Իր ստորագրությամբ չորս պրիզիվ է գնացել Արցախ, ուրեմն առաջին ռազմական հանցագործն ինքն է

Իր ստորագրությամբ չորս պրիզիվ է գնացել Արցախ, ուրեմն առաջին ռազմական հանցագործն ինքն է

Ադրբեջանցի զինվորականներն արդենյսօր Բերձորի միջանցքի անցակետից, «Կարմիր խաչի» հովանու ներքո Երևան տեղափոխվող մարդկանց են առևանգում։ «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ ղեկավար Սերոբ Գասպարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ դա ցույց է տալիս, որ Ալիևը կամ հանցավոր համաձայնության է եկել ամբողջ աշխարհի հետ, որովհետև թե Հաագայի դատարանի որոշման վրա թքած ունի, թե՝ Եվրոպայի կոչերի։ Անդրադառնալով Բերձորում տեղադրված ադրբեջանական անցակետում «Կարմիր խաչի» հովանավորությամբ առողջական լուրջ խնդիրներ ունեցող Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը, «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ ղեկավար Սերոբ Գասպարյանն ասում է․

«Դրանք բոլորը կեղծ կոչեր են, որովհետև Ուկրաինայի դեպքում կոչեր չեն անում՝ կոնկրետ գործողություններ են անում, բայց Արցախի դեպքում միայն օդի մեջ կոչեր են հնչեցնում։ Իսկ դրա մեղավորը մեր իշխանություններն են, որովհետև անգործության են մատնված, ոչ մի տեղ չեն դիմում, ոչինչ չեն անում, ավելի շատ թելում են Ադրբեջանի թելը, կատարում են Ալիևի կամքը։ Հիշո՞ւմ եք՝ սկսեց Էյվազլու ասել, ադրբեջանական անուններ կոչել ու այսօր դրանց ամբողջ ՔՊ-ական վերնախավից չես կարողանում Արցախ բառը կորզես»։

«Սև հովազի» ղեկավարը կարծում է, որ իշխանության ներկայացուցիչները վախեցած ու նվաստացած են, իսկ սփյուռքում հայերն ամաչում է այն փաստից, որ հենց սրանք են, որպես իշխանություն, ներկայացնում իրենց։
«Ես հիշեցի 97 թվականին, որ մենք էինք այնտեղից մարդ բերում, որպեսզի փոխանակեինք մեր գերիներին, իսկ այսօր հակառակն է՝ մարդիկ գալիս են, Հայաստանի միջից մարդ են գողանում՝ տանում։ Հայաստանի տարածքում առևանգումները շատանալու են, հաց բերողներին, կամ նույն Վագիֆին որտեղի՞ց տարան՝ Արդբեջանից չեն տարել, մեր հայրենիքից են տարել ու կապ չունի, որ այս իշխանությունները, այս պիղծերը դա անվանում են Ադրբեջանի տարածք։ Հայ ազգը գիտի, որ դա Հայաստան է»,- նշեց վերջինս։

Մեր հարցին, թե արդյոք սա չի՞ վնասում ՄԱԿ-ի միջազգային հեղինակությանը, Գասպարյանն ասաց, իհարկե․ ի՞նչ է նշանակում «Կարմիր խաչի» մեքենայից առևանգումը, իսկ միգուցե սա արվել է ներկա իշխանությունների հետ համաձայնությա՞մբ՝ դա էլ չի բացառում Սերոբ Գասպարյանը։ 
«Մեր իշխանությունները չե՞ն ուզում ՄԱԿ է, ինչ է, «Կարմիր խաչին» կանչել, ասել, այս ի՞նչ արեցիք, ինչի տարաք մեր քաղաքացուն տվեցիք ադրբեջանցուն։ Արե՞լ են նման քայլ, թե՞ իրենց դուխով գլխարկները գլխներին չեն դնում ասեն՝ էս ինչ արիք։ Մի ժամանակ իրենք էին նախկիններին ասում՝ դուք կոշիկ լիզելուց բացի ուրիշ ոչ մի բան չեք արել, այսօր փաստացի տեսնում ենք, որ սրանք կոշիկ են լիզում՝ ուրիշ ոչ մի բան»,-ասաց Գասպարյանը։

Արցախյան պատերազմների մասնակիցը պնդում է, որ այս իշխանությունները Արդբեջանին կհանձնեն նաև Արցախյան բոլոր պատերազմներին որևէ կերպով մասնակցություն ունեցած մարդկանց։

«Ես երկու տարի առաջ եմ ասել այդ մասին։ Աղդամում 60 հազարանոց բերդ է սարքվում, 1990-ականներից սկսած այսօր ճանաչում են Արցախը՝ իրենց լեզվով ասած Ադրբեջանի կազմում ու մեզ մեղադրելու են 90-ականներին օտար պետության տարածքում ռազմական հանցագործություն գործելու համար։ Եթե այդպես լինի, ռազմական հանցագործն այսօր ուղիղ Նիկոլ Փաշինյանն է, որովհետև իր իշխանության օրոք իր ստորագրությամբ չորս պրիզիվ գնացել է Արցախ։ Եթե այդպես լինի, առաջին հոդվածը որպես ռազմական հանցագործ՝ պիտի լինի Նիկոլ Փաշինյանի վրա, ինքը տարել է դրան, որ մեզ են ռազմական հանցագործ ճանաչելու, բայց առաջինն ինքն է։ ՄՈԲ-ը արեց, ուղարկեց, ո՞վ արեց, ինքն էր չէ՞ գլխավոր գերագույն հրամանատարը ուղիղ եթերով կոչ անում՝ հավաքվեք, ձեր սաղավարտներով ու բրոնեժիլետներով հավաքվեք ու գնացեք «օտար երկիր»։ Այն ժամանակ Արցախ էր՝ հիմա օտար երկիր է, հիմա ո՞վ է այդ ռազմական հանցագործը։ Եթե դա Ադրբեջանի տարածքն էր, ինչի մեզ ուղարկեցիր պատերազմելու այնտեղ, մենք երեսուն տարի իմացել ենք, որ դա Հայաստան է, որ դա հայկական հող է, այդ դեպքում ինչի՞ մեզ ուղարկեցիր օտար երկրում պայքարելու, երբ գիտեիր, որ դա օտար երկիր է»։

Հարցին, թե հայկական կողմն ինչպե՞ս պետք է արձագանքեր արդբեջանցիների այս արարքին, Գասպարյանը հիշեցրեց, որ իննսունականներին մեկի փոխարեն երեքին էին բերում և պարտադրում էին փոխանակում:

«Ադրբեջան, Թուրքիա՝ նրանք հասկանում են միայն ուժի լեզուն, ուրիշ ոչինչ, ոչ մի համաձայնություն, ոչ մի խաղաղության պայմանագիր, ոչ մի հանդիպում Եվրոպայում, թե Ռուսաստանում՝ նրանք միայն կհասկանան և խելոք կմնան ուժի լեզվով։ Հին ուխտում՝ Աստվածաշնչում ասվում էր ակռայի դեմ ակռա»։

Իսկ այս շրջանում ամերիկացի ռեփեր Snoop Dog-ին՝ պետության միջոցներով Հայաստան բերելու մասին էլ, Գասպարյանը կարծում է, որ սա ծաղրանք է հայ ազգին ուղղված և դա այն դեպքում, երբ զինվորը կացարան չունի, քնելու տեղ չկա, միայն ատեստացիա անցածների աշխատավարձն են չնչին բարձրացնում՝ 23 միլիոն դոլար ծախսել ինչ որ համերգի վրա․․․

«Սա ծաղրանք է ուղղված մեր ազգին, ինչպես վարչապետ կոչվածի կինը ծաղրում է ամբողջ Արցախին, որ սոված երեխաներ են՝ ինքը ճաշ է եփում իբր սմբուկով, իսկ սմուսինն էլ ծաղրում է՝ բյուջեից 23 միլիոն տալով ինչ-որ երգիչ այստեղ բերելու համար։ Այս ամենի համար պատասխան են տալու իրենք»։