Մեր գրասենյակները ընտրություններից հետո չեն փակվել. Արման Աբովյան 

Մեր գրասենյակները ընտրություններից հետո չեն փակվել. Արման Աբովյան 

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կուսակցաշինական շատ ակտիվ աշխատանքների մեջ է։ Բավականին ակտիվ, մանավանդ` մարզային գրասենյակների, կանանց խորհուրդների, երիտասարդական թևի աշխատանքներով»,- այս մասին «Հրապարակի» հետ հեռախոսազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Աբովյանը նշեց նաև, որ վերջերս Գյումրիում ձևավորվել է կանանց խորհուրդ, և ընտրվել խորհրդի ղեկավար կազմ։ «Բացի դրանից, ամբողջ Հայաստանում մեր գրասենյակներում տեղի են ունենում թե՛ կուսակցականների հետ հանդիպումներ, թե՛ առհասարակ քննարկվում են բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած են ոչ միայն համապետական մակարդակով, այլ նաև՝ տեղային։ Մենք միշտ շատ մեծ ուշադրություն ենք դարձնում մարզային գործունեության վրա»։

Ըստ խմբակցության քարտուղարի` աշխատանքները բոլոր ուղղություններով էլ ակտիվ են, իրենց համար այս կամ այն ուղղությունը չի ընտրվում որպես գերակա։ «Կարևոր եմ համարում ընդգծել այն, որ մենք ընտրություններից անմիջապես հետո հայտարարեցինք, որ պետք է ծառայենք ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հայ ազգի, Հայաստանի։ Կարևոր չէ՝ ունենք մանդատ կամ ինչ-որ պետական լիազորություններ։ Մենք պատասխանատու կուսակցություն ենք, և այդ պարագայում ուզում եմ ընդգծել, որ մեր գրասենյակները չենք փակել։ Ասեմ ավելին՝ ավելի ընդլայնվեց մեր աշխատանքային ճակատը»։

Խմբակցության քարտուղարը նշեց նաև, որ նպատակային և կարևոր են համարում երիտասարդական շարժմանը մեծ ուշադրություն դարձնելը։ «Բացի դրանից, մշտապես կուսակցության ներսում ինչպես գործել են, այնպես էլ գործում են այն բլոկները, որոնք վերլուծում են թե քաղաքական, թե տնտեսական, թե սոցիալական հարցերը, և ըստ այդմ էլ համակարգված ընթանում են աշխատանքները»: