել, այստեղ չարաշահումներ, կոռուպցիոն բացահայտումներ եղել են, ու կարծում եմ՝ կլինեն նաեւ առաջիկայում հատկապես բանակին սննդամթերք, հանդերձանք մատակարարելու մասով։ Այնպես որ, գուցե այս ամենը հաշվի առնելով է, որ կառավարությունը չի նախատեսել ռազմական ծախսերի շոշափելի աճ, այսինքն՝ տնտեսման հաշվին բանակի մատակարարումներն ավելացնել, բայց գումարները բացարձակ առումով չմեծացնել։ Բայց սա դեռ նախագիծ է, առաջիկա քննարկումների ընթացքում կերեւա, թե ինչ փոփոխություններ կկրեն այս ծախսերը։ Մյուսը՝ սոցիալական ոլորտի, հատկապես աշխատավարձերի մասով, ճիշտ է, շոշափելի աճ չկա․ թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորի աշխատավարձերի համահարթ եկամտահարկի հարկման հետեւանքով որոշակի իրական աշխատավարձերի աճի մասին է խոսքը։ Իրական աշխատավարձերը կարող են չաճել, բայց անվանական եկամտային հարկի վճարումները բյուջե, փաստորեն, պակասելու են։ Այնպես որ՝ իրական աշխատավարձը բարձրանալու է, որ նայում ենք ընդհանուր աշխատավարձի ֆոնդ հատկացումների մասով։ Ընդհանուր պատկերը սա է։

Եկամուտների 94 տոկոսն էլ գոյանալու է հարկային մուտքերի հաշվին։ Եթե մեկ բառով բնորոշենք՝ բյուջե-2020-ը հուսադրող է։