Վարձերի բարձրացումը կբերի ուսանողների թվի կրճատման

Վարձերի բարձրացումը կբերի ուսանողների թվի կրճատման

Մենք արդեն գրել ենք, որ ամիսներ առաջ ԵՊՀ ռեկտորն իր, պրոռեկտորների, աշխատակազմի ղեկավարի աշխատավարձերը կրկնակի եւ ավելի բարձրացրել է, իսկ պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը կբարձրանան միայն 10 տոկոսով, այն էլ՝ սեպտեմբերից։ Բայց աշխատավարձերը բարձրացնելու համար ԵՊՀ-ն մի շարք ֆակուլտետներում նաեւ ուսման վարձը կբարձրացնի։ Ուսման վարձերի բարձրացումները տարբեր ֆակուլտետներում տարբեր են լինելու՝ 25 000-120 000-ի սահմանում։ Նոր «սակագինը» գործելու է սեպտեմբերի 1-ից եւ տարածվելու է միայն առաջին կուրսեցիների վրա։ Ակնհայտ է, որ ուսման վարձերը բարձրացնելուն զուգահեռ, կավելանա նաեւ սոցիալական լարվածությունը, քանի որ այնպես չէ, թե ուսանողների ծնողները վճարունակ են։ Ի դեպ, ԵՊՀ ռեկտորը նկատել էր, որ վարչական մասի (ռեկտոր, պրոռեկտոր) աշխատավարձը բարձրացրել է խնայողությունների եւ կրճատումների հաշվին։ Ինչ վերաբերում է ամբիոնների միավորմանը, ապա հենց իրենց դասախոսների կարծիքով՝ դրանք տեղի են ունենում ավելի շատ մեխանիկական, քան բովանդակային սկզբունքից ելնելով։

ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին, ով շարունակում է դասավանդել ԵՊՀ-ում, մի քանի հարց ուղղեցինք ԵՊՀ նոր քաղաքականության եւ համալսարանի ներսում իրականացվող բարեփոխումների շուրջ, մասնավորապես՝ ինչպե՞ս է գնահատում ամբիոնների միավորման, ուսման վարձերի բարձրացման փաստը։ «Ամբիոնների միավորման խնդիրը մի քիչ լավ վերլուծման կարիք ունի, կան ամբիոններ, որոնք, իհարկե, պետք է միավորվեն, բայց կան ամբիոններ, որոնց միավորումն առանձնապես օգուտ չի բերի»,-ասաց Արամ Սիմոնյանը։

Անդրադառնալով ուսման վարձերի բարձրացմանը՝ Սիմոնյանը նշեց, որ միշտ դեմ է եղել դրան․ «Այսօր էլ, կարծում եմ, դա սխալ է, որովհետեւ վարձերի բարձրացումը կբերի ուսանողական թվի պակասի, որովհետեւ ժողովրդի մի զգալի մասն ունակ չէ բարձր վճարներ վճարելու, եւ դա լուրջ ձեւով վտանգում է մեր կրթական հաստատությունների վաղվա օրը։ Պետք է խելամիտ մոտենալ այս հարցին։ Վարձերը բարձրացնելու համար պետք է լավ վերլուծություն անես, որպեսզի կարողանաս հասկանալ, թե ինչքանով է դա հասարակության կողմից ընդունելի։ Ժամանակին, երբ համալսարանի ղեկավարության մեջ էի, գտնում էի, որ շտապողականություն այս հարցում պետք չէ, բայց կոլեկտիվի մեջ կային մարդիկ, այդ թվում՝ դեկաններ, որոնք պնդում էին հակառակը, երեւի նրանց կարծիքը հաղթանակով է պսակվել․․․ կապրենք՝ կտեսնենք, բայց ես մտավախություն ունեմ, որ վարձերի բարձրացումը կբերի ուսանողական թվի կրճատման»։

Համալսարանն այդ բարձրացումը հիմնավորում է այն փաստով, որ դրա արդյունքում սեպտեմբերից 10 տոկոսով պետք է բարձրանա պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը։ Սիմոնյանը, սակայն, նկատեց․ «Երբ ուսանողը չի գալիս, չի վճարում..., ընդունելության թվերը հիմա չգիտեմ, չեմ տիրապետում, բայց կողքից լսել եմ, որ, այնուամենայնիվ, առայժմ այդ թվերը գոնե համալսարանի համար բարձր չեն, եւ այդտեղ ես վտանգ եմ տեսնում, եթե վերլուծությունը լավ արվեր կամ արվի, հնարավոր է բալանսի բերվի, իսկ եթե վարձերը շատ բարձր եղան, ուսանողներն ուղղակի չեն գա կամ կգնան ուրիշ բուհեր, որտեղ ցածր է վարձը։ Սա վտանգավոր է ոչ միան ԵՊՀ-ի համար, այլեւ ամբողջ բուհական համակարգի համար։ Վարձերի բարձրացումն այսօր լավ ճանապարհ չէ, պետք է դիվերսիֆիկացնել աղբյուրները։ Ես հասկանում եմ, որ համալսարանի ղեկավարության առաջ շատ դժվար խնդիր է, որովհետեւ համալսարանի բյուջեն պետք է լցնել, մյուս կողմից՝ դասախոսական կազմի, աշխատողների աշխատավարձն ընդհանրապես պետք է բարձրացնեն, բայց դա պետք է արվի ճիշտ վերլուծությունից հետո»։ Նախկին ռեկտորը հավելում է, որ հիմա հեռու է վերլուծության լծակներից եւ չի կարող ճշգրիտ ասել՝ ինչ է եղել եւ ինչպես, բայց կարծում է, որ վարձերի շուտափույթ բարձրացումն արդարացված չէ։

«Այդ առումով մտավախություն ունեմ, թեեւ կիսում եմ համալսարանի ղեկավարության կարծիքը, որ պետք է դասախոսների աշխատավարձը բարձրացվի, բայց դա պետք է արվի բալանսավորված»։
Նկատեցինք, որ համալսարանը մինչեւ դասախոսների աշխատավարձը բարձրացնելը գրեթե կրկնակի բարձրացրել է վարչական մասի աշխատավարձը՝ ռեկտոր, պրոռեկտորներ, աշխատակազմի ղեկավար, իսկ աշխատավարձի չափն անցնում է 1 միլիոնի շեմը։ Ճի՞շտ է համարում այս տեսակ մոտեցումը։ «Քանի դեռ դասախոսը ցածր է վարձատրվում, որեւէ պաշտոնյա չի կարող շատ ավելի բարձր աշխատավարձ ունենալ, քան պրոֆեսորը։ Ես գտնում եմ, որ սա հարմար չէ բոլոր տեսանկյուններից, եւ համալսարանի հիմքը, ողնաշարը դասախոսական կազմն է, հատկապես՝ նրա պրոֆեսորը։ Պրոֆեսուրան պետք է կարողանա արժանավայել աշխատավարձ ունենալ, իհարկե՝ մեր պայմանների համեմատ։ Ես բյուջեից տեղյակ չեմ, 4 տարի է՝ արդեն այդ թվերին չեմ տիրապետում, չեմ կարող ասել, թե համալսարանի նոր ղեկավարությունն ինչպես պետք է դա ապահովի՝ աշխատավարձային ֆոնդի քանակը, գուցե ինչ-որ ուղիներ իրենք գիտեն»։

Որպես ուղիներից մեկը՝ ռեկտորը մատնանշել է խնայողությունները, որի հաշվին բարձրացրել է աշխատավարձը․ հետաքրքրվեցինք՝ իր օրոք համալսարանը չունե՞ր խնայողություններ՝ ռեկտորի եւ պրոռեկտորների աշխատավարձ բարձրացնելու համար։ «Կային խնայողություններ, բայց իմ ժամանակ մենք բալանսավորում էինք ծախսերը եւ սարքավորումներ էինք շատ գնում, շինարարություն էինք անում, վերանորոգումներ։ Հիմա էլ է արվում, բայց ես մանրամասներին ու թվերին չեմ տիրապետում։ Ամեն դեպքում՝ առաջին հերթին պետք է մտածել դասախոսական կազմի աշխատավարձերը բարձրացնելու մասին, բոլորն իրավունք ունեն ունենալու արժանապատիվ աշխատավարձ՝ սկսած պահակից, լաբորանտից, վերջացրած ռեկտորով, եւ համեմատական կարգով բոլորին պետք է վերաբերի այդ բարձրացումը»։