Ալիևը սպառնում է հայերին՝ «լվանալով» միջազգային ԶԼՄ-ների ուղեղները 

Ալիևը սպառնում է հայերին՝ «լվանալով» միջազգային ԶԼՄ-ների ուղեղները 

«Նախկինում՝ 30 տարվա ընթացքում, մեզ վտանգ էր սպառնում Հայաստանից և նրա օկուպացիոն քաղաքականությունից։ Ընդհանուր առմամբ, մենք արդեն հաղթահարել ենք այդ սպառնալիքը։ Բայց, իհարկե, պետք է զգոն լինել, չպետք է մոռանալ անցյալը»։ 

Այդ մասին օկուպացված հայկական Շուշիում ընթացող գլոբալ մեդիաֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով, «ժամանակին Հայաստանն օգտվեց Ադրբեջանում ստեղծված քաոսից և գրավեց հանրապետության տարածքները»․

«Չպետք է մոռանալ, որ չնայած Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի արդյունքներին, այսօր Հայաստանում, նրա հասարակությունում և նույնիսկ կառավարությունում կան որոշակի մարդիկ, որոնք դեռ ապրում են ռեւանշիստական գաղափարներով։

Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Այդ նպատակով ղարաբաղյան պատերազմն ավարտվելուն պես մենք, ցույց տալով մեր մեծ հաղթանակը, անմիջապես սկսեցինք խորը բարեփոխումներ իրականացնել պաշտպանության ոլորտում»,-նշել է Ադրբեջանի ղեկավարը՝ նշելով, որ երկրի այսօր երկրի բանակն ավելի ուժեղ է, քան երեք տարի առաջ։

Հիշեցնենք, որ Շուշիում այսօր՝ հուլիսի 21-ին, մեկնարկել է «Նոր մեդիան չորրորդ արդյունաբերական հեղափոխությունում» գլոբալ մեդիա համաժողովը, որին մասնակցում են 120 լրատվամիջոցներ և ավելի քան 250 հյուրեր՝ 50 երկրներից։