Ի՞նչ պիտի անի հայկական կողմը․ ի՞նչ է առաջարկում «Պատիվ ունեմ»-ը

Ի՞նչ պիտի անի հայկական կողմը․ ի՞նչ է առաջարկում «Պատիվ ունեմ»-ը

Հայաստանը պիտի բացառի ցանկացած բանակցային ձևաչափ և բովանդակություն, որով հայ-ադրբեջանական հարաբերությունները տարանջատվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից։ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ Ստեփանակերտի հետ բանակցելու է ինտեգրացիայի օրակարգով, ուստի նման բանակցություններն անընդունելի են հայկական կողմի համար։ Այս մասին քիչ առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Ադրբեջանի կազմում չհայտնվելը պետք է հայկական բանակցային կողմի կամիր գիծը լինի։ Այս պնդումները պետք է հստակ սահմանվեն օրենսդրի կողմից՝ որպես բանակցային օրակարգ։ Հայաստանը պիտի  առաջարկի համանախագահ երկրներին, որպեսզի վերջիններս համատեղ կամ սեպարատ վերահաստատեն իրենց դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ բանակցային ժառանգության առանցքային կետերի, մասնավորապես՝ հիմնարար սկզբունքների վերաբերյալ։ Պաշտոնական Երևանը պետք է հրաժարվի Արցախի ապաշրջափակման հարցում կրավորական կեցվածքից, դադարեցնի պաշտոնական խոսույթի մակարդակում մեղավորներ փնտրելու քաղաքականությունը։ Հայաստանը պետք է ակտիվացնի ջանքերը հայ ռազմագերիների վերադարձի համար՝ միջազգային հարթակներում մեր պաշտոնական խոսույթը կառուցելով ոչ թե 33 հոգու՝ իբր պաշտոնական թվի, այլ 198 անհետ կորածների տրամաբանության վրա»,- ասաց Մամիջանյանը։ 

«Պաշտոնական Երևանը պետք է հրատապ վերսկսի բանակցությունները ՀԱՊԿ-ի հետ՝ փոխօգնության փաթեթի տրամադրման հարցում։ Հայաստանը պետք է փորձեր կատարի վերակենդանացնելու սահմանային միջադեպերի վերահսկման մեխանիզմների ներդրման վերաբերյալ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի՝ 2016 թվականի պայմանավորվածությունները, որոնք մսխվեցին 2018-20 թվականներին դիվանագիտության հետևանքով։ Արտաքին քաղաքականության նման ճակատագրական սխալներ գրանցած հիմնական բանակցողը չի կարող շարունակել իր պաշտոնավարումը։ Դուք արդեն իսկ անդառնալի վնաս եք հասցրել բանակցային գործընթացին՝ ամենօրյա աղետաբեր գործունեությամբ, որի գագաթնակետը եղավ Պրահայի հայտարարությունը, որով բանակցային գործընթացի մաս դարձավ Ալմաթայի հռչակագիրը, որը միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ առնչություն չի կարող ունենալ այդ ժամանակ արդեն իսկ Անկախության հանրաքվե իրականացրած Արցախի հետ»,- հավելեց նա։