«Հրապարակ». Գույքահարկը չմուծողներին բենզինի կտրոնից զրկում են

«Հրապարակ». Գույքահարկը չմուծողներին բենզինի կտրոնից զրկում են

44-օրյա պատերազմից հետո իշխանություններն Արցախում մի տեսակ բարիացել էին։ Ներում էին բնակիչների վարկերը, ազատում էին մատակարարված խմելու ջրի եւ աղբահանության դիմաց վճարներից, ավտոմեքենաների գույքահարկից։ Այսօր, սակայն, այդ նույն իշխանությունները բնակիչներին կարծես կենցաղային պատերազմ են հայտարարել․ նրանց ֆինանսապես նեղելու մարտավարություն մշակելով եւ քրեական վարույթներ հարուցելու վախի տակ պահելով՝ ստիպում են վճարել վարկերն ու հարկերը, առանց հաշվի առնելու, որ երկարատեւ շրջափակման ու սննդային դեֆիցիտի, գների աճի պայմաններում մարդիկ ուղղակի հյուծված են։ Հաճախ սննդի գումար չունեն։

Օրերս Արցախից մի քանի բողոք ստացանք, որ հարկային մարմինները զանգում ու տեռոր են անում արցախցիներին՝ պահանջելով վճարել ավտոմեքենաների գույքահարկը։ Եթե ի պատասխան լսում են, որ մարդն ի վիճակի չէ վճարել, կտրում են ամսվա համար պետականորեն սահմանված բենզինի չափաբաժինը։ «Ամիսը 15-20 լիտր բենզին էին տալիս ավտոների համար, հիմա դա էլ չեն տալիս, մինչեւ որ ավտոյի գույքահարկը չմուծես։ Այնպես որ՝ հիմա ո՛չ գազ կա, ո՛չ բենզին, ո՛չ էլ  գույքահարկը մուծելու փող»,- մեզ գանգատվեց արցախցի գործարարը։