Մեր ուղերձը՝ աշխարհին

Մեր ուղերձը՝ աշխարհին

Այսօր ընդդիմությունը, երկար ընդմիջումից հետո, կրկին հանրահավաք է հրավիրել: Մի կողմից՝ արցախյան վերջին հանրահավաքի տպավորիչ կադրերն ու հայաստանցիներին թասիբի գցող մարդաշատությունն է, մյուս կողմից` այն ոգեւորությունը, որն այդ օրը պատել էր ակտիվ հասարակությանը: Եվ դրան ի հակակշիռ՝ իշխանամետների, իշխանական պնակալեզների եւ հանրային ցասումից սարսափող մեծ խումբ թափթփուկների վախը, հեգնանքը, հակաքարոզչությունը: Սա է մեր իրականությունը, որտեղ կան հայրենասեր եւ դավաճան, իր կյանքը հանուն Հայաստան պետության զոհելու պատրաստ մարդ եւ գերիների ու անհայտ կորածների ծնողներից խաբեությամբ փող կորզող ստահակ:

Բարիկադների մի կողմում Արցախի կորստից խելագարվող եւ մեր պետականության վրա դողացող մարդիկ են, մյուս կողմում՝ իրենց անաշխատ պարգեւավճարները մեր երիտասարդների կյանքից վեր դասող շահամոլները: Մեկը մտածում է, թե ինչ է ստորագրելու Եվրոպային ու Ռուսաստանին հավատարմության երդումներ տվող վարչապետը, եւ սարսափում է Ադրբեջանի հետ կնքվելիք պայմանագրի հետեւանքներից, մյուսը մտածում է, թե ինքն ինչ կշահի, եթե ադրբեջանցիները սկսեն հազարներով Հայաստան ժամանել եւ իր հյուրատան ծառայություններից օգտվել: Իսկ հանրահավաքն ընդամենը ահազանգ է, աշխարհին ուղղված ուղերձ, որ Հայաստանը միայն նիկոլփաշինյաններն ու վահագնալեքսանյանները չեն, ովքեր պատրաստ են Գորիս-Կապան ճանապարհը, Սեւ լիճն ու Ներքին Հանդի հողերը թշնամուն նվիրելուց հետո Այգեպարն ու Մովսեսն էլ հանձնել, Ջերմուկից ու Մեղրիից էլ ինչ-որ մաս զիջել, միայն թե իշխանության մնան: Այս հանրահավաքով հայ մարդն իր վճռականությունն ու պայքարի կամքն է ցուցադրելու: Ասելու է, որ մենք թեեւ վիրավոր ենք ու խոցված, բայց մեր արժանապատվությունը ոչ մեկին չենք զիջելու: