«Հրապարակ». Եթե կարողանան 300 հազար ստորագրություն բերել, դա լուրջ թիվ է

«Հրապարակ». Եթե կարողանան 300 հազար ստորագրություն բերել, դա լուրջ թիվ է

Ինչպես հայտնի է, «Հայաքվե» շարժումն Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությամբ է հանդես եկել։ Այդ օրենսդրական նախագծով ծանր պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող խոսքի եւ քայլերի համար։ Շարժման նախաձեռնողները 66 անձ են՝ տարբեր ոլորտներում հայտնի գործիչներ, հանրային դեմքեր, մտավորականներ, որոնք նախագիծն անցկացնելու համար ստորագրահավաք են սկսել։ Առաջին փուլում պետք է 50 հազար ստորագրություն հավաքվի, եթե ԱԺ-ն այն մերժի՝ 300 հազար ստորագրությամբ նախագիծը կարող է դրվել համաժողովրդական հանրաքվեի։

Իշխող թիմում փակագծեր չեն բացում Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագծի վերաբերյալ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ մեր հարցին՝ ինչպե՞ս կվարվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, եթե հազարավոր մարդիկ ստորագրահավաք նախաձեռնեն, եւ նախագիծը բերվի ԱԺ նիստերի օրակարգ, պատասխանեց՝ տեղյակ չէ, թե ինչ նախաձեռնության մասին է խոսքը, երբ նախագիծը լինի խորհրդարանում, կուսումնասիրեն․ «Դուք խոսում եք օրենսդրական նախաձեռնության մասին, իսկ ես օդում, առանց այն ուսումնասիրելու չեմ կարող կարծիք հայտնել, պետք է հասկանալ ձեւակերպումները»։

Փորձեցինք կոնկրետ օրինակով ներկայացնել խնդիրն Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ինքը համաձայնություն է հայտնել Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, մինչդեռ սահմանադրորեն չունի դրա իրավունքը․ հիմա նման դեպքերին հակազդող, քրեական պատիժ սահմանող օրենք են առաջարկում մի խումբ մարդիկ։ «Ես չգիտեմ՝ ինչի մեջ են Նիկոլ Փաշինյանին ուզում հակազդել, դրա համար հարյուրավոր ձեւեր կան՝ թող ընտրեն եւ հակազդեն»,- ասաց Ալեն Սիմոնյանը։ «Խնդրեմ՝ եթե կարողանան 300 հազար ստորագրություն բերել, դա լուրջ թիվ է, երբ գոնե 200 հազար կամ 150 հազար կհավաքեն․․․․ նախագիծը կկարդանք, կմեկնաբանենք»,- թերահավատորեն նետեց ԱԺ նախագահը։

Նկատենք, որ «Հայաքվե» շարժմանը, որը ձեւավորել են մի խումբ հասարակական-քաղաքական գործիչներ, միացել են նաեւ հայտնի իրավաբաններ, սահմանադրագետներ։ Հայտնի է, որ օրենսդրական նախաձեռնությամբ մեր երկրում կարող են հանդես գալ պատգամավորները, կառավարությունը եւ ժողովուրդը՝ 50 հազար անձի մասնակցությամբ։ Բայց այդ նախագիծը կրկին մտնելու է խորհրդարան եւ քվեարկվի։ Մերժվելու դեպքում հանրաքվե անելն է, որի իրականացման համար պահանջվում է հավաքել 300 հազար ստորագրություն։ Արդեն իսկ ընթանում են ստորագրահավաքի նախապատրաստական աշխատանքները․ դիմել են ԿԸՀ՝ ձեւաթուղթ ստանալու համար։
Շարժումն օրենսդրորեն երկու ամիս՝ 60 օր ժամանակ ունի՝ 50 հազար ստորագրություն հավաքելու համար։ Ապա դրանք պետք է ստուգվեն եւ հաստատվեն ԿԸՀ-ի կողմից, եւ օրենսդրական նախագիծը կարող են մտցնել ԱԺ նիստերի օրակարգ։ Եթե ԱԺ-ն նստաշրջանի ընթացքում չի քվեարկում կամ մերժում է, այդ ժամանակ նոր սկսում են 300 հազար ստորագրություն հավաքելու գործընթացը։

Հայաստանի խորհրդարանը դեռեւս 1989 թ. դեկտեմբերի 1-ին է ճանաչել Արցախի ինքնորոշման փաստը, 1992 թ. ԳԽ հուլիսի 8-ի որոշմամբ վերահաստատել է իր դիրքորոշումը, իսկ 1995 թ. հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրության նախաբանում որպես հիմք են ընդունվել Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արցախի ինքնորոշումը։
ՀՀ Սահմանադրության նախաբանը Սահմանադրության այն հազվագյուտ դրույթներից է, որն ընդունման օրվանից որեւէ փոփոխության չի ենթարկվել եւ ընդունվել է քաղաքական ուժերի միջեւ լայն համաձայնության արդյունքում: Մինչդեռ այսօր Նիկոլ Փաշինյանը որոշել է բանավոր խմբագրել թե՛ Սահմանադրությունը, թե՛ պատմական փաստերը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում։

ՔՊ-ական Լիլիթ Ստեփանյանը հակադարձում է՝ ոչ մի նախաձեռնության անհրաժեշտություն էլ չկա․ «Էդ իրենք չէ, որ չպիտի թույլ տան (նկատի ունի Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում՝ Լ․ Շ․), դա ամրագրված է տարբեր իրավական ակտերում»։ Ստեփանյանին հակադարձեցինք՝ ամրագրված է, բայց Փաշինյանին դա չի խանգարում նման որոշում ընդունել, ուստի պետք է քրեական պատիժ սահմանել։ «Երբ նախագիծը կարդամ, մեծ հաճույքով հարցազրույց կտամ, ինձ համար սրտացավ թեմա է»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Գյումրեցի Դավիթ Առուշանյանն էլ հարցը լսելուց հետո հրաժարվեց կարծիք հայտնելուց․ «Ես տեղյակ չեմ։ Էն, ինչը ձեզանից լսում եմ, չեմ կարող մեկնաբանել»։ Նույնն արեց սյունեցի Նարեկ Ղահրամանյանը։