Որտե՞ղ է գրված, որ Դիլանյանը ՍԴ նախագահ է. Էդգար Ղազարյան

Որտե՞ղ է գրված, որ Դիլանյանը ՍԴ նախագահ է. Էդգար Ղազարյան

Մարտի 3-ին ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ստորագրել է Վահագն Խաչատուրյանին 7 տարի ժամկետով ՀՀ նախագահ նշանակելու՝ ԱԺ որոշումը: ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը հեռու գնացող եզրակացություն է արել: Նա համարում է, որ Վահագն Խաչատուրյանի նշանակման վերաբերյալ որոշում կայացնելով, Ազգային ժողովը փաստացի հաստատել է, որ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը և փոխնախագահ Աշոտ Խաչատրյանը յուրացրել են իրենց պաշտոնները: Չէ՞ որ նրանց նշանակման վերաբերյալ անհատական որշումներ չկան: Փաստորեն, նախագահի վերաբերյալ որոշում կա, վարչապետի նշանակման վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագիր կա, բոլոր նախարարների նշանակումների վերաբերյալ՝ կան, ԿԸՀ-ն որոշումներ ունի բոլոր պատգամավորներին անհատապես պատգամավոր ընտրելու վերաբերյալ, բայց այս երկու պաշտոնյաների վերաբերյալ որոշումներ չկան: 

«Ազգային ժողովը ընդունել է որոշում, փոխնախագահ Արշակյանը ստորագրել է: ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ է ընտրել, չ՞է, ՀՀ Նախագահին, բայց այդ որոշումն ունի համար, անուն և ամսաթիվ և կոնկրետ մարդու վերաբերող իրավական ակտ է: Երբ որ ԱԺ-ն նույն ձևով՝ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է ՍԴ նախագահին, կամ փոխնախագահին, նրանց վերաբերյալ նման որոշում չի կայացրել», - ասում է Էդգար Ղազարյանը: 

- Հիշեցրեք, ինչո՞ւ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի հետ կապված որոշում չեն կայացրել: 

- Որովհետև Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու որոշում էլ չի եղել: Դատավոր Հրայր Թովմասյանի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ ես մտնեմ պատասխանատվության տակ, վաղը- մյուս օրը ինձ հարցնելու են՝ դուք դատարանի նախագահ եք ընտրել, որոշում եք կայացրել, բայց որտե՞ղ է գրված, որ գործող նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարել են: Սահմանադրական փոփոխություն արեցին, ու Հրայր Թովմասյանին ասեցին՝ մի արի գործի: Բայց ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ անհատական որոշում դատարանը չի կայացրել: Երկու ամիս աշխատանքային նիստ չէր լինում, որ կայացնեին, ճգնաժամ էր առաջացել: Հիմա ստացվում է, որ Արման Դիլանյանն ինքնահռչակվել է: Երբ որ Աշոտ Խաչատրյանը ընտրվեց ՍԴ փոխնախագահ, դիտավորյալ արդեն որոշում չկայացրեցին, որովհետև եթե կայացվեր, կստացվեր, որ Արման Դիլանյանն է ոչ լեգիտիմ: Բայց իրականում ՍԴ-ն պետք է ինքն իր նախադեպի վրա հիմնվի: Իսկ ասենք, Վոլոդյա Հովհաննիսյանը 2018 թվականին ընտրվել է ՍԴ փոխնախագահ, և որոշում կա դրա վերաբերյալ: Հիմա հարց է առաջանում՝ եթե Վոլոդյա Հովհաննիսյանի վերաբերյալ դատարանը որոշում է կայացրել, Աշոտ Խաչատրյանի վերաբերյալ ինչո՞ւ չի կայացրել: Ստացվում է, նա այդ պաշտոնը զբաղեցնելու իրավական հիմք չունի: 

- Ստացվում է, որ Ձեզ էլ են ապօրինի գործից ազատե՞լ, եթե ազատողը ՍԴ նախագահ չի: 

- Երբ որ ինձ աշխատանքից ազատեցին՝ ՍԴ-ից, ես՝ գիտեք, դիմեցի դատարան: Դատավորին ասում եմ՝ ինձ Արման Դիլանյանն է հանել, չէ՞: Ինքը ՍԴ նախագա՞հ էր, որ հանել է:  Որտե՞ղ է գրված, որ Դիլանյանը ՍԴ նախագահ է: