Աշխարհը չի ուզում տեսնել, որովհետև տառապում է գաղութատիրության կարոտախտով

Աշխարհը չի ուզում տեսնել, որովհետև տառապում է գաղութատիրության կարոտախտով

Ռուբեն Վարդանյանը զայրացած ու տարակուած հայտարարել է. «Աշխարհը չի ուզում տեսնել ամենակարևորը՝ սա միայն հումանիտար ճգնաժամ չէ, սա լրջագույն խնդիր է, երբ հարևան պետությունը էթնիկ զտման կամ ցեղասպանության միջոցով փորձում է ամեն ինչ անել, որ Արցախում հայ չապրի»: 

Զարմանք ու տարակուսանք է առաջացնում այն, որ հաջողակ գործարարը, բարեգործը, ի վերջո, մեծ փորձառություն ունեցող անձնավորությունը հիասթափվել է այդ առնչությամբ:
Հավանաբար՝ նա նկատի ունի, այսպես կոչված, զարգացած աշխարհին, որի այլ անվանումը «գաղութատեր աշխարհ» է: «Ինչ-որ» Արցախ ու Հնդկաստան, աֆրիկյան երկրներ, որոնք դարերով գաղութներ են եղել: Որոշները, դե ֆակտո, դեռ այդ կարգավիճակում են: Այս խորապատկերին՝ մեծ հայրենասերն արտահայտում է իր վրդովմունքը՝ գաղութատեր աշխարհի հանդեպ: Ցավալիորեն՝ նա չի գիտակցում, որ իրեն այդ աշխարհը ծաղրի կենթարկի, կասի՝ գաղութատիրությունից լավ բան՝ մեկ էլ գաղութատիրությունն է:

Խորհրդային յոթ տասնամյակում արցախահայերն այդքան էլ չեն զգացել, որ գաղութացված են: 1988-ից սկսեցին անկախության, գաղութատիրությունից ազատագրվելու իրենց պայքարը: Դա կկասեցվեր նշված աշխարհի կողմից, եթե ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժմանը չհաջորդեր ԽՍՀՄ փլուզումը: Ադրբեջանի նկատմամբ ջախջախիչ հաղթանակը չէր լինի. եթե աշխարհը չերազեր մահացած երկրի լիակատար ոչնչացումը: 

Հիմա, արդեն, այդ գործընթացներն անշրջելի են և Ադրբեջանի միջոցով այդ ճիվաղ աշխարհը փորձում է գաղութատիրության վերականգնման պիլոտային ծրագիր իրագործել: Զավեշտալի է, որ մենք աջակցություն ենք խնդրում գաղութատերերի հետնորդներից, ովքեր այդ աշխարհի տերերն են ներկայում…

Այդ նրանց դեսպաններն են, որ չեն կարողանում ազդել Ադրբեջանի վրա՝ իրենց պետություններին համապատասխան զեկույցներ ուղարկելով, չեն կարողանում ապաշրջափակել Արցախը, չեն ուզում նեղացնել Ադրբեջանին: Սարսափելին ու զավեշտալին այն է, որ առանձին անձանց վերապահված է անհրաժեշտ պաշտպանության իրավունքը, մինչդեռ այդպիսի իրավունքով օժտված չէ այդ նույն անձանց համախումբը, այս դեպքում՝ իրեն անկախ հռչակած Արցախի Հանրապետության ժողովուրդը:

Հ.Գ. Պետք է շնորհակալ լինել թուրքերից, որ մի քանի օրում չեն հայաթափել Արցախը: Մի քանի միլիոն փախստականներ ի հայտ եկան սիրիական ճգնաժամի ժամանակ: Թուրքերի համար՝ 120 հազարը ինչ է որ…Բայց, մենք ճիշտ չենք ձևակերպում հիմնախնդիրը: Խնդիրը 120 հազարը չէ, ոչ էլ՝ տարածքը, խնդիրն ավելի մեծ արժեք ունի. խոսքը վերաբերում է մշակութային, հոգևոր ու գաղափարական հարուստ, դարեդար կուտակված ու փոխանցված ժառանգության վերացմանը՝ դրա կրողների հետ միասին: Ի վերջո, խոսքը վերաբերում է նրան, որ մարդու իրավունքներն ի ծնե կամ ժառանգովի չեն, դրանք շնորհվում են գաղութատերերի կողմից, կամ՝ չեն շնորհվում: Փաստորեն՝ արցախահայերին չեն շնորհվել մարդու տարրական իրավունքներ, էլ չասենք՝ հիմնարար…

Դրանք չեն շնորհվել նաև աֆրիկյան, լատինաամերիկյան, ասիական բազմաթիվ ժողովուրդներին: Վերջիններս դրանք նվաճել են՝ անցնելով աննկարագրելի, ոչ մի կերպ նրանց կամքը չկոտրող տառապանքների, զոհողությունների, զրկանքների, ցեղասպանությունների միջով: Մենք էլ ենք անցել նման ուղիներով, սակայն անհասկանալի պատճառներով մինչ օրս չենք հասել այնպիսի հանգրվանի, ինչպիսին հասել են բազում այլ ժողովուրդներ…Ինչո՞ւ: Ցավալիորեն՝ պատասխան փնտրել պետք չէ. մենք գիտենք, թե ինչու: Որպեսզի դուրս գանք այս արատավոր շրջանից, ընդամենը մեկ բան է հարկավոր. ազգային ինքնության ու արժանապատվության գիտակցում:

Գագիկ Վարդանյան