Առաջին դասարանցիների հայտագրումը հարթ չէ, ինչպես նշում է ԿԳՄՍՆ-ն

Առաջին դասարանցիների հայտագրումը հարթ չէ, ինչպես նշում է ԿԳՄՍՆ-ն

ՀՀ պետական բոլոր հանրակրթական դպրոցներում այս տարի առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով։ Հունիսի 1-ից, ժամը 9։00-ից hayt.emis.am կայքում մեկնարկել է բուն հայտագրման գործընթացը։ Քանի որ այս տարի սահմանվել է առաջնահերթություն, հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում կարող են հերթագրվել նախեւառաջ այն հայտատուները, երբ 1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, եւ երբ 1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր:

Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը՝ այս պահի դրությամբ արդեն հայտագրվել է 4 հազար 745 առաջին դասարանցի։ «Հայտագրումն ընթացել է հարթ, տեխնիկական խնդիրներ չեն առաջացել»,- ընդգծել է ԿԳՄՍՆ-ն։

Այս մասով, սակայն, դպրոցների ուսուցիչները եւ այս օրերին աշխատող ադմինիստրատիվ կազմն առարկություններ ունեն։ Ըստ այդմ, ո՛չ հայտագրումն է հարթ անցնում, ո՛չ էլ տեխնիկական խնդիրներն են պակաս։ Մասնավորապես, նախարարության կողմից պատրաստված տեղեկատվական հոլովակները, որոնք պատմում են դիմելու կարգի մասին, չեն տալիս ամբողջական ինֆորմացիա։ «Գրանցվելուց հետո դիմումը դարձել է օնլայն, բայց այդ մասին ոչ մեկը չգիտի, այդ թվում՝ ծնողները, որ անընդհատ զանգահարում են դպրոց, եւ որոնց անընդհատ բացատրում ենք, որ պետք է այս-այս քայլերն էլ անեն, որ  իրենց դիմումը հաստատվի»,- մեզ հետ զրույցում նշեց դպրոցի մանկավարժներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ։  

Առաջին դասարանցիների դեպքում, առցանց գրանցումից բացի, կա փաստաթղթերի մի ողջ ցանկ, որը ծնողը պետք է ներկայացնի դպրոց, ինչը համաճարակի այս օրերին անհարմարություն է եւ վտանգավոր բոլոր առումներով. «Քանի որ հիմա փաստաթղթերը վերցնելը վտանգավոր է, ԿՏԱԿ-ի աշխատակիցներն ասում են՝ առայժմ մի ընդունեք փաստաթղթերը, սպասեք, բայց քիչ առաջ էլ եկել է կարգադրություն, որ ծնողներից վերցրեք այս-այս փաստաթղթերը, որոնց մեջ կա դիմում՝ ուղղված տնօրենին, 2 լուսանկար, ծնողի անձնագիրը, երեխայի ծննդյան վկայականը, երեխայի սոցքարտը, հաշվառման տեղեկանք, որը ոստիկանության անձնագրայինից են վերցնում եւ որը կարող է ոստիկանությունն ուղարկել դպրոցներ՝ անելով դա օնլայն տարբերակով։ Ու այս հսկայական ցանկի տակ գրված է, որ հորդորում ենք առաջին դասարանի աշակերտների փաստաթղթերի ընդունումը կազմակերպել պարետատան ցուցումներին համապատասխան՝ յուրաքանչյուրի համար սահմանելով հստակ ժամ՝ բացառելով կուտակումները եւ շփումները:

Բայց սա անհնար է կազմակերպել անծանոթ մարդու հետ, որի ո՛չ հեռախոսահամարն ունես, ո՛չ էլ կարող ես կապ հաստատել նրա հետ եւ ասել՝ դու այս ժամին արի, որպեսզի կուտակումները բացառենք։ Այն դեպքում, երբ ԿՏԱԿ-ի կայքէջում կարող են մի գործիք ավելացնել, եւ ծնողը պահանջվող փաստաթղթերն անձամբ ներկայացնելու փոխարեն դրանք նկարի եւ կցի հայտին։ Դպրոցում էլ դրանք փրինթ կանեն ու կկազմեն ամբողջական փաթեթը։ Այսինքն, բոլորովին կարիք չկա, որ այդ թղթերը ծնողը բերի դպրոց, որովհետեւ այդ թղթերի հետ էլ նույն վիրուսը կարող է փոխանցվել, էլ չասեմ, որ վարակակիրը կարող է դու լինես եւ շփվելով այդ մարդկանց հետ՝ նրանց վարակես։ Կամ լավ կլիներ, որ վերցնելուց առաջ գոնե ասեին մեթոդը եւ միջոցը։ Եթե դպրոցն ասաց՝ ծնողներ, արդեն ընդունում ենք փաստաթղթերը, պարզ է, որ բոլորը միանգամից գալու են լցվեն դպրոցները, եւ այդ ժամանակ խոսել հակահամաճարակային կանոնները պահելուց՝ ավելորդ է»։

Դպրոցներում հատկապես ադմինիստրատիվ կազմն անորոշ վիճակում է, չնայած դրան՝ ամեն օր գնում են դպրոց եւ սպասում նոր ցուցումների, որոնք ուշանում են․ «Ծնողը գալիս է դպրոց, ու մենք նրան ասում ենք, որ հիմա չենք կարող փաստաթղթեր ընդունել, որովհետեւ դեռ ցուցում չկա։ Հետո՝ ծնողն էլ որ գալիս է, մենակ չի գալիս, գալիս է երեխաների հետ կամ հոր, մոր, տատիկի, մորքուրի ուղեկցությամբ։ Գալուց էլ չեն գալիս միայն թղթերը հանձնում ու գնում, ամեն մեկը նույն հարցն իր ձեւով է տալիս ու բացատրություն պահանջում, ինչը կարող է շատ երկար տեւել եւ խախտել սահմանված ժամանակացույցը»։

Երեխաների՝ դպրոցից դպրոց տեղափոխության հարցերը նույնպես շատ հեշտ է կարգավորել ԿՏԱԿ-ի միջոցով, առանց փաստաթղթերը դպրոցից դպրոց տանելու, բայց քանի որ այս շրջանում նման երեխաները քիչ են, ապա այս խնդիրն այդքան անհարմարություն չի պատճառում դպրոցներին, որքան առաջին դասարանցիների ընդունելության մինչեւ վերջ չհստակեցված կարգը։

«Հայտարարություն է արվել, որ գրանցվելուց 15 օրվա ընթացքում, եթե փաստաթղթերը չես ներկայացնում, հայտը ջնջվում է, հիմա ծնողները, դա լսելով, գալիս են դպրոց, որպեսզի իմանան՝ ինչ է լինելու 15 օր հետո, դպրոցն էլ նրանց տուն է ուղարկում՝ ասելով, որ դեռ ցուցում չկա։ Բայց եթե ասում ես՝ 15 օրվա մեջ, ուրեմն սահմանիր ձեւ, ընթացակարգ, կոնկրետ մեթոդաբանություն, որ նման խնդիրներ չառաջանան»։  

Թղթաբանական խնդիրներից զատ, պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ ոչ բոլորն ունեն համակարգիչ, հեռախոս եւ կարող են իրենց հայտն առցանց լրացնել, ու քանի որ դպրոցն էլ իրավունք չունի աշակերտին հայտագրելու, հասարակության մի որոշակի շերտ մնում է օդից կախված վիճակում։

Վկայականների հանձնման գործընթացը եւս կիսատ է մնացել շատ դպրոցներում, որովհետեւ նախօրեին 6 դպրոցների նկատողություն է տրվել՝ պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնները պատշաճ չպահպանելու համար․ «Երեկ՝ «Ազատության» տեսանյութում նախարարը դպրոցի տնօրենին ասում է՝ թող դասղեկը տանի բաժանի ատեստատները, բայց դա էլ տարբերակ եւ լուծում չէ։ Հետո՝ դա ինչպե՞ս հասկանալ՝ հրահա՞նգ, ցուցո՞ւմ, թե՞ հպանցիկ արված դիտարկում։ Ոչ մի հստակություն չկա, գործն առաջ չի գնում, բայց երեխաներին էլ պետք են այդ վկայականները՝ քոլեջներ եւ ավագ դպրոցներ ընդունվելու համար։ Խնդիրը համակարգային է, եւ այսօր գրեթե բոլոր տեղերում կա փաստաթուղթ ընդունելու խնդիր, որին գումարվել են համաճարակի բերած անհարմարությունները։ Ամեն դպրոց ունի կայքէջ, որոնք բոլորը համակարգվում են ԿՏԱԿ-ի միջոցով, այսինքն՝ այդ ողջ փաստաթղթաշրջանառությունն այսօր կարելի է կազմակերպել այդ մեկ համակարգի միջոցով, որը, սակայն, չի արվում»։