Հաստատուն քայլերով դեպի նուրսուլթանացում

Հաստատուն քայլերով դեպի նուրսուլթանացում

2020-ից «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունում հասունանում էր ներկուսակցական ճգնաժամ, որի հանգուցալուծումը տալու նպատակով կուսակցության նախագահը հրաժարականի դիմում ներկայացրեց քաղաքական խորհրդին, ինչը մերժվեց, եւ հարցը տեղափոխվեց կուսակցության համագումար, որին խոչընդոտեց կորոնավիրուսային համավարակը, իսկ ավելի ուշ՝ պատերազմը։

Կուսակցության կառավարման մարմինը՝ քաղաքական խորհուրդը, բաժանվեց գրեթե երեք հավասար մասերի։ Մի մասը Նիկոլի կողմնակիցներն են, որոնց հիմնական արգումենտն է՝ «նախկիններն են մեղավոր, որ խանգարում են իշխանություններին», որով էլ արդարացնում են նրանց անկարողությունները։ Հաջորդ խումբը չեզոք դիրքորոշում ունեցողներն են, որոնք մինչեւ պատերազմն ավելի հակված էին Նիկոլի կողմը։ Երրորդ խումբը, որի կողմնակիցն է նաեւ կուսակցության նախագահը, քննադատում է իշխանությունների անպատասխանատու եւ անլուրջ մոտեցումները, թե՛ պարգեւավճարների, թե՛ կոռուպցիոն համակարգի շարունակելիության, թե՛ տնտեսական մենաշնորհների պահպանման, թե՛ կադրային անհասկանալի ու վտանգավոր քաղաքականության եւ ամենակարեւորը՝ անցյալին իրավաքաղաքական գնահատական տալուց հրաժարվելու եւ անցումային արդարադատություն չկիրառելու մասով, արդյունքում հուսախաբ անելով ժողովրդին։

Պատերազմի աղետալի ելքից հետո իշխանության քննադատությամբ հանդես եկող մասը պահանջում էր Նիկոլի հրաժարականը, բայց մեկ պայմանով՝ նախապես հրապարակվեր արտահերթ ընտրությունների ժամկետը, որպեսզի երկրում կրքերը լիցքաթափվեին։ Ընտրություններին չպետք է մասնակցեր Նիկոլ Փաշինյանը՝ ապահովելով իրական ազատ, թափանցիկ, արդար, լեգիտիմ ընտրության միջոցով իշխանության փոխանցում։
2020-ից կուսակցության նախագահն իր դիրքորոշումը հիմնականում արտահայտել է որպես անձնական կարծիք՝ պահպանելով բարոյական կողմը, չչարաշահելով մեծամասնության իրավունքները։

2022-ի փետրվարի 6-ին կուսակցության նախագահը դիմում է ներկայացրել՝ վերստին նախագահի պարտականությունները վայր դնելու համար՝ միաժամանակ դադարեցնելով կուսակցության քաղաքական խորհրդին իր անդամակցությունը, ինչն ընդունվել է ի գիտություն քաղաքական խորհրդի կողմից։ Մինչեւ կուսակցության համագումարը կուսակցության ղեկավարումը ստանձնում են կուսակցության փոխնախագահները։ Պետք է արձանագրենք, որ կուսակցության նախագահի հրաժարականը պայմանավորված է ոչ այնքան կուսակցության ներքին խնդիրներով, որը հնարավոր էր հաղթահարել համագումարում, ավելին՝ այն խորը արմատներ ունի, մասնավորապես՝ կուսակցությունների քաղաքական գործունեության իրականացման անհնարինությունը։

Քաղաքական դաշտի ասպատակությունը, որը սկիզբ էր առել տասնամյակներ առաջ, ինչը շարունակվում է 2018-ի իշխանափոխությունից հետո, իսկ բացահայտ ձեւեր ընդունեց 2021թ․ հունիսի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանին սպասարկող յուրային եւ հաճախորդ «կուսակցությունների» համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ, իսկ այն կուսակցությունները, որոնք քննադատում են իշխանություններին, ենթարկվում են բլոկադայի՝ զրկվելով լրատվական եւ ֆինանսական հնարավորություններից, եւ լուսանցք մղվում։ Դրանք հիմնականում այն ուժերն են, որոնք մշտապես սկզբունքային դիրքորոշում են ունեցել։ Նիկոլը պայքարը տեղափոխում է քաղաքական հարթությունից դուրս, եւ դա նպատակաուղղված է արվում, ինչի ապացույցն է այն, որ վերջինս ՀԱՊԿ-ի միջոցով Հայաստանը ներքաշեց ՀԱՊԿ-ի տարածքում բեռնապետական համակարգի պահպանման պրոցեսի մեջ, մասնավորապես՝ խեղդելով ղազախ ժողովրդի պոռթկումը Նազարբաեւ բռնապետի դեմ, որով նախադեպ է ստեղծվում եւ կանաչ լույս վառվում առաջիկայում Հայաստանում իշխանության դեմ ժողովրդի հնարավոր ընդվզման դեպքում դրսի ուժեր հրավիրելու եւ ճնշելու համար։

Նիկոլը վաղուց է անցել բոլոր կարմիր գծերը, այդ թվում՝ գերազանցել մերժված Սերժ Սարգսյանին եւ հաստատուն քայլերով ընթանում է նուրսուլթանացման, բռնապետության ուղիով, ինչի լրացուցիչ հաստատումն է 2018-ից հետո իր եւ ուսապարկերի արձանների տեղադրումը հանրապետության ճանապարհաեզրերին։ Դա է վկայում նաեւ Նիկոլի նկարների հայտնվելը պաշտոնատար անձանց աշխատասենյակներում եւ կառավարության նիստերին պարտադրված ոտքի կանգնելն ավանդույթ դարձնելը, համացանցում Նիկոլին վիրավորելու համար քաղաքացիներին քրեական հետապնդումների ենթարկելը։

ՀԳ․ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդում Նիկոլի կողմնակիցները, լինելով փոքրամասնություն, ինձ մեղադրում էին, որ եթե ես քննադատում եմ Նիկոլին, ուրեմն նախկիններին եմ աջակցում, նաեւ հիշեցնում էին, որ նախկինների ժամանակ անընդհատ հալածանքների եմ ենթարկվել, եւ կոնկրետ օրինակ էին բերում՝ 2010-ի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի դիմաց ոստիկանության հովանու ներքո խուժանի հարձակումը մեզ վրա։ Բնականաբար, ես չեմ մոռացել, բայց իրենք մոռացել էին, որ դա նույն Նիկոլ Փաշինյանի առաջադրման՝ ԱԺ լրացուցիչ ընտրությունների ժամանակ էր, եւ քրեական գործերը հարուցվեցին Նիկոլի պատճառով, բայց ոչինչ, որ Նիկոլն ինքն է մոռացել, ավելին՝ իր իշխանության ժամանակ է ԱԱԾ-ն հարձակվում մեզ վրա։

Պետրոս Մակեյան